«Իրանը մտադիր է պատժել ագրեսորին». Իրանի ՊՆ ղեկավարը զրուցել է ռուսաստանցի գործընկերոջ հետ

Մենք վճռական ենք մեր ողջ հզորությամբ պատժելու ագրեսորին և չենք ընդունի պարտադրված խաղաղությունը։ Այս մասին, IRNA–ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն ռուսաստանցի գործընկեր Անդրեյ Բելոուսովի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Մեր որոշումն է պատժել ագրեսորին մեր ողջ հզորությամբ, և մենք չենք ընդունի պարտադրված խաղաղությունը», – ասել է Նասիրզադեն։

Իրանցի նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար՝ նշելով, որ ԻԻՀ–ն միայն Իսրայելի հետ չի պատերազմում, Միացյալ Նահանգներն ու մի շարք այլ երկրներ ևս աջակցում են նրան։

Հայտարարելով, որ տարածաշրջանում բոլոր խնդիրների և անկայունության աղբյուրը ԱՄՆ–ն է, Նասիրզադեն ընդգծել է, որ Իրանն ու Ռուսաստանը կարող են միավորել ջանքերը՝ տարածաշրջանում և աշխարհում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։

ՌԴ պաշտպանության նախարարն իր հերթին ցավակցություն է հայտնել բարձրաստիճան զինվորական հրամանատարների, ինչպես նաև Իրանի քաղաքացիների մահվան կապակցությամբ և հայտարարել, որ Ռուսաստանն անվերապահ աջակցում է Իրանի կառավարությանը և ժողովրդին։

Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:

Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:

Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։

Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: Դրանից հետո նոր հարձակումների մասին հաղորդագրություններ չեն եղել:

Տեսանյութեր

Լրահոս