«Ամեն ինչ քանդելու գինը ո՞րն է… Մեր հանրությունը, անգամ իր 2018թ. հեղափոխական էյֆորիկ իրավիճակում, 2019թ. ԱԺ արտահերթ ընտրություններում, այս իշխանությանը չի տվել մանդատ՝ քանդելու, քայքայելու երկիրը». Կարեն Բեքարյան

Այս երկու տարիների ընթացքում մեր արտաքին քաղաքականության դաշտում գործող իշխանությունների մոտ «մտածել» ֆունկցիայի կոճակն անջատած է, չի գործում այդ ֆունկցիան, կա անընդհատ «խոսելու» ֆունկցիա, բայց չկա մտածելու, ռիսկեր գնահատելու, խնդիրները հասկանալու ֆունկցիա: ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը, այդ թվում՝ արտաքին քաղաքականությանն անդրադառնալով՝ Սաթիկ Սեյրանյանի հետ «Պրեսսինգ» հաղորդաշարում զրույցի ընթացքում ասել է ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

«Մեր ուժը, մեր ռեսուրսը, հնարավորությունը միշտ բավարար է եղել Ադրբեջանին համարժեք պատասխանելու բոլոր ճակատներում՝ առանց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) օգնությունը խնդրելու»,- նախկին պատգամավորը և արտաքին քաղաքական հարցերով վերլուծաբանը, անդրադառնալով հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձերի և մարտական գործողությունների կապակցությամբ ՀՀ իշխանությունների կողմից ՀԱՊԿ-ին դիմելու քայլին՝ հիշեցրել է նախկինում ՀՀ-ի կողմից տարվող արտաքին քաղաքականությունը՝ ասել է վերլուծաբանը: Նրա համոզմամբ՝ ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ-ի հետ խոսելիս չպետք է անդրադառնային Ադրբեջանին՝ հասկանալով, թե ինչպիսին կարող էր լինել արձագանքը: ՀՀ գործող իշխանությունների կողմից ՀԱՊԿ-ի հետ պետք է քննարկման առարկա դառնար Թուրքիայի հարցը՝ հաշվի առնելով տևական ժամանակ Թուրքիայի իշխանությունների կոշտ հայտարարությունները:

«Ունեի՞ր ՀԱՊԿ-ի հետ խոսելու խնդիր, այո՛, ունեիր: Բայց չպետք է Ադրբեջանի հարցը քննարկեիր: Թուրքիան այս օրերին իրեն պահել է այնպես, որ դու եթե ՀԱՊԿ-ի հետ կապված հարց ունեիր, ապա դա պիտի վերաբերեր միայն ու միայն Թուրքիային: Բայց չես արել, չէ՞: Որովհետև, կրկնում եմ՝ այս իշխանությունների մոտ «մտածել» ֆունկցիան կոճակով անջատած է: «Կարդալ» ֆունկցիան, մի փորձ նայել, քրքրել, ինստիտուցիոնալ հիշողությունը դիտարկել՝ այս ֆունցիաները կոճակով անջատած են… Թուրքիայի դեռ առաջին հայտարարությունը նայենք: Մնում է ԺԷԿ-ի պետերը Թուրքիայում հայտարարություն անեն՝ նախագահից սկսած՝ հայտարարություններ են անում… Կառավարություն, ՊՆ, ԱԳՆ, Խորհրդարան: Թուրքիայից եկած առաջին սիգնալների պարագայում արդեն առաջին հարցերից մեկը՝ քո երկրում հավատարմագրված դեսպաններին՝ ՆԱՏՕ-ի, Եվրամիության անդամ, մի հատ հրավիրեիր, ասեիր՝ ընկերներ, արձագանք է ակնկալվում, ՆԱՏՕ՛, քո կառույցի ներկայացուցիչ երկիրն է… Այս ի՞նչ է կատարվում, ի՞նչ ես անում, ի՞նչ ես արել: Ամերիկայի համանախագահի և քո  աշխատանքի ոլորտում Թուրքիայի հարցը պետք է առաջնահերթ ներկայացվեր, որովհետև նրա դաշնակիցն է և ռազմաքաղաքական դաշինքի նույն ներկայացուցիչը: Ռուսաստանի հետ քո աշխատանքում, այս պարագայում ոչ միայն՝ որպես ՀԱՊԿ, այլ հաշվի առնելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները և դրա ողջ իրավական հիմքերը, հաշվի առնելով այն, որ ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի ուղղությամբ…»,- վերլուծաբան Կ. Բեքարյանը թվարկում է այն բոլոր քայլերը, որոնք պետք է արվեին՝ ի պատասխան Թուրքիայի ագրեսիվ և մտահոգիչ հայտարարությունների:

«Ամեն ինչ քանդելու գինը ո՞րն է: Արդյոք դա կարելի՞ է կշեռքի որևէ նժարի վրա դնել այն բանի հետ, որ դու ուզում ես կառուցողակա՞ն թվալ, նորարա՞ր թվալ»,- հարց է ուղղում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Մեր հանրությունը անգամ իր 2018թ. հեղափոխական էյֆորիկ իրավիճակում, հետո արդեն՝ 2019թ. խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ, այս իշխանությանը չի տվել մանդատ՝ քանդելու, քայքայելու երկիրը, նրա անվտանգային և արտաքին քաղաքականությունը, Ղարաբաղյան հիմնահարցի նկատմամբ տարված, տարվող, տարվելիք աշխատանքը և հայեցակարգը, գործընկերների հետ հարաբերություն ավերելը, այդ թվում՝ ռազմավարական գործընկեր դաշնակցի և մնացած գործնկերների հետ: Չի՛ տվել այդ մանդատը, բայց իշխանությունների կողմից իրականում դա է  արվում: Հետևաբար, ելնելով նրանից, թե ինչի համար է խնդրվել մանդատը և ինչի համար է կիրառվում… տարբերությունն այստեղ սուր անկյան տարբերություն չէ, սա ռադիկալ տարբերություն է»:

Անդրադառնալով Տավուշում Ադրբեջանի կողմից սադրանքներին, վերլուծաբանը նշում է՝ ինչպես շատերի մոտ, Ալիևի մոտ ևս կար տպավորություն, որ Հայաստանում այնպիսի իշխանություն է և այնպիսի իրավիճակ, որ կարելի է առիթից օգտվել:

«Տավուշում տեղի ունեցող մարտական գործողությունների այս օրերին հայկական զինուժի կողմից կոշտ հակահարվածից հետո Ադրբեջանը հասկանում է, որ չէ՜, ինչ-որ բան ուրիշ բանի հետ են խառնել… Եվ ես կուզեմ, որ մեր երկրի գործընկերներից ոչ մեկը այդ միտման տակ հանկարծ չընկնի: Մենք ապրում ենք թյուրիմացության շրջան: Այդ թյուրիմացությունը վաղ թե ուշ, կարծում եմ, շատ վաղ ավարտվելու է, և ոչ մեկը չկարծի, որ կարելի է իր իսկ անելիքներից, պարտավորություններից ինչ-որ մի բան պակասեցնել»,- ասում է Կ. Բեքարյանը:

Տեսանյութեր

Լրահոս