«Ադրբեջանը պատրաստ չէ ո՛չ խաղաղության, ո՛չ պատերազմի». Միքայել Զոլյանը՝ Ալիևի հայտարարության մասին
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանն Արցախի հարցի լուծման հետ կապված իր դիրքորոշումը չի փոխել, ավելին, եթե բանակցություններն առարկայական չլինեն, ապա Ադրբեջանը չի մասնակցի բանակցային գործընթացին.
«ԵԱՀԿ Մինսկի խումբը չի արձագանքում Հայաստանի վարչապետի հայտարարությանն առ այն, որ «Ղարաբաղը Հայաստան է»: Այդ հայտարարությունը տապալում է բանակցությունները և դրանք անիմաստ դարձնում: Այսօր կարգավորման բանակցություններ փաստացիորեն չկան, Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների տեսակոնֆերանսներից էլ ոչ մի օգուտ չկա: Դա զուտ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության իմիտացիա է: Եթե բանակցությունները առարկայական չլինեն, մենք չենք մասնակցի դրանց»,- ասել էր Ալիևը։
168.am-ը թեմայի շուրջ զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հետ։
– Պարոն Զոլյան, ի՞նչ է Ալիևն իր հայտարարությամբ ակնարկում, հայկական կողմն ի՞նչ պետք է սպասի նման հայտարարությունից։
– Չեմ կարծում, որ այդ հայտարարությունն այնպիսի հայտարարություն է, որին հետևելու են գործնական քայլեր։ Եվ ես չեմ կարծում, որ Ադրբեջանը, որը 25 տարուց ավելի մասնակցում է բանակցություններին՝ դուրս կգա այդ գործընթացից։ Ինձ թվում է՝ այս հայտարարությունն ավելի շատ կապված է ներքին իրավիճակի հետ, որովհետև մենք գիտենք, որ նոր կորոնավիրուսի հետ կապված՝ Ադրբեջանում իրավիճակը բավականին ծանր է։
Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի իշխանությունները փորձում են թաքցնել իրական իրավիճակը։ Մենք մեր հանրության հետ միշտ ազնիվ ենք եղել, երբ իրավիճակը ծանր է եղել՝ ասել ենք՝ ծանր է։ Ադրբեջանի իշխանություններն այլ ճանապարհով են գնացել՝ փորձել են ցույց տալ, որ ամեն ինչ նորմալ է, սակայն իրականում խնդիրները խորացել են։ Այս ամենին գումարվել է նաև տնտեսական վիճակը, քանի որ Ադրբեջանում տնտեսությունը կառուցված է նավթի վրա, որի գները գարնանը լուրջ անկում ապրեցին։ Այս ամենից զատ, Ադրբեջանի իշխող էլիտայի ներսում կան քաղաքական խնդիրներ, այնտեղ խոսակցություններ կան, որ իշխանությունը պետք է փոխանցվի Ալիևի կնոջը։ Այս իրավիճակում բռնապետներին միշտ օգնում է արտաքին թշնամու դեմ բուռն պայքար ծավալելը։
Երկրորդ պատճառը, որի մասին խոսել է նաև Արցախի արտաքին գործերի նախարարությունը, այն է, որ Ադրբեջանը՝ չունենալով պարզապես նոր մոտեցումներ, հետաքրքիր մտքեր, փորձում է մեղադրել ամբողջ աշխարհին։ Նախկինում միայն Հայաստանին էր մեղադրում, բայց այսօր փաստորեն մեղադրում է նաև Մինսկի խմբի համանախագահներին, եթե նա մեղադրում է բոլորին, բացի իրենից, երևի պետք է պատճառը փնտրել հենց Ադրբեջանի ներսում։ Այստեղ էլ մենք տեսնում ենք հետաքրքիր զարգացումներ. մի քանի օր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում գաղտնի ծառայություններն ինչ-որ գործողություններ էին իրականացրել, այնտեղ խնդիրներ կան նաև արտգործնախարարի հետ կապված։
Այնպես որ, կարծում եմ, այս ամենը պետք չէ գերագնահատել, բայց մենք, իհարկե, պատրաստ ենք ցանկացած զարգացումների, թե՛ դիվանագիտությունը, թե՛ Զինված ուժերը պատրաստ են ցանկացած դեպքում համարժեք պատասխան տալու։
– Ալիևն ակնարկում է բանակցային գործընթացում իրական արդյունքներ ստանալու մասին, մինչդեռ հայտարարվում է, որ բանակցություններում որևէ փաստաթղթի շուրջ չեն բանակցում: ՀՀ վարչապետը մոտ մեկ տարի առաջ հայտարարեց, որ դեռ ծանոթանում է Արցախի հարցի ու բանակցությունների պատմությանը։ Այս պայմաններում ի՞նչ է ակնկալում Ալիևը։
– Այս հարցը պետք է ուղղել Ալիևին, առհասարակ ադրբեջանական կողմն արդեն 25 տարի է` խոսում է ինչ-որ արդյունքների մասին, որ՝ այ, ինչ-որ արդյունք պետք է լինի, որը չի լինում, ու սկսում են ամբողջ աշխարհի վրա «մուննաթ» գալ։ Այս ամենը խոսում է մեկ բանի մասին, որ նրանք պատրաստ չեն կոնստրուկտիվ խոսակցության։
Եթե նրանք պատրաստ լինեին, ապա ի՞նչն էր նրանց խանգարում համաձայնել այն սկզբունքին, որն առաջադրեց ՀՀ վարչապետը, ըստ որի՝ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։ Սա շատ պարզ սկզբունք է, կոնֆլիկտաբանության ցանկացած մասնագետ կասի, որ ցանկացած կոնֆլիկտի լուծում պետք է կողմերի համար ընդունելի լինի։ Բայց նույնիսկ այս պարզ գաղափարն Ադրբեջանը չի ուզում ընդունել, և պարզ է, որ դրա արդյունքում որևէ կոնկրետ արդյունք Ադրբեջանը չի ստանալու։
Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի հայտարարություններ կանի Ալիևը, կամ ինչպիսի գործողություններ կձեռնարկի Բաքուն՝ արդյունքը միշտ էլ նույնն է լինելու։ Հայաստանը բազմիցս նշել է, որ միակողմանի զիջման մասին որևէ խոսք լինել չի կարող։ Ըստ էության, այն հանդիպումները, որոնք հիմա տեղի են ունենում, ես դա կանվանեի, դիվանագիտության մեջ այսպիսի տերմին կա՝ բանակցություն բանակցության մասին, այսինքն՝ մենք փորձում ենք գալ մի ձևաչափի, որն ընդունելի կլինի։
Հայտնի է, որ Հայաստանը բազմիցս նշել է, որ բանակցություններում անհրաժեշտ է Արցախի մասնակցությունը, առայժմ Ադրբեջանը դա չի ընդունում, բայց մենք շարունակելու ենք այդ գաղափարն առաջ տանել․ կարծում եմ՝ վաղ թե ուշ աշխարհը դրա հետ պետք է համաձայնի։ Սա է արդար և արդյունավետ ձևաչափը ցանկացած բանակցության։
– Ադրբեջանի նման հռետորաբանության պայմաններում, ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել, որի մասին հայտարարել են նաև Մինսկի խմբի համանախագահները։
– Կարծում եմ՝ խնդիրը ժողովուրդների մեջ չէ, բոլոր երկրներում էլ ժողովուրդները միշտ պատրաստ են խաղաղության։ Այստեղ խնդիրն Ադրբեջանի իշխանությունների մեջ է․ մի կողմից՝ չեմ կարծում, որ նրանք պատրաստ են պատերազմի, քանի որ պատերազմն իրենց համար կունենար աղետալի հետևանքներ, մյուս կողմից էլ՝ նրանք խաղաղության պատրաստ չեն, քանի որ խաղաղության դեպքում հենց իրենց ժողովուրդը բազմաթիվ հարցեր կտա։ Այն բոլոր խնդիրները, որոնք այսօր կան Ադրբեջանում, իրենք բացատրում են հակամարտությամբ։ Իսկ եթե այդ հակամարտությունը լուծվի, պարզ կդառնա, որ այդ խնդիրները կապված են ոչ թե հակամարտության, այլ իրենց հետ։
Դրա համար մենք այսօր ունենք այսպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը պատրաստ չէ ո՛չ խաղաղության, ո՛չ պատերազմի։
– Բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքորոշումներում Դուք առհասարակ փոփոխություններ նկատո՞ւմ եք, քանի որ որոշ փորձագետներ նշում են, որ հայկական կողմի դիրքորոշումը հեղափոխությունից հետո կոշտ չէ, ինչպես եղել է նախկինում։
– Ընդհակառակը, կարծում եմ՝ մինչև հեղափոխությունը եղել է զիջողական դիրքորոշում՝առնվազն այն, ինչ արտահայտվել է երկրից դուրս։ Այսինքն՝ մինչև հեղափոխություն երկրի ներսում հանրությանը մի բան է ասվել, իսկ դրսում, նույն Մինսկի խմբի համանախագահներին՝ մեկ այլ բան է ասվել։ Թե որն էր ճիշտը, մենք չգիտենք, այսինքն՝ թե իրականում ինչպես էր մտածում ՀՀ նախկին ղեկավարությունը, մենք չգիտենք, գուցե հանրությանն էր խաբում, գուցե դրսին էր խաբում։ Նոր իշխանությունն այդպես չի անում, նա նույն բանն ասում է և՛ երկրի ներսում, և՛ դրսում։ Առնվազն հեղափոխությունից հետո եղած ժամանակահատվածում մենք համոզված ենք, որ գործընթացը որքանով կարող է թափանցիկ լինել՝ թափանցիկ է։ Նույնիսկ մենք տեսանք, որ հանրային բանավեճ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի միջև։ Կարծում եմ՝ այդ բանավեճը ցույց է տալիս, թե ինչպիսին է հայկական կողմի դիրքորոշումը։