
«Թատրոնը կենդանի արվեստ է, բայց եթե վարակը չնահանջի, մեր մանկական ներկայացումներն առցանց տիրույթում կցուցադրենք»

Համավարակով պայմանավորված ստեղծագործական դադարից հետո Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը կփորձի վերականգնել կապը հանդիսատեսի հետ՝ բեմադրելով ներկայացումներ, որոնցում զբաղված կլինի երեք-չորս դերասան: Սա արվում է՝ ելնելով անվտանգության կանոններից: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ասաց, որ այս տարի վերջին անգամ բեմ են բարձրացել մարտի 12-ին:
«Հունվարին և փետրվարին հազվադեպ ենք հանդես եկել բեմում, քանի որ թատրոնում ընթանում էին «Հարսանիք թիկունուքում» ֆիլմի նկարահանումները, ուստի բոլոր բեմադրությունները տեղափոխել էինք մարտ, ապրիլ, մայիս ամիսներ. ամեն ամիս պետք է 19 ներկայացում խաղայինք, բայց չհասցրինք»,- պատմեց Հարությունյանը և ուրախությամբ նշեց, որ թատերասերների սերը թատրոնի հանդեպ այնքան մեծ է, որ մարդիկ գնված տոմսերը չեն վերադարձրել: Թատրոնի «Ֆեյսբուք»-ի էջում տեղադրված հայտարարությամբ հանդիսատեսին առաջարկվել է վերադարձնել տոմսերը, բայց ոչ ոք դա չի արել:
Հարությունյանը տեղեկացրեց, որ համավարակի տարածման սկզբնական շրջանում թատրոնի աշխատակազմն առհասարակ թատրոն չի գնացել, բայց առցանց հարթակում երեք ներկայացում են ցուցադրել, իսկ այժմ բեմադրական, նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում:
«Մինչ այս իրավիճակը նախատեսել էինք «Սեր և խարդավանք» ներկայացման առաջնախաղը. ներկայացումը պետք է բեմադրեր ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը: Փորձերը մեկնարկել էին, բայց հիմա դադարեցվել են, քանի որ այն ծավալուն ներկայացում է, որում բազմաթիվ դերասաններ են զբաղված: Թատրոնն այժմ երկու նոր աշխատանք է սկսել, որոնցում ընդգրկված է երեքից չորս դերասան: Փորձերն անցկացնում ենք ճեմասրահում՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները: Դերասանների համար անսովոր է ներկայանալ դիմակներով, բայց ստացվում է»,-շեշտեց թատրոնի տնօրենը:
Բացելով փակագծերը՝ Հարությունյանը տեղեկացրեց, որ խոսքը «Բոցավառ խավար» և «Ճամպրուկը» ներկայացումների մասին է:
Խոսելով թատրոնի հետագա աշխատանքի մասին՝ նա ասաց, որ քննարկվել է 600տեղանոց դահլիճում 100 հանդիսատեսի համար խաղալ, բայց վարակի տարածման պատճառով առաջարկը չի ընդունվել, իսկ բացօթյա հարթակում, օրինակ՝ թատրոնի դիմաց դժվար կլինի կազմակերպել ներկայացումների իրականացումը: Հնարավոր է՝ դրսում մանկական բեմադրությունները խաղան:
«Թատրոնը կենդանի արվեստ է, բայց եթե վարակը չնահանջի, մեր մանկական ներկայացումներն առցանց տիրույթում կցուցադրենք: Թատերական ոլորտի բոլոր ներկայացուցիչներն անընդհատ մտածում են նոր բան ստեղծելու մասին, անում են հնարավորը կանգ չառնելու համար: Այս իրավիճակը հնարավորություն է տալիս նոր գաղափարներ փնտրել ու գտնել: Ամեն դեպքում, ինձ համար այս պահին առաջնային է թատրոնի կոլեկտիվի առողջությունը: Այն դերասանները, որոնք թիրախային խմբում են, պետք է առայժմ աշխատանքի չգան: Այս ծանր փուլը կփորձենք հաղթահարել երիտասարդ կազմով»,- եզրափակեց Լյուդվիգ Հարությունյանը:
Անժելա Համբարձումյան