«Ռոբերտ Քոչարյանին փակելու գործում Մարուքյան Էդմոնը Փաշինյանի հանցակիցն է». Միհրան Հակոբյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հրաժարվելով ստորագրել Ազգային ժողովի ընդունած օրենքները, ընդամենը փորձեց խուսափել քրեական պատասխանատվությունից, ձեռքերը լվաց և հետ կանգնեց՝ այդ մասով պատասխանատվության ենթակվելու հարցը թողնելով Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։

«Խորհրդարանական երկրի նախագահը շատ արագ իր լիազորությունները փոխանցեց Ազգային ժողովի նախագահին։ Հիմա հարց է առաջանում, թե խորհրդարանական երկրի նախագահ կոչվածն ընդհանապես ինչի՞ համար է հարկատուներիս հաշվին աշխատավարձ ստանում։ Նա շատ լավ հասկանում է, որ սահմանադրական հեղաշրջման մասնակից լինելու, սահմանադրական կարգը տապալելու համար առանց վաղեմության ժամկետի բոլորը նստելու են, իսկ քանի որ Արմեն Սարգսյանը շատ լավ գիտի՝ նման իրավիճակները ինչ վերջաբան են ունենում, քաշվեց մի կողմ։ Ամեն Սարգսյանը, սակայն, պատասխանատվության է ենթարկվելու այլ դրվագներով. Օրինակ՝ այդ արտասահմանյան վոյաժները, որն ինքն անում է հարկատուների հաշվին իր բիզնես հարցերով, մեկը դա է։ ՀՀ հարկատուներից գողացած փողերը Արմեն Սարգսյանը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու է։ Չի՛ լինելու այնպես, որ գնա երկրագնդի ինչ-որ հատվածում քաղաքական ապաստան ստանա՝ հերթական անգամ հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից»,- ասաց Հակոբյանը։

Դիտարկմանը, որ, երբ Արմեն Սարգսյանին այսպես քննադատում է, չի՞ հիշում արդյոք, որ նրան ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, իսկ ինքն այդ ժամանակ ՀՀԿ անդամ էր, Միհրան Հակոբյանն ասաց.

«Ես 2006 թվականից մինչև 2019 թվականը եղել եմ ՀՀԿ անդամ, և այս տարիների ընթացքում կա մի բան, որի համար և՛ ցավում, և՛ փոշմանում եմ՝ դա այն էր, որ ես կողմ եմ քվեարկել, որ Արմեն Սարգսյանը դառնա ՀՀ նախագահ»։

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող զարգացումներին՝ Հակոբյանը նշեց, որ քաղաքական մեծամասնության կողմից ընդունված օրենքների նպատակն իշխանության գրպանում գտնվող Սահմանադրական դատարան ունենալն է, որը, սակայն, չկանխեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

«Մարուքյան Էդմոնն իր բերած պատճառաբանություններով՝ մասնակից է Ռոբերտ Քոչարյանին փակելու գործընթացին, իսկ եթե ասենք շատ ուղիղ, ապա ՍԴ չդիմելով ու դա պայմանավորելով Քոչարյանի գործով, Քոչարյանին փակելու քաղաքական հետապնդման այս գործընթացում Մարուքյան Էդմոնը Նիկոլ Փաշինյանի հանցակիցն է։ Այսօր «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների մեծ մասը պատերի տակ բամբասում է, որ այսօր վախենում են հեռախոսով, ուղիղ կապով խոսել, որովհետև իրենց ձայնագրում են, որոնք բերելու են, հետո դնեն իրենց առջև, իրենց անձնական կյանքն են փորփրում, և դա՝ այն դեպքում, երբ նախկին իշխանության ժամանակ այդ խնդիրը չեն ունեցել, ու հիմա եթե պետք է իրենց ընդդիմադիր գործառույթը պայմանավորեն Քոչարյանի գործով ու մասնակից դառնան նրան փակելու գործին, ապա թող գնան ասոցիացվեն Փաշինյանի հետ»,- ասաց Հակոբյանը։

Անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում ներքաղաքական զարգացումներին՝ Միհրան Հակոբյանը նշեց, որ ձևավորվում է ընդդիմադիր դաշտում մեկ ընդհանուր օրակարգ, որին չի խոչընդոտում անգամ այն, որ վարչապետն ԱԺ ամբիոնից սպառնացել է, թե՝ բա որ մենք հանրահավաք անենք, ինչ կլինի։

Հակոբյանը նշեց, որ Փաշինյանը կարող է հանրահավաք անել, սակայն նրան աջակցող հատվածը կլինեն միայն աղանդավորական խմբակները և համասեռամոլները։

Դիտարկմանը, որ 168.am-ի տեղեկություններով՝ իշխանությունը պատրաստվում է հանրահավաք անցկացնել և արդեն ստացել է «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության համաձայնությունը՝ 50 հազար մարդ փողոց դուրս հանելու համար, Հակոբյանը պատասխանեց.

«Նիկոլ Փաշինյանի հենարանը եղել են և կան այդ աղանդավորական խմբեր-խմբակները և հոմոսեքսուալները։ Որևիցե մեկը թող չբացառի՝ Նիկոլ Փաշինյանը պետք է դիմի աղանդավորներին և հոմոսեքսուալներին, նրանց տանի փողոց և ցույց տա, որ հանրահավաք է անում, և իրեն աջակցում են»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս