«Չեն թողնում, աշխատող մարդը, որը չարչարվում է, խիղճը հանգիստ չարչարվի». Ֆերմերը՝ պարտադիր սպանդանոցային մորթի մասին

Այսօրվանից սպանդանոցային մորթը պարտադիր կլինի ամբողջ հանրապետությունում: Կառավարության որոշմամբ՝ բակային մորթը պետք է արգելվեր դեռ հունվարի 15-ից, սակայն սոցիալական բունտը պատճառ դարձավ, որ ժամկետները երկարաձգվեն: Ֆերմերները սկզբում հավաքվել էին Կառավարության շենքի առջև, ապա փողոցներ էին փակել, պնդում էին՝ խնդիրները շատ են. սպանդանոցները քիչ են, դժվար է անասուններին սպանդանոց հասցնելը, սպանդանոցներում սանիտարական վիճակն այնքան էլ բարվոք չէ, գյուղացիներին հուզում էր հատկապես այն, որ իրենք ստիպված են լինելու գումար վճարել, որ սպանդանոցը մորթի իրենց անասունը, իսկ այն ժամանակ իրենք կա՛մ անվճար, կա՛մ չնչին գումարի դիմաց էին դա անում։

Հունվարի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆերմերներին վերջնագիր ներկայացրեց՝ մինչև հուլիսի 1-ը, բացառությամբ Երևան քաղաքի սուպերմարկետների և Երևան քաղաքի ռեստորանների, հանրային սննդի ցանցի, հանրապետության մյուս հատվածներում կթողնեն նույն իրավիճակը, մինչ այդ ձեռնամուխ կլինեն նոր սպանդանոցների կառուցման: Այս ընթացքում առաջ եկավ չնախատեսված հանգամանք՝ կորոնավիրուսը և, հետևաբար՝ արտակարգ դրությունը: 168.am-ը Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ սրանով պայմանավորված՝ ժամկետները կրկին երկարաձգվեն:

«Այս պահին չի նախատեսվում երկարաձգում այդ որոշման, և այն հնարավոր դարձնելու համար մի շարք փոփոխություններ են արվել Կառավարության աջակցության ծրագրերում, որ սպանդանոցային գործունեություն ծավալելն ավելի հասանելի և մատչելի լինի տնտեսվարողների համար»,- ասաց Աննա Օհանյանը:

ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում սպանդանոցների կառուցման 270 հայտ են ստացել, որոնց մեծ մասը չի բավարարվել տարբեր պատճառներով:

«45 սպանդանոց այս պահին գործում է, ևս 20 սպանդանոց հայտարարել է, որ այսօրվանից կսկսեն գործել: Մենք, իհարկե, ընթացքում կստուգենք, թե ինչքանո՞վ են պատրաստ գործելու, ինչքանո՞վ են գործում, ևս 69-ն այս պահին կառուցվում են և առաջիկա երկու ամիսներին պատրաստ կլինեն: Երկրի պահանջարկը մոտ 70-ն է, եթե մեր 45-ի հետ այդ 20-ն էլ սկսում են գործել առաջիկա 10-15 օրերի ընթացքում, դա նշանակում է, որ մենք պատրաստի 65 սպանդանոց ունենում ենք երկրում: Այսօրվանից կստուգվի, կհասկանանք, թե որո՞նք են իսկապես գործում, որո՞նք գուցե մի 2-3 օր տարբերությամբ կսկսեն գործել, ամեն դեպքում այդ 20-ը մեզ ասել են, որ ամսի 1-ից պատրաստ են կենդանիներ ընդունելու և մորթ կատարելու: Սպանդանոցների կառուցման 270 հայտ ենք ունեցել, բայց մաղվել են, ամեն մեկն ուզում էր իր տան կողքը սպանդանոց կառուցել, բայց, բնականաբար, գնացել ստուգել ենք, կամ համապատասխան հողեր չեն եղել, կամ բնակեցման վայրերից համապատասխան հեռավորություն չեն ունեցել, կամ այլ պայմաններ չեն կարողացել ապահովել: Հայտ ներկայացրածներից մոտ 90-ը սկսել են կառուցել»,- ասաց Անուշ Հարությունյանը:

Մասնագիտությամբ անասնաբույժ Լևոն Գրիգորյանը, որ 1988թ.-ից ֆերմերությամբ է զբաղվում, մեզ հետ զրույցում ասաց՝ այն խնդիրները, որոնք իրենք առաջ էին քաշել ամիսներ առաջ և որոնց համար ճանապարհ էին փակել, այդպես էլ լուծում չեն ստացել: Գրիգորյանի խոսքով՝ ոչ թե ֆերմերը պետք է անասունին տանի սպանդանոց, այլ սպանդանոցից պետք է գան, ֆերմերից անասունը տանեն:

«Բացարձակ ոչ մի պայման չի ստեղծվել ֆերմերի համար: Հիշում եք, որ հանդիպումներ էինք ունենում մարզում, Կառավարության շենքի դիմաց: Մարզպետն ու մնացածն ակուրատնի խաբեցին մեզ, թե սպանդանոցներ են սարքում, տվեցին Խաչատուր Սուքիասյանի անունը, ինչն ինձ շատ բարկացրեց, ասացի՝ էլի նույն օլիգարխները, նորից նույն ձևը: Ինձ հասած տեղեկություններով՝ չկա նման բան, որ Արարատի մարզում որևէ նոր սպանդանոց պատրաստ լինի, գուցե՝ մեկ-երկուսը: Խնդիրներից ոչ մեկը լուծում չի ստացել: Սպանդանոց սարքելն էլ դեռ քիչ է, սպանդանոցի տերն ինքը պետք է լինի ֆերմեր, որ հասկանա մեր կարգավիճակը, մեր տանջանքը, մեր աշխատանքը գնահատի: Պետք է ունենա հնարավորություն իր մեքենայով տեղափոխելու, մեքենայի մեջ կշեռքով, կամ չգիտեմ, թե կահավորումը ոնց է լինում՝ դրսում, ներսում, էդ ձևով մոտենա: Երբ որ ինքը կգա, ես իրենով կզբաղվեմ մի 15 րոպե, էն ժամանակ դա ֆերմերին միգուցե փոքր-ինչ հարմար լինի, բայց նման պայման, համզոված եմ, չի լինելու, չեն էլ ասում էդպիսի բան: Եթե մեր նախարարը, խելացի էդ մյուս գիտնականները, Կառավարության մյուս անդամները պնդում են, որ այդպես պետք է լինի, միակ ձևը, տարբերակն այն է, որ գան ֆերմերին մոտենան, ցանկացած գյուղի ահազանգից հետո օր, ժամ նշանակեն, էդ ժամին գան, որ ֆերմերը կամ անասնատերը, տվյալ անասունը, որ պետք է սպանդանոց տարվի, գան կշռեն, ֆերմերի գումարը տան, իրանք գնան իրանց գործին, ֆերմերը մնա իրա գործին: Ո՞ր մի նորմալ երկրում է ֆերմերը վազում էդ ամեն ինչի հետևից, պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է»,- ասաց ֆերմերը:

Լևոն Գրիգորյանի խոսքով՝ ոչ բոլոր ֆերմերներն ունեն հնարավորություն մեքենայով անասունին հասցնելու անգամ մոտակա սպանդանոցը, բացի մեքենան, նաև ժամանակ է պետք, որ սպասեն, մինչև իրենց անասունը կմորթեն: Իր օրինակով է բացատրում՝ անասուն էլ է պահում, այգի էլ ունի, առավոտյան 5:30-ից աշխատում է մինչև ուշ գիշեր, ասում է՝ իր ամբողջ օրը վազք է, էլ ե՞րբ հասցնի անասունին սպանդանոց տանել:

«Սպանդանոցը որտեղ էլ որ լինի, ինձ համար էլի խնդիր է և՛այնտեղ հասցնելը, և՛ գնային հարցը, և՛ մնացած բոլոր հարցերը: Եթե, օրինակ, ես ապրում եմ Բարձրաշեն գյուղում, ընդունենք՝ սպանդանոցը լինի Արտաշատում՝ 15 կմ հեռու, ինչ պայմաններ էլ որ առաջարկեն, խնդիրներ են առաջանալու: Բնության գործոնից չպրծած, հիմա էլ պետք է մարդկային գործոնի հետ գործ ունենանք, չեն թողնում ֆերմերը, աշխատող մարդը, որը չարչարվում է, խիղճը հանգիստ չարչարվի, որի վառ օրինակն էլ ես եմ»,- ասաց Գրիգորյանը:

Ֆերմերը շարունակում է պնդել, որ սպանդանոցային մորթի պարագայում որևէ մեկի համար շահավետ չի լինի անասուն պահելը, քանի որ այն գումարը, որը մեկ անասունի վաճառքից պետք է աշխատեին, հիմա էլ ստիպված են լինելու ճանապարհի և սպանդանոցի վրա ծախսել: Ինչ վերաբերում է Կառավարության աջակցության ծրագրերին, Գրիգորյանն ասում է, որ իրենց մարզում շարժ չկա:

«Արարատի մարզում 15-20 հոգի սպանդանոց կառուցել ցանկացողներ կային, որ ռեալ մարդիկ էին, ոչ մեկը չարեց, ինձ թվում է՝ դա այնքան էլ դյուրին չէ, որքան ներկայացնում էին, կամ արհեստական խոչընդոտներ են ստեղծվել: Ես ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանին մարզպետարանում հարցրել եմ՝ երբ որ Դուք պնդում եք, որ սպանդանոցը պարտադիր է դառնալու, Դուք դա ռիսկային տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ: Մեր հարևան Վրաստանում մարդիկ ընկել են այդ ծախսի տակ, չի աշխատել, հստակ պատասխան չստացա»:

Ֆերմերի խոսքով՝ ստեղծված վիճակին գումարվել է նաև կորոնավիրուսը, որով պայմանավորված՝ մսի վաճառքի տեմպերն ընկել են:

«Էս վիրուսը շատ վատ անդրադարձավ բոլոր բնագավառների վրա, բացառություն չէր նաև գյուղատնտեսության անասնապահության ճյուղը: Մինչև էդ էլ մի բան չուներ մեր ժողովուրդը, հեղափոխությունից հետո չեմ տեսել այն աշխուժությունը, որ ասում, բարձրաձայնում էին: Առևտուր կոչվածը 20-25 տոկոս է, որ աշխատում է: Շատ վատ է ծախվում անասունի միսը, միրգը, շուկա չկա: Էն ժամանակ, երբ մենք բողոքի ակցիա էինք անում, վաճառքն ավելի լավ էր, գինն ավելի բարձր էր, քան հիմա»,- եզրափակեց ֆերմերը:

Տեսանյութեր

Լրահոս