Մարզահամերգային համալիրի հրդեհն ու մարդկանց հետ արտասվող Կարեն Դեմիրճյանը

Երբ 1983 թվականին Երևանում բացվեց Մարզահամերգային համալիրը, ամբողջ հայ ժողովուրդը ցնծության մեջ էր։ Մարդիկ մի ուրիշ վերաբերմունք ունեին համալիրի նկատմամբ։ Նրանք սիրում էին համալիրը, քանի որ այն իր ճարտարապետական լուծումներով, կառուցման վայրով ու ընդհանրապես Երևան քաղաքում զբաղեցրած իր դիրքով յուրահատուկ էր, հզոր ու գեղեցիկ։ Չնայած նրան, որ կառուցումից հետո համալիրի վայրը քննարկման առարկա դարձավ, քանի որ այն գտնվում էր Ծիծեռնակաբերդի հարևանությամբ, այնուամենայնիվ, Կարեն Դեմիրճյանի մեկնաբանությունից հետո (Դեմիրճյանը նշում էր, որ չնայած մեր ազգային տառապանքներին, այդկերպ մենք աշխարհին ցույց կտանք, որ դեռ կանք և ստեղծագործում ենք) մարդիկ սկսեցին սիրել ու համակերպվել, որ համալիրը լինելու է հենց այդ տեղում։

Սակայն 1985 թվականին տեղի ունեցած հրդեհը մարդկանց հիշողությունների մեջ մնաց՝ որպես ողբերգություն։ Այդ օրն ամբողջ Երևան քաղաքն ու հարակից մարզերի մարդիկ վերցրեցին դույլերն ու շտապեցին համալիր։ Շատերն իրենց հուշերում ներկայացնում են, որ այդ օրն ամբողջ Երևանը մեկ մարդու նման շտապել էր Ծիծեռնակաբերդի բարձունք, որպեսզի մարի կրակը։ Երևանում ապրող մարդկանց միանում էին նաև հարակից բնակավայրերի մարդիկ, որոնց շարժը մայրաքաղաք չէր դադարում։

Ամեն ինչ սկսվեց 1985 թվականի փետրվարի 15-ի առավոտյան։ Համալիրի շրջակայքում ապրող մարդիկ նկատում են, որ համալիրի տանիքից ծուխ է բարձրանում։ Ամբողջ բնակչությունը շտապում է համալիր։ Մարդիկ այդ կառույցն այնպիսի ոգևորությամբ էին ընդունում, որ այդ հրդեհն իրենց համար ողբերգություն էր։ Մարդկանց հետ մեկտեղ՝ այնտեղ ժամանեց նաև Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը։ Հրդեհը մարվեց մի քանի ժամում, սակայն համալիրը շատ էր վնասվել։ Վնասվել էր գրեթե ամբողջ առաստաղը։ Աթոռները նույնպես այրվել էին։ Ժողովուրդը փորձում էր հանգստացնել Կարեն Դեմիրճյանին։ Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը, իր հուշերում նշում է․

«Հրդեհը Կարենի համար սարսափելի հարված էր, անձնական մեծ ողբերգություն, սակայն նա իրավունք չուներ վհատվելու։ Կամքի մեծ ուժով իրեն հավաքեց։ …Հազարավոր հավաքվածների մեջ անտարբերներ չկային։ Բոլորը հուզված էին, շատերը լաց էին լինում։ Ականատեսները վկայում են, որ ողբերգությունից արցունքոտվել են նաև Դեմիրճյանի աչքերը, որին սովոր էին միշտ տեսնել գործնական, ուժեղ, լավատեսորեն տրամադրված»։ (Հատված՝ Ռիմա Դեմիրճյանի «Հիշատակ» գրքից։ Երևան, 2018, էջ 346)։

Համալիրի հրդեհի ու այդ օրերին Կարեն Դեմիրճյանի կերպարի մասին հետաքրքիր տեղեկություններ է մեզ տրամադրում Կարլեն Դալլաքյանը։ Նա մասնավորապես գրում է․

«Հրդեհվել էր նորակառույց Մարզա-համերգային համալիրը։ Ժողովուրդը, կուտակված համալիրի առջևի հրապարակում, այր թե կին լալիս էին։ Բոլորի սրտին շատ թանկ էր այդ կառույցը։ Երբ Կ. Դեմիրճյանը եկավ, շրջապատեցին։ Հավաքը հանպատրաստից հանրաժողովի վերածվեց։ Մարդիկ առաջարկեցին, բազմության բուռն հավանության ներքո, հանգանակություն կատարել՝ վերականգնելու համար համալիրը։ Եվ հենց այդտեղ ուզում էին սկսել։ Դեմիրճյանը խոսք առավ։

– Սիրելի ժողովուրդ։ Դեպքը անշուշտ շատ ծանր է։ Ես էլ վիշտ եմ ապրում, որովհետև, ինչպես գիտեք, մինչև վերջին մանրամասնը մասնակցել եմ համալիրի ստեղծման աշխատանքներին։ Բայց խնդրում եմ, հանգստացեք։ Կենտրոնը արդեն գիտի պատահածը։ Խոստացան միութենական բյուջեի հաշվին ամեն ինչ վերականգնել հին տեսքով։

Արցունքին ընդմիջեցին ժպիտները։ Ուրախ բացականչություններ։ Իրոք համալիրը վերականգնվեց միութենական բյուջեի հաշվին՝ Դեմիրճյանի ջանքերով»։ (Հատված՝ Կարլեն Դալլաքյանի «Հուշապատում» գրքից։ Երևան, 1998, էջ 199-200)։

Հետաքրքրական է, որ Երևանի մարզական ու մշակութային գլխավոր կենտրոններից մեկում բռնկված հրդեհը կարողացավ մարդկանց միավորել ու բերել դեպի համալիրի բարձունք։ Մարդիկ զգում ու գիտակցում էին ցավը և ամեն ինչ անում էին, որպեսզի վերականգնեն իրենց երկրի կարևոր կենտրոններից մեկը, որը նոր-նոր էր բացվել։ Այդ գիտակցությունն ունեին նաև անչափահաս երեխաները․ «Ամբոխը ճեղքելով Կարենին է մոտենում 9-10 տարեկան մի տղա և ասում․ «Կարեն Սերոբովիչ, ես ու ընկերներս մակուլատուրա, մետաղե ջարդոն կհավաքենք, որպեսզի օգնենք համալիրը վերականգնելու աշխատանքներին»։ Կարենը հուզված, ինչպես և ներկաները, գրկել է տղային. «Չէ, տղա ջան, դա մեր գործն է, իսկ ձերը՝ սովորելը»։ (Հատված՝ Ռիմա Դեմիրճյանի գրքից, էջ 346)

Ժամանակին երեխաներն ունեին գիտակցություն։ Ժամանակին ծնողները կարևորում էին կրթությունը, քանի որ հաջողության էր հասնում կիրթ և խելացի մարդը։ Այդպիսին էր նախորդ դարը։ Այդպիսին էր սովետական պետությունը։ Այն աբսուրդային երկիր էր․ սպանում էր մտավորականին և հրաշալի պայմաններ ստեղծում կրթության համար։ Իսկ այժմ այլ ժամանակներ են։ Երեխաներից շատերը չունեն այն գիտակցությունը, ինչ նախորդ դարաշրջանում էր։ Նրանցից շատերն այս օրերին նույնիսկ կուրախանան, որ, ամենայն հավանականությամբ, նոր ուսումնական տարվանից այլևս չեն իմանա մեր ազգային եկեղեցու պատմությունը։ Նրանք կուրախանան, քանի որ չեն գիտակցում, թե իրականում ի՞նչ է կատարվում։

Զ․ Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս