Բաժիններ՝

«Այսինքն՝ մենք մեկ արշինով ենք չափում 380.000 սովորողի». Պատմաբանը՝ Հանրակրթության պետական չափորոշչի  նախագծի մասին

«Կարիքի գնահատում չի եղել, և ես չգիտեմ՝ ում են ուղղված չափորոշիչները: Ինձ համար անհասկանալի է չափորոշչի ստեղծման փիլիսոփայությունը: Ինչպե՞ս է կազմավորվում, ի՞նչ չափանիշեր ենք դնում դրա հիմքում, թե՞ հերթական անգամ կարծում ենք, որ հարևանի հարսն ավելի սիրուն է, և եթե հույները, լեհերը հաջողել են, ուրեմն մենք էլ պետք է հաջողենք»,- «Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ խոսելով Հանրակրթության պետական չափորոշչի  նախագծի մասին՝ ասաց պատմաբան Վահրամ Թոքմաջյանը:

Նրա խոսքով՝ չափորոշիչներում հաշվի չեն առել սովորողի, մանկավարժի կարիքը, հնարավորությունները, ունակությունները:

«Ինտեգրացիոն ուսուցման դեպքում էլ որևէ մեկը եկել-նայե՞լ է 10-րդ դասարանի հասարակագիտությունը. քանի տարի է՝ 4 արհեստական առարկա բերել-մտցրել են իրար մեջ՝ գեղագիտություն, բարոյագիտություն, հոգեբանություն, տնտեսագիտություն:

Ինչ վերաբերում է գնահատականներին, ապա ունենք սովորողներ, ովքեր կրթությունից դուրս են. սեզոնային աշխատանքներ են կատարում, գնում դաշտերում օգնում են, հատկապես ավագ դպրոցի աշակերտները հացի փռում են աշխատում,  և այլն: Հիմա, եթե մենք սա էլ ենք վերացնում, այդ մշակութային, գաղափարական, իմաստաբանական փոփոխությունն արե՞լ ենք, որ ինչ-որ մի լծակ մնա, որպեսզի կրթությունից դուրս մնացող սովորողին մենք վերադարձնենք դպրոց:

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ այլ է Գեղարքունիքի սովորողի կարողությունների բազան, այլ է՝ Լոռիում, Սյունիքում, Արմավիրում ապրողինը: Այդ առանձնահատկությունները մեր չափորոշիչների որևէ փաստաթղթում երբեք արտացոլված չեն եղել: Այսինքն՝ մենք մեկ արշինով ենք չափում 380.000 սովորողի ու փորձում ենք ինչ-որ նշակետեր սահմանել, որոնց վերջնարդյունքներին, ես ձեզ հավաստիացնում եմ, սովորողների 10 տոկոսը չի կարող հասնել»,- նշեց պատմաբանը:

Նա ընդգծեց՝ ոչ միայն դասագրքերի, այլև ուսումնական նյութերի մասով մեզ մոտ աբսուրդ վիճակ է:

«Կա մի մարմին՝ դասագրքեր շրջանառող հիմնադրամ, որը ոչ մեկի լիազորության տակ չէ, բայց ինքն է որոշում, թե ինչ դասագրքեր են մտնելու դպրոց: Փոխկապակցվածությունը, օրենսդրական համապատասխան փոփոխությունները չկան, ու բերել ենք սիրուն, կեսը թարգմանած մի փաստաթուղթ: Հիմա սա կյանքի կոչել հնարավո՞ր է, դժվար է ասել. չեմ կարծում, քանի որ շատ ենք ունեցել սիրուն փաստաթղթեր: Ես վատատես եմ, բայց շատ ուրախ կլինեմ, եթե կյանքի կոչվի»,- ասաց Վահրամ Թոքմաջյանը:

Հանրակրթության պետական չափորոշչի մշակման խմբի անդամ Արտաշես Թորոսյանն էլ հորդորեց չափորոշիչներին չնայել՝ որպես մի փաստաթուղթ, որտեղ գրված է բոլոր խնդիրների լուծումը:

«Չափորոշիչներով նկարագրվում են այն հիմնական ուղղությունները, որոնցով գնալու ենք: Ասում ենք՝ թվանշանային գնահատումը հանում ենք, բա ի՞նչ ենք դնելու տեղը. այն, ինչ դնելու ենք տեղը՝ նկարագրվելու է գնահատման նոր մեթոդաբանությամբ, որը առանձին փաստաթուղթ է: Բացի դրանից՝ լինելու են ուսուցիչների վերապատրաստումներ. հիմա սկսվել է գործընթաց, շատ մանրամասն ու բավականին ծավալուն ռեսուրսներ են մշակվելու ուսուցիչների համար, որպեսզի կարողանան դժվարությունները հաղթահարել: Ինչ վերաբերում է անբավարար գնահատականը վերացնելուն՝ ուզում եմ ասել, որ դրա հետ կապված էլ կա լրացուցիչ նոր կարգերի մշակման անհրաժեշտություն, որտեղ նկարագրվելու է, թե ինչպե՞ս պետք է օգնել այն աշակերտներին, ովքեր տվյալ ժամանակահատվածում չեն կարողացել նյութն այնպես յուրացնել, որպեսզի ստանան բարձր միավորներ: Պետությունը, դպրոցը չի կարող համակերպվել այն մտքի հետ, որ աշակերտը 1 է ստացել, այդպես էլ թող շարունակի: Որոշակի քայլեր են ձեռնարկվելու, որպեսզի աշակերտը հնարավորություն ստանա իր չսովորածը կոմպենսացնել հաջորդ դասարանում կամ լրացուցիչ դասընթացների միջոցով»,- մանրամասնեց Արտաշես Թորոսյանը:

Հանրակրթության պետական չափորոշչի մշակման խմբի անդամը նշեց՝  միֆ է այն, որ շատ դպրոցներում ասում են, թե գնահատականով կարողանում են սանձել աշակերտներին:

«Վատ ճնշման միջոց է, և լավ է, որ վերանում է: Աշակերտին պետք է հնարավորություն տանք սովորել: Նա պետք է ունենա նպատակ: Ինչքան ուզում է՝ վախեցրեք աշակերտին թվանշաններով, նրանք դրանից բոլորովին չեն վախենում: Կարող է չպատասխանեն, բայց մտքում ասում են՝ ինչ ուզում ես, նշանակիր: Իսկ այն, որ 1 ստացող աշակերտը փոխադրվում են, դա գործում է նաև հիմա»,- եզրափակեց Արտաշես Թորոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս