Հանրությանը գերի են վերցրել իրենց տներում և սկսել են զբաղվել բացառապես Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդման գործով. Քաղաքագետ
«Եկել եմ ականատեսը լինելու այն զարգացումների, որոնք սպասվում են այսօր այստեղ և նաև առաջիկա օրերին, որովհետև բոլորդ տեղյակ եք, որ Հայաստանի խորհրդարանում իշխող մեծամասնության կողմից տեղի է ունեցել Սահմանադրական հեղաշրջում, և Սահմանադրական հեղաշրջման հետևանքով որոշում է կայացվել, որ ՍԴ երեք դատավորներ պետք է պաշտոնանկ արվեն, ինչպես նաև Հրայր Թովմասյանը պետք է լքի ՍԴ նախագի պաշտոնը»,- Սահմանադրական դատարանի առջևից իր ֆեյբուքյան ուղիղ եթերում հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը նշեց, որ վերջին օրերին անընդհատ հետևել է թեմայով քաղաքական և իրավական քննարկումներին, ծանոթ է բոլոր փաստարկներին, որոնք ներկայացված են հեղինակավոր իրավաբանների կողմից այս գործընթացի ապօրինության վերաբերյալ.
«Ինչպես Սահմանադրության փոփոխման պրոցեսի մասին է խոսքը, այնպես էլ՝ կոնկրետ այս դատավորներին հեռացնելու Նիկոլ Փաշինյանի որոշման մասին: Ցավոք սրտի, որևէ իրավական հակափաստարկ չեմ տեսել իշխանական թիմի կողմից, որովհետև բոլոր խնդիրների և հարցերի առնչությամբ նրանց մոտ հնչում է մեկ պատասխան՝ օրինական է, և վերջ, երբ որ կա հստակ օրենքի կետերի դրույթների մատնանշում, որոնք խախտված են: Այս հարցերն իշխանությունների կողմից մնում են անպատասխան»:
Ըստ քաղաքագետի՝ իրավաբանները հստակ նշում են, որ ՀՀ ՍԴ-ի մասին Սահմանադրական օրենքի 88-րդ կետի փոփոխություն էր անհրաժեշտ դատավորներին պաշտոնանկ անելու համար, մինչդեռ իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ ամեն ինչ օրինական է, որ հիմա ՍԴ-ն լեգիտիմ կլինի, կվայելի քաղաքացիների վստահությունը. «Պատասխանների այն հայտնի շարանը, որոնց տակ չկա ո՛չ տրամաբանական, ո՛չ իրավական, ո՛չ բարոյական որևէ փաստարկ:
Խոսքը երկրում սահմանադրական կարգի տապալման մասին է, խոսքը Գործադիր իշխանության կողմից դատական իշխանության նվաճման և այս ոլորտում ևս Նիկոլ Փաշինյանի անձնական իշխանության, նրա կամքի տարածման մասին է, և, մեծ հաշվով, խոսքը վերաբերում է Հայաստանում քաղաքական գործընթացների ավարտի և իրավական ուղիներով ինչ-որ փոփոխությունների հասնելու մասին:
Ես վերջին օրերին շատ եմ խոսել նրա մասին, որ իշխանությունները մտահոգ քաղաքացիներին այլ ելք, քան հանրային ճնշման միջոցով իրավիճակը շտկել, այլևս չեն թողնում, և տեսնում ենք, որ այն քայլերը, որ նախաձեռնում են իշխանությունները, օր օրի մարդկանց ավելի մեծ զանգվածի դժգոհության պատճառ են դառնում: Շատերն իսկապես դիմում են խորհրդով, պահանջով՝ ինչ-որ մի կերպ կասեցնել այս զարգացումները, որոնք կան Հայաստանում»:
Ըստ նրա՝ իշխանություններն օգտագործելով կորոնավիրուսի համաճարակի փաստը՝ արտակարգ դրության ռեժիմ են սահմանել՝ հանրությանը գերի են վերցրել իրենց տներում, և օգտվելով այս փաստից՝ սկսել են զբաղվել բացառապես Ն. Փաշինյանի իշխանության ամրապնդման գործով՝ փոխարենը զբաղվելու վիրուսի տարածման գործով.
«ԱՆ Արսեն Թորոսյանը խոսում է թվաբանության մասին, թե ինչ է նշանակում ԱԺ 1/5-ը՝ 26.4, թե՞ 27… Քանի պատգամավոր է, և այլն: Նիկոլ Փաշինյանը մարդկանց տանը գերի վերցնելով՝ այդ ընթացքում հասցրեց ապօրինի ճանապարհներով Սահմանադրություն փոխել, քաղաքական հետապնդում սկսել իր մրցակիցների նկատմամբ, քրեական գործեր, ձերբակալություններ, հասցրեց գույքահարկի օրենք բերել, քաղաքացիներին նոր հարկերով ծանրաբեռնել: Այս ամենի պատասխանը հանրությունը չի կարող տալ, որևէ կերպ չի կարող. չի կարող դուրս գալ փողոցներ՝ ակցիաներ անել, որովհետև այդ՝ բացառապես մարդկանց ազատ հավաքվելու իրավունքը սահմանափակելու նպատակ հետապնդող Արտակարգ դրության պայմաններում մարդկանց բերման են ենթարկում, տույժերի են ենթարկում, և այլն»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն ընդունել էր Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։ Նույն նախագծով՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դառնում է ՍԴ դատավոր։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել` օրինագիծը ՍԴ ուղարկելու վերաբերյալ։ Ստորագրահավաքին միացել էր նաև ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: