58․000 տոննա պտուղ-բանջարեղեն է արտահանվել, որը 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ գրեթե 15 տոկոսով քիչ է. Արման Խոջոյան
Ներկա պահին շատ ակտիվ գյուղատնտեսական սեզոն է, իրականացվում է գյուղմթերքի արտահանման և մթերման գործընթաց: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
«Արտահանումն իրականացվում է բավական սահուն՝ առանց լուրջ խնդիրների: Մեր բեռնատարներն անարգել անցնում են սահմանային անցակետերը և գյուղմթերքը ժամանակին հասցնում են արտաքին շուկաներ: Այս պահի դրությամբ՝ համաձայն մեր օպերատիվ տվյալների՝ Հայաստանից արտահանվել է 13․000 տոննա ծիրան, շուրջ 3200 տոննա կեռաս, 21․000 տոննա լոլիկ, 800 տոննա ելակ: Ընդհանուր առմամբ՝ 58․000 տոննա պտուղ-բանջարեղեն է արտահանվել, որը 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ գրեթե 15 տոկոսով քիչ է»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը:
Նրա փոխանցմամբ՝ 15 տոկոսով պակաս արտահանման հիմնական մասը վերաբերում է խնձորին:
«Այս տարի արտահանվել է 5500 տոննա խնձոր, մինչդեռ 2019թ. նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 11․500 տոննա: Այսինքն, 6000 տոննա քիչ խնձոր է արտահանվել այս տարի, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում: Նշեմ նաև, որ այս տարի արտահանված խնձորը դա 2019թ. բերքն է, և 2019թ․՝ 2018թ. համեմատ, խնձորի առավել քիչ բերքատվություն է եղել, և հետևաբար՝ դրանով է նաև պայմանավորված արտահանման սակավ թիվը: Նույն ժամանակահատվածները համեմատելով՝ արտահանման որոշակի անկում ունենք ծիրանի հետ կապված. արտահանման ծավալների տարբերությունը նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ 3000 տոննա է կազմում: Տարեսկզբին ծիրանի բավականին առատ բերք էր սպասվում, սակայն ապրիլ-մայիս ամիսներին եղանակային անբարենպաստ պայմանները, հիմնականում՝ ցրտահարություն, կարկուտ, պատճառ դարձան, որ ունենանք ծիրանի ավելի քիչ քանակ, քան նախատեսվում էր»,- մանրամասնեց Արման Խոջոյանը:
Փոխնախարարն ընդգծեց՝ ակտիվ կերպով ընթանում են մթերման գործընթացները:
«Այս պահի դրությամբ մթերվել է մոտ 5500 տոննա պտուղ-բանջարեղեն, որից 1200 տոննան բանջարեղենն է, իսկ 4300 տոննան՝ պտուղը: Մոտ 2400 տոննան վերաբերում է ծիրանին»,- հավելեց նա:
Անդրադառնալով ծրագրերին՝ Արման Խոջոյանը նկատեց. «Համաձայն Կենտրոնական բանկի կողմից տրված տեղեկատվության՝ երկրորդ միջոցառման շրջանակներում տրամադրվել է 16․200 վարկ՝ ընդհանուր 23 միլիարդ դրամ ծավալով: Միաժամանակ առաջին միջոցառման շրջանակներում գյուղատնտեսության ոլորտում գործող կազմակերպություններին գործառնական ծախսերն ապահովելու համար տրամադրվել է 6 միլիարդ դրամ: Մինչ օրս պետական օժանդակության ծրագրերով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել է 18․000 վարկ՝ ընդհանուր 37 միլիարդ դրամ ծավալով: Համեմատական կարգով նշեմ, որ այս ցուցանիշը 3-ից ավելի անգամ գերազանցում է նախորդ տարի նույն ժամանակահատվածի համար տրամադրված վարկերին»: