Մոտ 5 մլն դոլար՝ Գյումրիի մաքսատան կառուցապատմանը. Իշխանամերձ շրջանակներից ովքե՞ր և ի՞նչ առնչություն ունեն

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր՝ «Ստի վերջը» տեսաշարի հերթական՝ 10-րդ թողարկման ժամանակ անդրադարձել էր Գյումրիում մաքսատուն կառուցելու մանրամասներին՝ նկատելով, թե երկար ժամանակ փորձում էր հասկանալ՝ որն է դրա քաղաքական շահը.

«Գյումրու մաքսատան վրա մոտավորապես ծախսվել է ավելի քան 2 միլիարդ դրամ (4 մլն 120․000 դոլարից ավելի,- հեղ.)։ Յուրաքանչյուր շինարարություն սկսվում է հաշվարկից և ճարտարապետական աշխատանքներից։ Եվ ես, որպեսզի չմտնեմ դրա մեջ, սկսեցի ամենասկզբից՝ վերցրեցի առաջին իսկ թուղթը, նայեցի՝ իսկ ո՞վ է արել ճարտարապետական հաշվարկային աշխատանքները. «Ատրիում թիմ» ՍՊԸ-ն։ «Ատրիում թիմ» ՍՊԸ-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության որոշումով՝ առանց տենդերի՝ ուղիղ գնման իրավունքով, իրավունք է տալիս կազմակերպելու այդ բոլոր աշխատանքները՝ նախագծերը, հաշվարկները, և այլն։ Եթե չեմ սխալվում, օգոստոսի 8-ին։ Ամեն ինչ լավ կլիներ, եթե լիներ տենդեր, և ավելի կարևորը՝ եթե «Ատրիում թիմ» ՍՊԸ-ն ունենար լիցենզիա, որովհետև «Ատրիում թիմ» ՍՊԸ-ն մի կազմակերպություն է, որը երբեք չի մասնակցել որևէ տենդերի, որը երբեք չի արել որևէ խոշոր պետական աշխատանք, որն աննկատ կազմակերպություն է (ես կասկածի տակ չեմ դնում պրոֆեսիոնալիզմը, ուղղակի ֆիքսում եմ փաստերը), լիցենզիա է ստանում Հայաստանի Հանրապետության պետական օրգաններից օգոստոսի 26-ին։

Նիկոլ Փաշինյանն իր կառավարության որոշումով լիազորում է մի կազմակերպության, որը նույնիսկ լիցենզիա չունի: Իսկ գիտե՞ք՝ ինչու, որովհետև այդ «Ատրիում թիմ» ՍՊԸ-ն, ըստ օդում կախված լուրերի, ուղիղ կապված է բարեկամական կապերով մեր սրտի ՊԵԿ փոխնախագահ, Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհի և դրածո ՊԵԿ-ում Շուշաննա Ներսիսյանի հետ՝ նույն ինքը՝ Նակոլկա Շուշո»,- ներկայացրեց Մ. Մինասյանը։

168.am-ը ՊԵԿ փոխնախագահի և այդ կազմակերպության առնչությունների մասին հարցում հղեց ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանին՝ մասնավորապես հետաքրքրվելով․

«Հարգելի Տիկին Ներսիսյան, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակեց իր՝ «Ստի վերջը» տեսաշարի հերթական՝ 10-րդ թողարկումը։ Մ. Մինասյանն այս անգամ անդրադարձավ Գյումրիում մաքսատուն կառուցելու մանրամասներին՝ հիշատակելով նաև Ձեր անունը: Ի՞նչ առնչություն ունեք «Ատրիում թիմ» ՍՊԸ կազմակերպության հետ»:

 ՊԵԿ փոխնախագահը, սակայն, կարճ պատասխանել է. ««Ատրիում Թիմ» ՍՊ ընկերությունը ինձ հետ որևէ առնչություն չի ունեցել և չունի»։

Որտե՞ղ է ճշմարտությունը

Թեև Շուշանիկ Ներսիսյանը հերքեց իր առնչակցությունն այդ կազմակերպությանը, այդուհանդերձ, մեր տեղեկություններով, Հայկ Դալլաքյանը, ով 2011 թվականին միացել է «Ատրիում թիմի»ն և որի անվամբ բացված էլեկտրոնային փոստը tender-monitoring կայքում ցայսօր կցված է «Ատրիում թիմ» ՍՊԸ-ին, Շուշանիկ Ներսիսյանի ազգականն է (Հայկ Դալլաքյանի և Շուշանիկ Ներսիսյանի տատիկները հարազատ քույրեր են):

Ի դեպ, ոչ ոք չի կարող հերքել նաև այն փաստը, որ Քաղաքաշինության կոմիտեից լիցենզիա ստանալուց ընդամենն օրեր անց այս կազմակերպությունը ՊԵԿ-ի հետ կնքված պայմանագրով ստանձնում է Գյումրի քաղաքում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների միասնական սպասարկման կենտրոնի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները:

Այսպիսով՝ ՀՀ կառավարությունը 08.08.2019 թվականին ընդունում է որոշում՝ համաձայն որի՝ Հյուսիսային մաքսատուն-վարչության արդիականացման ծրագրի շրջանակներում Գյումրի քաղաքում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների միասնական սպասարկման կենտրոնի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներով գնումներն անհրաժեշտ է կատարել մեկ անձից գնման եղանակով (վկայակոչելով արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով գնման անհետաձգելի պահանջի ծագում և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնարինություն, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել) և գնման գործընթացին մասնակցելու համար հրավեր է ուղարկվում նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում ծառայությունների համար՝ «Ատրիում թիմ» ՍՊ ընկերությանը։

Համաձայն tender-monitoring կայքի տվյալների՝ մինչ այդ երբևէ ՀՀ որևէ պետական մարմին որևէ գնում, ներառյալ՝ մեկ աղբյուրից, չէր կատարել «Ատրիում թիմ» ՍՊԸ (Ատրիում Թիմ ՍՊԸ կայքը atrium.am-ն է)։ Ավելին, մինչ այդ պահը «Ատրիում թիմ» ՍՊԸ քաղաքաշինության բնագավառի գործունեության որևէ լիզենցիա չի ունենում և միայն օգոստոսի 26-ին քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով «Ատրիում» ՍՊ ընկերությանը տրամադրվում են համապատասխան լիցենզիաներ:

Հաջորդ օրը «Ատրիում թիմ» ՍՊԸ-ն որոշվում է որպես նշված տենդերի հաղթող, և օգոստոսի 29-ին ՊԵԿ-ը նրա հետ կնքում է պայմանագիր՝ 33,950,000 ՀՀ դրամով։

Հետագայում «Ատրիում թիմ» ՍՊԸ-ի հետ կնքվում են մի շարք այլ պայմանագրեր մաքսատան կառուցման հետ կապված, որոնք ըստ ժամանակագրության՝ ամփոփել ենք հոդվածի վերջում։

Այս ընկերությանն առնչվող մեկ այլ բարեկամական կապի մասին ևս. կազմակերպության ֆեյսբուքյան էջում նշվում են կազմակերպության ճարտարապետների անունները, որոնք հինգն են, նրանց թվում է նաև Տիգրան Վարդապետյանը, ով, ըստ տեղեկությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական, Արդարադատության նախկին փոխնախարար Աննա Վարդապետյանի եղբայրն է: Իհարկե, թվում է՝ հակաօրինական ոչ մի բան չկա այն հանգամանքում, որ ազգակցական կապ կա, այդուհանդերձ, հարց է առաջանում՝ արդյո՞ք նաև այս հանգամանքն է օգնել «Ատրիում թիմ» կազմակերպությանը կառավարության կողմից արժանանալու այդչափ վստահության: Հարցի շուրջ որևէ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով փորձեցինք կապ հաստատել նաև Աննա Վարդապետյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Մեկ անձից գնման ընթացակարգի մասին

Մուտք գործելով www.e-gov.am կայք, ընտրելով մեկ անձից կատարվող գնումներ բաժինը, հնարավոր է տեսնել, թե պետական որ մարմինն ու ինչպիսի գնում է կատարել մեկ անձից, ուսումնասիրել կնքված պայմանագրերը: Կառավարության կայքէջի համապատասխան բաժնում առկա են նաև «Ատրիում թիմ» ՍՊԸ-ի հետ 2019 և 2020 թթ. կնքված համաձայնագրերն ու պայմանագրերը:

Գնումների պայմանագրերի հաշվետվողականությունը ներկայացնող կայքէջում ևս առանձնացված են այս ընկերության հետ կնքված բոլոր պայմանագրերը։

Ըստ այդմ՝ 2019թ. օգոստոսի 29-ին «Ատրիում թիմ» ընկերությանն է վստահվել Գյումրի քաղաքում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների միասնական սպասարկման կենտրոնի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներն իրականացնելը, պայմանագրով կատարողի կատարման ենթակա աշխատանքի գինը կազմել է 33 մլն 950.000 դրամ:

Նույն կազմակերպությունը 2019թ. սեպտեմբերի 23-ին ստանձնել է Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 2/14 հասցեում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների միասնական սպասարկման կենտրոնի կառուցման աշխատանքների (1-ին փուլ) կատարման նկատմամբ հեղինակային հսկողության ծառայություններ իրականացնելու պարտականությունը. պայմանագրի ընդհանուր գինը՝ 4 մլն 300.000 դրամ:

Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 2/14 հասցեում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների միասնական սպասարկման կենտրոնի կառուցման աշխատանքների (1-ին փուլ 2-րդ մաս) կատարման նկատմամբ հեղինակային հսկողության ծառայություններն իրականացնելու համար 2019թ. հոկտեմբերի 14-ին կնքվել է պայմանագիր, ընդհանուր գումարը՝ 4 մլն 400.000 դրամ:

ՀՀ ՊԵԿ կարիքների համար Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 2/14 հասցեում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների միասնական սպասարկման կենտրոնի կառուցման աշխատանքների (1-ին փուլ 3-րդ մաս) կատարման նկատմամբ հեղինակային հսկողության ծառայություններ, պայմանագիրը կնքվել է 2019թ. նոյեմբերի 25-ին, ընդհանուր գումարը՝ 200.000 դրամ:

2019 թ. դեկտեմբերի 27-ին կնքվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման ընթացակարգի պայմանագիրը՝ ընդհանուր գինը՝ 6 մլն դրամ:

2020 թ. հունիսի 5-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման հայտարարություն և հրավեր, ընդհանուր գինը՝ 5 մլն 500.000 դրամ:

 Բյուջեի միջոցների մսխում

Երևանի հարավային հատվածում գտնվող Արարատյան մաքսատունը (այսպես կոչված` Նորագավիթի մաքսատուն) Գյումրի տեղափոխելու մասին որոշումը կայացրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2019 թվականի ապրիլին։

Երևանում գործող մաքսատան փոխարեն՝ Գյումրիում նոր ավտոմաքսատուն կառուցելու որոշումը մասնագետների շրջանում տարատեսակ մեկնաբանությունների առիթ էր տվել, այդ թվում՝ վարորդների և ավտոմեքենաների վաճառքով զբաղվողների շրջանում։

Այն նախատեսված էր օրական 1200 մեքենա սպասարկելու համար։ Բյուջեի միջոցներից ծախսվեց մոտ 5 միլիոն դոլարի չափ գումար, աշխատեց 3 ամիս։ Հունվարի 1-ից շուկայի գործունեությունը դադարեց: Ի սկզբանե էլ անհասկանալի էր դրա կառուցման նպատակահարմարությունը և հեռանկարը։ Շատերը Փաշինյանի այս հապճեպ որոշումը և նախաձեռնությունն անիմաստ էին համարում, իսկ շինարարության համար հատկացված գումարը` իզուր ծախս։

Տեսանյութեր

Լրահոս