«Հլը չենք տարել անասուն մորթելու, ոչ էլ տանելու ենք, ավելորդ ծախս է». ֆերմերները՝ պարտադիր սպանդանոցային մորթի մասին

Արդեն 4 օր է՝ սպանդանոցային մորթը պարտադիր է դարձել ամբողջ հանրապետությունում: 168.am-ը զրուցել է ֆերմերների հետ՝ պարզելու, թե ինչպե՞ս է կիրարկվում արդեն ուժի մեջ մտած օրենքը և արդյոք լուծվե՞լ են այն խնդիրները, որոնց համար հունվարին ցույց էին անում, փողոց էին փակել և նաև այդ պատճառով օրենքի կիրառումը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը։

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ՝ բակային մորթը պետք է արգելվեր դեռ հունվարի 15-ից, սակայն սոցիալական բունտը պատճառ դարձավ, որ ժամկետները երկարաձգվեն: Ֆերմերները պնդում էին՝ խնդիրները շատ են. սպանդանոցները քիչ են, դժվար է անասուններին սպանդանոց հասցնելը, սպանդանոցներում սանիտարական վիճակն այնքան էլ բարվոք չէ, անասունը մինչև սպանդանոց հասնելը քաշ է կորցնում, գյուղացիներին հուզում էր հատկապես այն, որ իրենք ստիպված են լինելու գումար վճարել, որ սպանդանոցում մորթվի իրենց անասունը, իսկ այն ժամանակ իրենք կա՛մ անվճար, կա՛մ չնչին գումարի դիմաց էին դա անում։

«Արդեն ահագին ժամանակ է՝ հող եմ մշակում, տեղյակ չեմ: Նոր սպանդանոցներ սարքվո՞ւմ են, թե՞ չէ: Լսել եմ, բայց էնքան որ լսել եմ, մի օր բենզին էի լցնում՝ ասեցին, որ պիտի որ Վեդի քաղաքում սպանդանոց սարքեն, էնքան որ լսել եմ, ուրիշ բան չգիտեմ»,- ասաց Վեդիի ֆերմերներից Գուրգենը:

Մխչյան գյուղից ֆերմեր Զորիկ Թորոսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իրենց արդեն զանգում զգուշացնում են, որ բակային մորթն արգելված է:

«Այո, արդեն պարտադրում են: Մարդիկ եղել են, որոնք տարել են արդեն սպանդանոց: Սանէպիդկայանից, սննդի անվտանգությունից զանգում զգուշացնում են, որ արդեն պարտադիր է, որ սպանդանոցով լինի»:

Մեր հարցին, թե նոր սպանդանոցներ իրենց տարածքում կառուցվո՞ւմ են, և ինչպե՞ս են լուծելու տեղափոխման խնդիրը, ինչից առաջացրած դժվարությունների մասին հունվարին այդքան խոսում էին, Զորիկ Թորոսյանը պատասխանեց.

«Կառուցվում է սպանդանոց, մեկը համարյա ավարտին է հասցվել, մյուսը մի 15-20 օրից ամենաուշը կավարտեն: Դե տենց պիտի լինի արդեն, էլի, որ պարտադրում են՝ ի՞նչ անենք: Սպանդանոցի տերը պարտավոր է 30 կմ շառավղով սպասարկի ժողովրդին, եթե մարդը զանգում է սպանդանոց, անասուն ունի մորթելու կամ վաճառելու, սպանդանոցի տերը պարտավոր է 30 կմ շառավղով, ինքն իր ուժերով գնա անասունը բերի, մորթի, փողը տա, ֆերմերը գնա: Անասունին կշռելու են մորթելուց հետո, տեղում չեն կարող, տենց հնարավորություն մենք Հայաստանում չունենք, պիտի մորթեն, հետո կշռեն: Տեղափոխելը դժվար է, ես էլ եմ հասկանում, որ հատկապես ծանրքաշային ցուլիկներին տեղափոխել չի լինելու, դժվար է լինելու, բայց եթե հարցը դրված է, որ սպանդանոցը պետք է տեղափոխի, ոնց ուզում ա՝ թող տեղափոխի»:

Մասիս քաղաքի ֆերմերներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ գտնվող սպանդանոցն անասունի տեղափոխումը չի ապահովում, իսկ սպանդանոց տանելն ավելորդ ծախս է, որի պատճառով շատերը սկսելու են էլ անասուն չպահել.

«Խանութներն առանց թղթի չեն վերցնում: Որ գիտենք՝ տենց ա, հլը չենք տարել անասուն մորթելու, ոչ էլ տանելու ենք: Ավելորդ ծախս է, ամեն մեկից 10-15 հազար մենակ սպանդանոցն է ուզում, տեղափոխելն է խնդիր, ահագին դժվարություններ կան, վտանգավոր է նաև: Ես Մասիսի տարածքից եմ, Մասիսի սպանդանոցը տեղափոխում չի անում»:

Ինչ վերաբերում է նոր կառուցվող կամ արդեն կառուցված սպանդանոցներին, որոնք պետության աջակցությամբ պետք է կառուցվեին, ֆերմերն ասաց.

«Ես ուզում էի սպանդանոց կառուցել, բայց ծախսերը մեծ էր, չարեցի: Զատո սենց էլ ձեռք չի տալիս, ուր մնաց՝ մի հատ էլ 10 մլն ծախսենք, սպանդանոց սարքենք: Մեծ ֆերմերները սպանդանոցները սաքրել են, փող ունեն՝ սարքել են, իրենք իրենց անասուներով սպառումն ապահովում են: Մենք էլ որ քչով ենք պահում՝ 30-50 հատով, մեզ ձեռք չտվեց»:

Մեր հարցին, թե ձեռնտո՞ւ է լինելու այսուհետև անասուն պահելը, մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց.

«Ոչ մի ձև: Պատրաստվում ենք չպահենք էլ, ուրիշ գործ կանենք»:

«Դեռ չկա մորթելու անասուն, որ տանեմ, տանենք՝ կերևա: Ես նոր սպանդանոցների մասին չեմ լսել: Դժվար սարքած լինեն: Խնդիրներն ընթացքում կերևան»,- ասաց Արարատի մարզից մեկ այլ ֆերմեր:

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին մեզ հետ զրույցում ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն ասել էր, որ երկրի պահանջարկը բավարարելու համար հարկավոր է մոտ 70 սպանդանոց, հուլիսի 1-ի դրությամբ գործում է 45-ը, ևս 20 սպանդանոց հայտարարել է, որ սկսելու են գործել, ինչը, սակայն, ստուգման ենթակա է:

Տեսանյութեր

Լրահոս