Միայնակ կանգնած Ռուբեն Մելիքյանն ակցիա է անում, իսկ խմբով՝ Արման Բաբաջանյանը՝ ասուլիս. ինչո՞ւ ոստիկանությունը չցրեց պատգամավորի հավաքը

Այսօր «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամները, ի դեմս նախաձեռնության ղեկավար, Ազգային ժողովի (ԱԺ) անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի, հավաք էին կազմակերպել նախագահական նստավայրի առջև: Ճիշտ է, իրենց հավաքի անունը շատ շրջահայացորեն նրանք դրել էին ասուլիս, սակայն դրանից դրա էությունը չէր փոխվում:

Ներկա էին նախաձեռնության անդամներ, լրագրողներ. Հավաքը կամ ասուլիսը սակավամարդ ամեն դեպքում չէիր համարի: Բայց զարմանալի էր, որ տարածքում որևէ ոստիկան չէր երևում: Ոչ ոք չմոտեցավ Արման Բաբաջանյանին, չասաց, որ վերջինս խախտում է արտակարգ դրության իրավական ռեժիմը, որ անունն ինչ ուզում ես՝ դիր, բայց դրանից մարդկանց քանակը չի պակասում: Կարճ ասած՝ որևէ մեկը չխաթարեց անկախ պատգամավորի անդորրը, վերջինս հանգիստ իրականացրեց իր ակցիան, որի բովանդակային կողմին չենք անդրադառնում, քանի որ խնդրո առարկան այժմ սոսկ արտակարգ դրության իրավական ռեժիմի, այն է՝ հավաքների ազատության սահմանափակման կարգը խախտելն է:

Դե, իհարկե, Արման Բաբաջանյանը վարչական ձերբակալության չենթարկվեց, նրան ուժով չհեռացրին տարածքից, արձանագրություն չկազմեցին:

Ոստիկանությանը 168.am-ը հարցրեց, թե ինչո՞ւ մի դեպքում, երբ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լուռ կանգնած էր ԱԺ-ի մոտ, նրան անմիջապես մոտեցան ոստիկաններ, զգուշացրին դադարեցնել ակցիան, բարձրախոսներով հայտարարեցին անգամ, ապա եկան ավելի բարձրաստիճան ոստիկաններ, և, ի վերջո, նա ձերբակալվեց, իսկ այս դեպքում, երբ իրավիճակը նույնն է, բայց, թերևս, այս անգամ ավելի բազմամարդ էր հավաքը, միայն անունն էր փոխված միջոցառման, որևէ ոստիկան տարածքում չերևաց անգամ:

Ոստիկանության պատասխանից պարզվեց, սակայն, որ հավաք չի եղել, այլ Արման Բաբաջանյանը լրատվամիջոցների համար կարդացել է փոխանցվող նամակի տեքստը:

Ոստիկանության երկաթյա տրամաբանությամբ, փաստորեն, եթե փոխում ես միջոցառման անունը, դրանից արտակարգ դրության իրավական ռեժիմը չի խախտվում, մարդիկ մի վայրկյանում աչքիդ առաջ անհետանում են, համավարակը՝ նույնպես:

Տեսանյութը կա, լուսանկար՝ ևս, և դրանցում երևում է, որ հավաքվածներն այնքան էլ չէին պահում սոցիալական հեռավորությունը, բայց քանի որ անունն ասուլիս էր, ոչ թե ակցիա, ուրեմն կարելի էր նաև բազմամարդ միջոցառում կազմակերպել:

Տեսանյութեր

Լրահոս