
«Տերտերները բիզնեսմեններ են» արտահայտությունը ոչ միայն անհիմն է, այլ նույնքան անպատշաճ, որքան եթե մեկն ասեր՝ «ավագանու անդամները անբարոյական վարք են դրսևորում»

Այսօր Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը, լրագրողների հարցերին ի պատասխան, հանդես է եկել անհիմն և վիրավորական հայտարարություններով՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորներին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Դատելով հնչեցված արտահայտություններից՝ այդ ճեպազրույցը դժվար է որակել այլ կերպ, քան փաստերի աղավաղում և անպատասխանատու կեցվածք։
Անհասկանալի է, թե ինչու է համայնքային խնդիրներով զբաղվելու փոխարեն ավագանու անդամը իր պաշտոնական դիրքն օգտագործում եկեղեցական կառույցի նկատմամբ պիտակավորող և անփաստարկ պնդումներ տարածելու համար։ Երբ լրագրողները փորձեցին ճշտել ներկայացված տեղեկությունները, տիկինը չկարողացավ բերել որևէ հիմնավորում, ինչը վկայում է նման խոսքի մակերեսայնությունն ու միայն «մի բան ասած լինելու» իշխանահաճ մղումը։
«Տերտերները բիզնեսմեններ են» արտահայտությունը ոչ միայն անհիմն է, այլև նույնքան անպատշաճ, որքան եթե մեկն ասեր՝ «ավագանու անդամները անբարոյական վարք են դրսևորում»։ Որևէ դաստիարակված անձ պիտի իմանա, որ ընդհանրական և պիտակավորող հայտարարությունները վիրավորում են բազմաթիվ մարդկանց, այս դեպքում՝ նրանց կրոնական զգացումները, ինչպես նաև իրենց կյանքը հոգևոր ծառայությանը նվիրած եկեղեցականներին։
Խաչատրյանը նշում է, որ եկեղեցի է գնում, մոմ է վառում, բայց չի ընդունում Կաթողիկոսին։ Յուրաքանչյուր ոք կարող է ունենալ իր կարծիքը, և եթե չի տիրապետում ճիշտ տեղեկությունների, կարող է օգտվել լռելու իր իրավունքից։ Սակայն քրիստոնեական հավատքի տրամաբանության մեջ անկարելի է լինել Եկեղեցու մի մասը՝ միաժամանակ մերժելով նրա Նվիրապետությունը։ Մոմ վառելը, այո, բարեպաշտական սովորություն է, սակայն հավատքը դրանով չի սահմանափակվում։ Այդ սովորությունը, կարող ենք ասել, որ հավատքի կյանքի ճանապարհի միայն սկիզբն է, որտեղից այն կողմ այս տիկնոջը տեսնող չի եղել։
Հուսով եմ, որ տիկնոջ մերձավորների շրջանում կգտնվեն խոհեմ մարդիկ, որոնք կհուշեն՝ նախքան նոր արտահայտություններ անելն անհրաժեշտ է խորությամբ ծանոթանալ այն կառույցի պատմությանը, առաքելությանը, որի վրա փորձում է հարձակում գործել։
Միաժամանակ, ուզում եմ բարեկամաբար դիմել մեր սիրելի լրագրողներին։ Այս օրերին, առավել քան երբևէ, անհրաժեշտ է մասնագիտական բարեխղճությամբ մոտենալ այն թեմաներին, որոնք վերաբերում են ազգային արժեքներին, հոգևոր կառույցներին ու հանրային զգայունությանը։ Պիտի խնդրենք այդպիսի կարևոր հարցերում խոսքի հնարավորություն ընձեռել կոմպետենտ, հավասարակշիռ և իրականությանը ծանոթ անձանց։ Հակառակ դեպքում տարածվում են խեղաթյուրված պատկերացումներ, որոնք ոչ մի առնչություն չունեն ճշմարտության, և առավել ևս՝ հավատքի սրբության հետ։
Մարմարաշենի սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տ. Ղազար քահանա Թորոսյան