Բաժիններ՝

Բոդիբիլդինգի չեմպիոն Վահրամ Հակոբյանին առնչվող քրեական գործում նոր հանգամանքներ կան

Նախկին հրապարակումներում բազմիցս անդրադարձել ենք մի քրեական գործի, որն առնչվում է Հայաստանի բոդիբիլդինգի չեմպիոն, միջազգային հեղինակավոր մրցույթների մասնակից և հաղթող Վահրամ Հակոբյանին, ում պնդմամբ՝ այդ գործը շինծու է, ինչի պատճառով ստեղծվել են իր սպորտային կարիերային վնասող արհեստական խոչընդոտներ, և նա չի կարողանում վերադառնալ Հայաստան:

Գործի հետ հնարավորին առնչություն ունեցող նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք կարող են կտրուկ փոխել այս քրեական գործի ընթացքը, ուստի մենք զրուցել ենք Վահրամ Հակոբյանի փաստաբան Կարեն Ստեփանյանի հետ, ով մանրամասներ ներկայացրեց գործի վերաբերյալ նոր հանգամանքների և ընթացքի մասին:

Մեր հարցին, թե ի՞նչ փուլում է ներկայումս գտնվում Վահրամ Հակոբյանին վերաբերող քրեական գործը, և իր գնահատմամբ՝ ինչքանո՞վ է այն հիմնավորված, փաստաբան Ստեփանյանը պատասխանեց. «Շուտով մեկուկես տարի կլինի, որ քննվում է այս քրեական գործը, և այն հիմնված է բացառապես տուժողի սուբյեկտիվ ցուցմունքների վրա: Վարույթն իրականացնող մարմինը տուժողի կանխակալ հայտարարություններին տալով իրավական ուժ՝ կառուցել է մի քրեական գործ, որն ամբողջությամբ սուտ է: Սույն գործի վերաբերյալ առանձնակի հետաքրքրություն են ցուցաբերել նաև ԱԱԾ մարմինները, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ապօրինի ճանապարհով ձեռք բերված ապացույցներն օրինականացնելու համար: Քրեական գործում կան անհերքելի ապացույցներ, որ ԱԱԾ գործողությունները դուրս են օրենքի սահմաններից»:

– Կմասնավորեցնե՞ք, խնդրում եմ, ԱԱԾ գործողությունների մասով:

2019թ. ապրիլի 20-ին, առավոտյան ժամը 10:00-ին ԱԱԾ Արարատի մարզային վարչության պետի միջնորդության հիման վրա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ. Վարդազարյանի նախագահությամբ բավարարվել է օպերատիվ հետախուզական միջոցառման թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը, որում հղում է կատարվել սույն գործով ենթադրյալ տուժող Վաղինակ Ղազարյանի կողմից տրված հանցագործության մասին հաղորդմանը: Հատկանշականն այն է, որ նշված հաղորդումը Վաղինակ Ղազարյանն ԱԱԾ Արտաշատի բաժնում տվել է 2019թ. ապրիլի 20-ին, ժամն առավոտյան 10:15-ից մինչև 11:55-ն ընկած ժամանակահատվածում:

Նույնը օրը՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո, նա նաև չորս էջից բաղկացած բացատրություն է տվել։ Սակայն, ինչպես վերը նշվեց, դատարանն արդեն իսկ որոշումը կայացրած է եղել։ Այս ժամերն արդեն հստակեցված են, քանզի արդեն պաշտպանական կողմին հասանելի դատավարական փաստաթղթերով դրանց վերաբերյալ կա տեղեկատվություն, որի վերաբերյալ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում ՀՀ գլխավոր դատախազին և հատուկ քննչական ծառայության պետին: Այդ` ակնհայտ ապօրինի դատական ակտի հիման վրա ենթադրաբար կատարվել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչն էլ դրվել է ապօրինի մեղադրանքի հիմքում: Զարմանալին այն է, որ Հատուկ քննչական ծառայությունն այդ տվյալները համարում է «ոչ կոնկրետ»:

– Արդյո՞ք սա նշանակում է, որ գործողություն է կատարվել, այնուհետև հետադարձ ամսաթվով փաստաթուղթ դրվել գործի հիմքում. Այսինքն՝ գործի հիմքում դրված է անօրինական ճանապարհով ձեռք բերված «ապացույց», ինչն ամբողջովին հակասահմանադրական գործողություն է, և իրավունք չկա հիմք ընդունելու:

Այո: Դա ակնհայտ փաստ է, ինչի մասին վկայում են հենց քրեական գործում առկա դատավարական փաստաթղթերը, որոնք տրամադրվել են վարույթն իրականացնող մարմնի կողմից, և այդ սխալները, մեզ անհայտ պատճառներով, պատշաճ ուշադրության չեն արժանացել: Ես, որպես պաշտպան, բացառում եմ տվյալ ժամերի սխալ ամրագրումը որպես տեխնիկական վրիպակ որակելը, քանի որ 2019թ. ապրիլի 20-ին կազմված դատավարական փաստաթղթերում ներառված են փաստեր և հանգամանքներ, որոնք այդ օրը հայտնի չեն եղել ոչ մեկին:

– Դուք պնդում եք, որ գործն ի սկզբանե կողմնակալ է եղել, և ներկայումս շարունակում է լինել այդպիսին: Որտե՞ղ է դրսևորվել այդ կողմնակալությունը:

Նման կարծիք ինձ մոտ ձևավորվել է քրեական գործի ողջ նյութերն ուսումնասիրելու արդյունքում. մասնավորապես, որ տուժող կողմի համար ծառայեցվել է մարզի մի ամբողջ կարևորագույն կառույց, որպեսզի ձեռք բերված «ապացույցներին» տան օրինական տեսք, ինչպես նաև՝ տուժողի ցուցմունքներն ընդունվել են անվերապահորեն: Բացի այդ, սույն գործի հետ կապված դատավարական փաստաթղթեր պահանջելու գործընթացում ես, որպես պաշտպան, հանդիպել եմ մի շարք խոչընդոտների, որոնք չեմ բացառում, որ կապված են արտաքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն տվող դատավորի անձի հետ, քանի որ որոշում կայացրած դատավոր Ռ. Վարդազարյանն այդ ժամանակ եղել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ, իսկ այժմ նա հանդիսանում է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագան: Դեռևս ս.թ. մայիսի 11-ին պահանջել եմ դատական նիստի թղթային արձանագրությունը, որն առ այսօր չի տրամադրվել: Ստիպված եմ եղել դիմելու կրկին անգամ:

– Ըստ ձեզ, ի՞նչ շահագրգռվածություն կարող էր ունենալ ԱԱԾ Արարատի մարզային կառույցը, որպեսզի սույն կենցաղային մակարդակի հարցում, որն առերևույթ չունի ազգային անվտանգության սպառնալիք, նման տեսակի բարձր մակարդակի օպերատիվ ներգրավվածություն ցուցաբերեր:

Լրատվամիջոցներից տեղեկացել եմ, որ ԱԱԾ Արարատի մարզային վարչության պետ Ա. Հովհաննիսյանը ներգրավված է կոռուպցիոն գործընթացներում, և հնարավոր է՝ իմ կողմից նկարագրված հանգամանքները ևս լինեն շղթայական հանցագործությունների մաս, քանի որ, ըստ քրեական գործի, ենթադրյալ տուժող Վաղինակ Ղազարյանը ներկայանում է՝ որպես գյուղմթերքների արտադրության և արտահանման բնագավառում խոշոր գործարար, և նա ունի իրեն պատկանող գյուղատնտեսական նշանակության հողեր: Ուստի չեմ բացառում, որ այս ամենը կատարվել է վերջինիս «ծառայություն» մատուցելու համար, որի դրդապատճառները պետք է պարզեն իրավապահ մարմինները:

Հիշեցնենք, որ ս.թ. հունիսի 24-ին «Ազատություն ռադիոկայանի» հրապարակած հոդվածում, որը վերնագրված էր «ԱԱԾ Արարատի մարզային վարչության պետը ներգրավված է եղել չարաշահումներում, նա կալանավորված է. ԱԱԾ», նշվել էր, որ նա մեղադրվում է «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»:

Մասնավորապես, ըստ պաշտոնական տեղեկատվության, վերջինս մեղադրվում է «Արարատի մարզի համայնքապատկան հողամասերը պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց դրդմամբ ապօրինի օտարելու, ձևական աճուրդներ կազմակերպելու, համայնքներին առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից հանցագործությունը թաքցնելու մեջ»:

Ըստ Վահրամ Հակոբյանի պաշտպան Կարեն Ստեփանյանի՝ դատավարական հարցաքննության ժամանակ նա հարցրել է ենթադրյալ տուժող Վաղինակ Ղազարյանին, թե արդյո՞ք վերջինս ճանաչում է ԱԱԾ տվյալ բարձրաստիճան պաշտոնյային, ինչին վերջինս դրական է պատասխանել:

Ի լրումն, Վահրամ Հակոբյանի հարցազրույցում, որը հրապարակվել էր ավելի վաղ, երբ չկային այս նոր հանգամանքները, դեռևս ս.թ. ապրիլի 23-ին, որը վերնագրված էր «Անվանի մարզիկի հարցով քրեական գործը դեռ հետաձգվում է` անդառնալի վնաս հասցնելով վերջինիս սպորտային կարիերային», Վահրամ Հակոբյանը նշել էր, որ Վաղինակ Ղազարյանն ընկերական շրջապատում շեշտել է բարձր մակարդակներում իր կապերի մասին և հայտարարել, որ «ինքը հարուստ է, և ծախսելու է այնքան, ինչքան պետք է, որպեսզի Վահրամը հայտնվի ճաղերի ետևում»։

Ուստի, վերջերս տեղի ունեցած դատական նիստերից մեկի ընդմիջման ժամանակ մենք մոտեցանք Վաղինակ Ղազարյանին` հարցնելու, թե արդյո՞ք վերջինս փոխկապակցված անձ է վերը նշված ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, և թե արդյո՞ք ինքը, ինչպես նշել է բազմիցս, հանդիսանալով գյուղատնտեսության ոլորտում խոշոր գործարար, նույն մարզում ձեռք բերված հողատարածքների գործարքներով որևէ կերպ առնչություն ունեցել է վերը նշված գործառույթների հետ, և թե արդյո՞ք ԱԱԾ կառույցը ծառայեցվել է իրեն նպատակի համար՝ այդ անձնական կապերի շնորհիվ, սակայն նա հրաժարվեց պատասխանել` առանց լսելու հարցերը: Փոխարենը՝ վերջինիս փաստաբանը քաղաքավարի ասաց. «այս պահին մենք չենք ցանկանում որևէ կարծիք արտահայտել»: Թերևս, այս հարցի պատասխանը կտա ԱԱԾ-ն վերը նշված գործի նախաքննության ավարտից հետո, իսկ մենք կհետևենք, և եթե լինի դրա վերաբերյալ պաշտոնական հրապարակում ԱԱԾ-ի կողմից, այն կներկայացնենք հանրությանը:

Ի դեպ, այս հարցով մենք փորձեցինք նաև երկրորդ կարծիք ստանալ, և զրուցեցինք միջազգային ասպարեզում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի իրավաբանի հետ, ով աջակցում է Վահրամ Հակոբյանին և չցանկացավ այս փուլում նշել իր անունը:

Վերը նշված հանգամանքների վերաբերյալ վերջինս նշեց, որ իր կարծիքով՝ գործում առկա արտաքին դիտման գործողությամբ ձեռք բերված նյութերը չեն կարող հիմք ընդունվել նախաքննության ընթացքում և դատարանում, և ավելացրեց, որ այս սկզբունքն իրավաբանության մեջ ավելի շատ հայտնի է՝ որպես «թունավոր ծառի պտուղներ»:

Մասնավորապես, նույնիսկ ՀՀ Մայր օրենքը` Սահմանադրությունը, նշում է, որ «Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է»: Վերջինիս պնդմամբ, եթե Հայաստանում Վահրամ Հակոբյանը չարդարացվի դատարանի կողմից, ապա անպայման վերջինիս հորդորելու է և աջակցելու է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և, որ այս հանգամանքներով գործն այնտեղ, իր համոզմամբ, հաղթելու հսկայական հնարավորություն ունի:

 Պատրաստեց Կամո Մայիլյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս