Ադրբեջանում հասկանում են, որ Փաշինյանին Մոսկվայում այդքան էլ «ուղիղ» չեն նայում․ Գրիգորի Տրոֆիմչուկ
168.am-ի զրուցակիցն է ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը
– Պարոն Տրոֆիմչուկ, երեկվանից ադրբեջանական կողմը նախ ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով սահմանը խախտելու փորձ էր կատարել, ապա հրետակոծել էր հայկական դիրքերը՝ Տավուշի ուղղությամբ։ Այս միջադեպից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում, և ուշագրավ է, որ սա տեղի է ունենում Ադրբեջանի նախագահի, Պաշտպանության նախարարի և այլ պաշտոնյաների ռազմատենչ հայտարարություններից ու Մնացականյան-Մամեդյարով տեսակոնֆերանսներից հետո։ Հնարավոր է՝ սա վերաճի լայնամասշտաբ օպերացիայի։ Ինչպե՞ս եք գնահատում հակամարտության գոտում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը։
– Այս ամենը հիշեցնում է 2016 թվականի իրադարձությունները և հանդիսանում է դրանց ուղիղ շարունակությունը։ Խնդիրը մի կողմից՝ այն է, որ չորս տարի անց Ադրբեջանն այդպես էլ չտեսավ «հետպատերազմյան» բանակցությունների արդյունքները, մյուս կողմից՝ Ղարաբաղի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի թեզերի շարքը պարբերաբար տագնապեցնում էր Ադրբեջանին՝ նրան պատերազմի հրահրելով։ Ի դեպ, չափազանց կարևոր է շեշտել, որ պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարության գնահատում իրականացնել, նրանք այդպես էլ չկարողացան տալ հստակ պատասխան այն հարցին, թե ով է 2016 թվականի ապրիլի ագրեսիայի հեղինակը։ Հենց այդ պատճառով նրանցից պատասխան չկա նաև այսօր այդ առանցքային հարցին, էլ չասենք իրադարձություններին օպերատիվ արձագանքի բացակայության մասին։ Ֆորմալ ձևակերպումներն այստեղ արդեն պետք չեն։
Ես հարցն ավելի կոնկրետ կձևակերպեի՝ հե՛նց ԵԱՀԿ Մինսկի խմբի պատասխանատվության և հե՛նց դիտորդների։ Չէ՞ որ նրանք պետք է տվյալներ տրամադրեն երկու կողմերից զոհերի թվաքանակի վերաբերյալ, քանի որ իրենք՝ կողմերը, բնականաբար, ներկայացնում են միայն սեփական թվերը, որոնք, մեղմ ասած, կարող են հստակ չլինել։ Հայաստանը տալիս է իրադարձությունների մի պատկեր, Ադրբեջանը՝ մեկ այլ, լիովին հակառակ։ Հայկական կողմը մասնավորապես բաց կերպով ծաղրում է ադրբեջանական «ռազմական ՈւԱԶ»-իկը, բայց ես չեմ կարծում, որ այստեղ սատիրայի ու հումորի առիթ կա։ Ուստի այստեղ առանց արտաքին ու հստակ գնահատականի՝ հնարավոր չէ։
Երկու կողմերի պաշտոնական դեմքերից ռազմատենչ հայտարարություններ մենք տեսել ենք անցյալում ևս, դրանք արդեն համարյա սովորական են դարձել, բայց նրանք չեն այս իրավիճակի պատճառը։ Իրավիճակը սրվում էր հետևողականորեն և կայուն կերպով՝ այն գործոնների պատճառով, որոնց մասին արդեն խոսեցի։ Իրավիճակը մշտապես կանգնած է պատերազմի սահմանին, սա ողբերգություն է շարունակությամբ, քանի որ 2016 թվականի ապրիլին հակամարտությունը միայն սառեցվեց, բայց չչեզոքացվեց հուսալիորեն և վերջնական։ Նիկոլ Փաշինյանի մուտքն իշխանություն միայն ավելացրեց կրակի «վառելափայտը», քանի որ Ադրբեջանը դրանում նաև սեփական հնարավորությունը տեսավ։
– Ներկայումս Ադրբեջանին պատերազմելը ձեռնտո՞ւ է։ Ի՞նչ խնդիրներ կարող է Ադրբեջանը լուծել դրանով։
– Ադրբեջանին պատերազմն արդեն կարող է ձեռնտու լինել միշտ, քանի որ կորցնելու ոչինչ չունի։ Առավել ևս, երբ արտաքին աշխարհում իրավիճակը սրընթաց կերպով վատթարանում է։ Ինքներդ տեսեք՝ գրեթե ողջ ադրբեջանական ժողովուրդը, բոլոր խմբերն ու սոցիալական շերտերը պատերազմ են պահանջում, որպեսզի վերջապես լուծեն Հայաստանի հետ խնդիրը, և նույնիսկ՝ ոչ միայն Ղարաբաղի և դրան հարակից տարածքների հաշվին։ Սա չափազանց անհանգստացնող հանգամանք է։ Ինչպես արդեն նշեցի, Բաքուն ևս զգացել է որոշակի լյուֆտ իր արտաքին քաղաքական իրավիճակում, մի կողմից՝ Ռուսաստանին 2014 թվականին անցավ իր հին տարածքը՝ Ղրիմը, և հիմա Ադրբեջանին, ասես, ևս դա կարելի է, մյուս կողմից՝ այնտեղ, իհարկե, հասկանում են, որ Փաշինյանին Մոսկվայում այդքան էլ «ուղիղ» չեն նայում։ Իսկ գլխավոր հարցը, որը լուծում է Ադրբեջանը՝ դա կտրուկ և վերջնական պահանջն է Ղարաբաղի ուղղությամբ հետագա բանակցությունների արդյունավետության վերաբերյալ։ Կամ արդյունավետություն, կամ պատերազմ։
– Ինչպիսի՞ն է լինելու Մոսկվայի արձագանքը, Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին, սակայն տեղեկացրել է իրավիճակի մասին, և ՀԱՊԿ-ը Մշտական խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ ՀԱՊԿ-ից ի՞նչ արձագանք սպասել։
– Արձագանքը լինելու է այնպիսին, ինչպիսին եղել է միշտ՝ ցանկացած ռազմական գործողության դադարեցում՝ որ կողմից էլ դրանք իրականացվեն, խնդրի կարգավորման միայն խաղաղ ճանապարհով, քաղաքական և դիվանագիտական միջոցներով։ Մոսկվան, բնականաբար, չի կարող կանգնել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի կողմը։
ՀԱՊԿ-ը միշտ էլ ունեցել է նույն դիրքորոշումը՝ խաղաղ ճանապարհով լուծում։ Ինչպես հիշում ենք, նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ պնդում էր իրենը, երբ հարցը վերաբերում էր կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի փոխարինման հարցին։ Հնարավոր է, որ Հայաստանի դիրքորոշումն այս դեպքում դառնա ավելի կոշտ, քանի որ 2016 թվականի պատերազմն ու ՀԱՊԿ-ի գործունեությունը Փաշինյանի օրոք չէին, այլ Սարգսյանի։ Այսօր ՀՀ վարչապետն ավելի կտրուկ է պնդելու, որ ՀԱՊԿ-ը հանդես գա։
– Այսինքն՝ Սարգսյանն այդ հարցերում ավելի մեղմ էր, քան Փաշինյա՞նը։ Հիշեցնեմ, որ 2016 թվականի գործողություններն ընթանում էին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում։
– Սարգսյանն ավելի կանխատեսելի էր։ Բնականաբար, 2016 թվականի գործողությունները Տավուշում չէին։ Բայց առճակատումը, միևնույն է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև էր։ Վերադառնալով նախորդ հարցի պատասխանին՝ կողմերից յուրաքանչյուրն էլ կցանկանար, որպեսզի Ռուսաստանն աջակցի հենց իրեն, բայց նման բան չի լինի։ Ադրբեջանը Մոսկվայի համար թշնամի չէ, Հայաստանն ավելին է՝ դաշնակից։ Բայց այստեղ ՀԱՊԿ-ն արդեն ավելի հստակ դիրքորոշում պետք է ստանձնի՝ հասկանալով, որ կա ապակայունացման վտանգ ողջ Հարավային Կովկասում։ Ես՝ որպես փորձագետ, մշտապես հանդես եմ եկել այն բանի օգտին, որ ՀԱՊԿ-ը լինի իսկապես ռազմական, այլ ոչ թե չինովնիկական ու բյուրոկրատական կառույց։ Միևնույն ժամանակ՝ նա չպետք է ներքաշվի պատերազմում, այլ ցույց տա ոչ ֆորմալ, իրական գնահատական իրավիճակին։ Ֆորմալիզմը որևէ դրական բանի չի հանգեցնում։
– Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, որ Հայաստանը ցանկանում է ներքաշել ՀԱՊԿ-ին հայ-ադրբեջանական հակամարտություն, բայց Հայաստանը նման մտադրություններ չի հայտնում, գոնե երեկ չկար ՀԱՊԿ-ի մասին որևէ խոսակցություն, երբ սա ասվեց։ Թուրքիայի ԱԳՆ-ն է որոշակի հայտարարությամբ հանդես եկել, աջակցության պատրաստակամություն հայտնել։ Կարծիքներ են շրջանառվում, որ այսպիսով Ադրբեջանն ու Թուրքիան կարող են բացել առճակատման նոր օջախ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, ինչպիսին Սիրիայում է և այլ երկրներում առևտրի համար։ Նման սցենարի հնարավորություն կա՞, այսինքն, որ իրավիճակի մեջ ներքաշվեն թե Թուրքիան, թե Ռուսաստանը՝ ՀԱՊԿ-ի տեսքով։
– Հիմա բոլորը տարբեր հայտարարություններ են անում, այդ թվում՝ Թուրքիան։ Բոլորը հետևում են իրավիճակին, թե ուր կգնա այն հաջորդիվ։ Բայց այդ հայտարարություններում ևս սենսացիաներ չկան, բոլորն իրենց այն նույն դիրքորոշումների վրա են, ինչ 4 տարի առաջ։ Թուրքիան տեսականորեն կարող է մեծացնել իր ներկայությունը և նույնիսկ մասնակցել ղարաբաղյան հակամարտությունում, սակայն դրա համար պետք է տեղի ունենա համարյա թե անհնարը։ Դրա համար ռուս-թուրքական հարաբերությունները պետք է վերադառնան 30 տարի առաջ եղած իրավիճակին։ Ադրբեջանը, բնականաբար, կցանկանար Թուրքիայի ավելի ակտիվ մասնակցություն, սակայն հասկանում է, որ ներկայումս դա անհնար է։ Բացի դրանից, Թուրքիան մասնակցում է ընդհանուր առմամբ մի շարք այլ մեծ պատերազմներում, նրա ներուժը պարզապես այդ ամենին չի բավականացնի։ Ինչ վերաբերում է ադրբեջանական, թուրքական հարթակին Ղարաբաղի ուղղությամբ, ապա այն միշտ եղել է, ու չկան փոփոխություններ։ Որպեսզի Թուրքիան շարժվի այդ ուղղությամբ, անհրաժեշտ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավում, բայց նման բան չի երևակվում։