Կրճատվող ներդրումներ
Միջազգային ներդրումների մասին հիմա համարյա չեն խոսում: Համավարակը կապ չունի: Արդեն երկար ժամանակ է՝ չեն խոսում: Երբ պաշտոնապես հայտարարվեց, որ 2019-ին օտարերկրյա ուղղակի ներդրումները 2018-ի նկատմամբ աճել են 2.1 տոկոսով, հասարակական հնչեղության արձագանք չեղավ: Պատճառը հավանաբար այն էր, որ իշխանությունների համար 2.1 տոկոս աճը բավարար չէր: Հետևաբար՝ սպասելիքների ու խոստումների հետ ամենևին համադրելի չէր:
Մյուս կողմից՝ շատ փորձագետներ կարծիք հայտնեցին, որ այդ աճն իրականում հաշվարկի մեթոդաբանական փոփոխություն-հնարքի հետևանք է: Հատկապես, որ օտարերկրյա ներդրում ասածի միջանկյալ ցուցանիշ-հաշվարկներով 2018-ի առաջին կիսամյակը բավական նկատելի գերազանցում էր 2019թ․ նույն ժամանակահատվածի տվյալները:
Այս տարվա համար առայժմ պաշտոնապես կա առաջին եռամսյակի տվյալները: Սա նախահամավարակային շրջանի տնտեսության քիչ թե շատ դրական պատկերի վերջին տվյալներն է: Բայց դրանք մինչև համավարակն արդեն շատ դետալներով անհաջողություններ էին գուժում: Օրինակ, 2019թ․ վերջից մեր երկրի ստացած հումանիտար օգնության ծրագրերը կտրուկ նվազել էին: Դա ինչ-որ իմաստով «տխուր» արտաքին քաղաքականության արդյունք է: Արդյունք, որ շարունակում է դրսևորվել այս տարի: 2019թ․ հունվար-մայիսին մեր ստացած հումանիտար օգնությունը կազմում էր 27.3 մլն դոլար:
Այս տարվա նույն ժամանակահատվածում՝ մոտ երեք անգամ պակաս՝ 9 մլն դոլար:
Անցած տարի հունվար-մարտին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը մոտ 9.5 մլրդ դրամ է: Իսկ այս տարվա տվյալները բացասական են: Այսինքն՝ մեր երկրից նախկինում կատարված օտարերկրյա ներդրումներից ավելի շատ գումար է դուրս տարվում, քան կատարվում է այս տարի: Բայց անհասկանալի է մնում այն փաստը, որ մեր իշխանությունները բաց են թողնում այդ «պուճուրիկ» ներդրումներով հպարտանալու հնարավորությունը:
Պատճառը հավանաբար կարելի է գտնել ներդրումների կառուցվածքի մեջ: Ամենամեծ չափով ներդրում կատարվել է «մետաղական հանքաքարի արդյունահանման» ոլորտում: Այս փաստը լրիվ համընկնում է արդյունաբերության ոլորտի պաշտոնական տվյալների հետ:
Հանքարդյունաբերությունն իր բոլոր տեսակներով միակ աճ արձանագրող ոլորտն է: Բայց այս ոլորտի նկատմամբ հասարակական վերաբերմունքը միանշանակ չէ (բացատրություն չպահանջող, օրինակ, Ամուլսարը): Մյուս ոլորտը, որ օտարերկրյա ներդրումների դրական ծավալ ունի (ծավալով երկրորդը) համարյա նույնանուն է առաջինի հետ: Խոսքը «հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղեր» կոչվող ոլորտի մասին է:
Դրական օտարերկրյա քիչ թե շատ նկատելի ծավալ ունեցող երրորդ ոլորտը խմիչքների արտադրությունն է: Իսկ նկատելի ծավալ ունեցող չորրորդ (ու վերջին) ոլորտը «հիմնական մետաղների արտադրությունն» է:
Հանքահումքային ոլորտի եզակիության շնորհիվ 2019թ․ ներդրումների ծավալով երկրորդ երկիրը՝ Գերմանիան, հիմա առաջին տեղում է: Մնացած բոլոր գործընկեր և նախկինում խոշոր ներդրումների ծավալ ունեցող երկրների բալանսը բացասական է: Բացասական է հունվար-մարտ ժամանակահատվածի համար: Դժվար չէ ենթադրել, որ հաջորդ ամիսների տվյալներն ավելի անբարենպաստ են լինելու: