
Ուժերի ներածին չափով կօգնենք հարևան իրանցիներին և իրանահայերին տեղավորվել Մեղրիում, եթե ցանկություն հայտնեն այստեղ մնալու. Մեղրիի փոխհամայնքապետ

Իրան-Իսրայել հակամարտության հետևանքով հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունից և՛ իրանահայեր, և՛ բուն իրանցիներ գալիս են Հայաստան, նրանց մի մասը Հայաստանից մեկնում է տարբեր երկրներ, քանի որ պատերազմից առաջ էին տարբեր գործերով մեկնել Իրան, իսկ մի մասը մնում է Հայաստանում:
Մեղրիի փոխհամայնքապետ Բագրատ Զաքարյանի խոսքով՝ ամռան շրջանում հարևան Իրանից միշտ էլ մարդկանց մեծ հոսք է եղել դեպի Հայաստան։ Հիմա էլ ամառային սեզոն է, դրան էլ գումարվել է Իրան-Իսրայել հակամարտությունը, որի հետևանքով տեմպն ավելացել է։
«Իրանից դեպի Հայաստան մարդկանց հոսքի կառավարումն իրականացվում է համապատասխան գերատեսչությունների կողմից, Մեղրիի համայնքապետարանը հոսքի կառավարման հետ առհասարակ առնչություն չունի։
Իհարկե, մենք պատրաստ ենք և՛ հարևան իրանցիներին, և՛ մեր հայրենակիցներին՝ իրանահայերին, տեղավորել Մեղրիում, եթե մեզ դիմեն և ցանկություն հայտնեն Մեղրում մնալու։ Սակայն այսքան ժամանակ դեռևս որևէ մեկը չի դիմել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Բագրատ Զաքարյանը։
Նա նաև հավելեց, որ Մեղրիում կան հյուրանոցներ, հյուրատներ, որտեղ կարող են տեղավորել Իրանից եկողներին, սակայն, եթե հոսքը շատ մեծ լինի, արդեն խնդիրներ կառաջանան, քանի որ տեղերն անսահմանափակ չեն։
«Մենք մեր ուժերի ներածին չափով կօգնենք, մարդկանց չենք թողնելու դրսում»,- հավելեց մեր զրուցակիցը։
168.am-ը փորձեց նաև ԱԱԾ-ից պարզել, թե վերջին մեկ շաբաթվա ընթացքում Իրանից Հայաստան քանի՞ մարդ է եկել, նրանցից քանի՞սն են եղել իրանահայեր, քանի՞սը՝ իրանցիներ։ Հայաստան եկած մարդկանցից քանի՞սն են գնացել Հայաստանից, քանի՞սը՝ մնացել Հայաստանում։
ԱԱԾ լրատվականից ասացին, որ դիմենք գրավոր, քանի որ տեղեկատվությունը մեծ է, որը պետք է հստակ ու ճշգրիտ ներկայացվի։
Մենք այս հարցերը գրավոր կուղղենք գերատեսչությանը, պատասխան ստանալու դեպքում կներկայացնենք ընթերցողներին։