Բաժիններ՝

Անվանի մարզիկի հարցով քրեական գործը դեռ հետաձգվում է` անդառնալի վնաս հասցնելով վերջինիս սպորտային կարիերային

Բազմիցս անդրադարձել ենք Հայաստանի բոդիբիլդինգի չեմպիոն Վահրամ Հակոբյանի ներգրավվածությամբ գործի քննությանը, որի շրջանակներում վերջինս մեղադրվում է իր` նախկին վաղեմի ընկերոջից գումար շորթելու ենթադրյալ արարքի մեջ, ինչը, նրա պնդմամբ՝ սուտ մատնության հիման վրա շինծու մեղադրանք է։

Մեր տեղեկություններով՝ երկարատև դադարից հետո Վահրամ Հակոբյանն արտերկրում բավականին երկար ժամանակ ջանքեր է ներդրել՝ պատրաստվելվ միջազգային մասշտաբի մրցույթի, որտեղ պետք է ներկայացներ Հայաստանի դրոշը, և այս գործի արդյունքում առաջացած անհաղթահարելի խոչընդոտի պատճառով այն ձախողվել է։

Մեր տեղեկություններով՝ նրա դեմ հարուցված գործը կառուցված է մեկ կողմի ցուցմունքի հիման վրա, որի հիմքում դրված է ԱԱԾ ներգրավվածությամբ արտաքին դիտման գործողության արդյունքում ձեռք բերված ապացույց, ինչի շուրջ կասկածելի հանգամանքներ կան։ Մասնավորապես, ենթադրյալ տուժող կողմը ենթադրյալ մեղադրյալի վերաբերյալ տեխնիկական միջոցների կիրառմամբ «արտաքին դիտման» գործողություններ իրականացնելու խնդրանքով դիմել է ԱԱԾ Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժին` 2019թ. ապրիլի 20-ին։ Նույնը օրը՝ աշխատանքային օրվա սկզբին՝ առավոտյան ժամը 09:00-ին, վերջինս հասցրել է ԱԱԾ Արտաշատի բաժնում վեց էջ գրավոր հաղորդագրություն տալ, և նույն օրը՝ ընդամենը մոտ մեկուկես ժամ անց, Երևանի առաջին ատյանի դատարանում նիստ է կայացել, որտեղ հասցրել են որոշում կայացնել և բավարարել այդ միջնորդությունը։

Վահրամ Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ ֆիզիկապես ինչպե՞ս է հնարավոր մեկուկես ժամում վեց էջ գրավոր հաղորդագրություն տալ Արտաշատում, այնուհետև այն հասցնել Երևան, կազմակերպել, որպեսզի դատարանը նիստ կայացնի և որոշում կայացնի:

Ի պատասխան՝ նա ասաց. «Չգիտեմ։ Համենայնդեպս, իմ փաստաբանն այս հարցով դիմել է վերաքննիչ դատարան, ինչը մերժվել է»։

Վահրամ Հակոբյանի պնդմամբ, ի սկզբանե իր դեմ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերվել նախաքննության մարմինների կողմից, և իր դեմ բողոք ներկայացնող անձն այստեղ-այնտեղ հայտարարել է, որ ինքը հարուստ է, և «ծախսելու է այնքան, ինչքան պետք է, որպեսզի Վահրամը հայտնվի ճաղերի ետևում»։

Սույն գործով ցուցմունքները սկսում են մի պարբերությամբ. Վահրամ Հակոբյանին ներկայացնում են՝ որպես քրեական հեղինակություն, ինչպես նաև՝ որպես Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին անդամ։ Քանի որ Վահրամ Հակոբյանը 2001-2007թթ. ժամանակահատվածում մտերիմ է եղել Գագիկ Ծառուկյանի հետ, այս փաստը ենթադրյալ տուժողը շահարկում է` նրան ներկայացնելով, որպես Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին անդամ։

Հաշվի առնելով նաև այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժն այժմ ընդդիմադիր ճամբարում է, չի բացառվում, որ վերջինիս հանդեպ ոչ բարյացակամ վերաբերմունքի համատեքստում հնարավոր լինի բացատրել Վահրամ Հակոբյանի հանդեպ սանձազերծված այս արշավը։ Ենթադրյալ տուժողը մի կողմից՝ դատարանում զոհ է ներկայանում, իսկ մյուս կողմից, ըստ Վ. Հակոբյանի՝ «բացահայտ լկտի պահվածք է ցուցաբերում` զանգահարելով և տարատեսակ սանձարձակ պահվածքով անհանգստացնելով ինձ»։

Ըստ նրա՝ չի բացառվում, որ որոշակի ենթադրյալ հովանավորյալների դրդմամբ է, որ այս անձը, ով դատարանում պնդում է, որ «զոհ է և իր անձնական անվտանգությունը վտանգված է, մյուս կողմից՝ լկտի պահվածք է ցուցաբերում` միտումնավոր պրովոկացիայի ենթարկելով, այսպիսով անտեսելով ընթացող դատական գործընթացները»։

Ինչևէ, Վահրամ Հակոբյանի փաստաբան Կարեն Ստեփանյանից հետաքրքրվեցինք գործի ընթացիկ մանրամասներից, ինչին ի պատասխան՝ նա ասաց.

«Գիտե՞ք, այլ հակասությունների հետ մեկտեղ՝ ամեն ինչ է՛լ ավելի վատ շինծու ուղղությամբ են փորձում տանել։ Օրինակ, վերջին նիստի ժամանակ ենթադրյալ տուժող Վաղինակ Ղազարյանն իր հետ նախկինում տեղի ունեցած անհաջողություններում մեղադրեց Վահրամ Հակոբյանին, ներառյալ՝ երկու հանգամանքով, ըստ որոնց՝ մի դեպքում՝ իրենից գողացել են 30.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափով գումար, որը ժամանակին գտնվել է և վերադարձվել իրեն, և մյուս դեպքով, իբր թե իմ պաշտպանյալը վերջինիս դռանը սպառնալիք է փակցրել և գումար պահանջել։ Ես պարզել եմ, որ այդ գործով արդեն առկա է մեղադրյալ, արդեն եղել է դատ, և արդեն կա որոշում, որով դատապարտվել է Վաղինակ Ղազարյանի հարևանը։

Փաստորեն, իմ պաշտպանյալին մեղադրում են մի կողմից՝ մի բանի մեջ, որի ապացույցը չկա, և նույնիսկ հաղորդագրություն էլ չի ներկայացվել ոստիկանություն գողության վերաբերյալ, իսկ մյուս կողմից՝ մի հանցավոր արարքում, որը կատարել է մեկ այլ մարդ, ով արդեն դատապարտվել է։ Սա ես դիտում եմ՝ որպես ակնհայտ սուտ մատնություն ու շինծու սին մեղադրանքներ, և համապատասխան միջնորդություն եմ ներկայացրել, որպեսզի ապացուցեն այդ հանցանքները, և եթե` ոչ, ապա Վաղինակ Ղազարյանին մեղադրեն սուտ մատնության մեջ և ենթարկեն համապատասխան քրեական պատասխանատվության։

Ինչքա՞ն կարելի է, ամեն ինչ իր սահմանն ունի, և ես պայքարելու եմ օրենքի սահմաններում ինձ լիազորված բոլոր իրավունքների շրջանակներում, որպեսզի այս` սուտ մատնությամբ մեղադրանքը վերացվի իմ պաշտպանյալի վրայից»։

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Վահրամ Հակոբյանին պաշտպանող կողմը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` մարդու սպորտային կարիերային պետության անգործության և պատշաճ իրավունքների պաշտպանության կատարման ապահովումը չիրականացնելու արդյունքում սպորտային կարիերային հասցված անդառնալի վնասի փոխհատուցման պահանջով։ Այս սցենարն օր օրի ավելի իրատեսական է դառնում, քանի որ այս դատավարության հետաձգվելն է՛լ ավելի է մեծացնում այդ վնասի չափը։

Ներկայումս փաստաբաններն ուսումնասիրում են նմանատիպ նախադեպային գործերի էությունը, և ապագայում մենք կփորձենք մանրամասներ ներկայացնել, որպեսզի հասարակությունը տեղյակ լինի, թե այս անգործության արդյունքում ինչքան պոտենցիալ վնասի հատուցում կարող է պահանջվել վճարել Հայաստանի բյուջեից, ասել է թե՝ մեր իսկ գրպանից, ինչպես եղավ, օրինակ, Գրիշա Վիրաբյանի գործով։

Մերի Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս