«Մենք ունեինք բյուջեի հին ընկալում, հիմա պետք է ձևավորենք նոր ընկալում». Վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց մասնակցում էր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2019 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվության քննարկմանը:
Վարչապետն արձանագրեց, որ 2019 թվականի բյուջետային առումով պատմական էր Հայաստանի համար, քանի որ ՀՀ կառավարությունն ի սկզբանե նախատեսվածից 104 մլն դրամ ավելի հարկային եկամուտներ է գեներացնել:
Ըստ նրա, այդ գումարներից 62 մլրդ դրամը դարձել է պետական բյուջեի եկամուտներ, իսկ 42 մլրդ դրամի չափով վերադարձվել է ավելացված արժեքի հարկի պարտքը, որը ձևավորվել էր մինչև 2017 թվականի հունվարի 1-ը:
Վարչապետ Փաշինյանի բնորոշմամբ՝ իր ղեկավարած կառավարությունը բախտ ունի վայելելու պատմական տարիներում գործելու հնարավորությունը:
«2018 թվականը պատմական էր ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության և, որ կարևոր է՝ Հայաստանի պատմության մեջ իր ժողովրդավարության մակարդակով աննախադեպ խորհրդարանական ընտրություններով: 2019 թվականը պատմական էր տնտեսական ակտիվության ցուցանիշներով և տնտեսության զարգացման գործում քաղաքացու և անհատի դերի մասնակցության առումով: 2020 թվականն առնվազն պատմական է կորոնավիրուսի համաճարակի բերումով, պարզ է, որ այս տարի մենք որոշակի խնդիրներ ունենալու ենք, պարզ է, որ այս տարի ունենալու ենք խնդիրներ համաճարակային առումով և ունենք: Խորհուրդ կտայի, որ մենք չշտապենք հետևություններ անել այս առումով և ասել, թե ինչպիսին կլինի 2020 թվականը»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կորոնավիրուսի համաճարակը դեռ նոր է սկսվել, և անհայտ է, թե որքան այն կտևի, հետևաբար՝ արդյունքները և նույնիսկ կորուստներն ամփոփելու համար դեռ վաղ է:
Նրա կարծիքով՝ այս օրերին ՀՀ-ում խորը վերագնահատման պրոցես է տեղի ունենում, որը կապված է պետական կարգի և անհատի փոխհարաբերությունների հետ:
«Այս կորոնավիրուսային ժամանակաշրջանում և դրա արդյունքում մենք պետք է վերագնահատենք պետական կարգի և անհատի հարաբերությունները: Հին կարգի համաձայն՝ օրենքները գրում են իշխողները, որպեսզի քաղաքացիները պահեն իրենց հսկողության տակ: Նոր ընկալմամբ պետք է լինի, որ օրենքներ ստեղծում ենք մենք բոլորս, որպես համակեցության կանոնների ամբողջություն, որպես պայմանավորվածություն, թե ինչպես ենք մենք ապրելու և հարաբերվելու իրար հետ»,- հավելեց վարչապետը:
Գործադիրի ղեկավարը նաև ընդգծեց, որ այսօր Հայաստանում կրկին հեղափոխական ժամանակներ են, քանի որ 2018 թվականի հեղափոխության ժամանակ վերագնահատել են հարաբերություններն ազատությունների և իրավունքների նկատմամբ, իսկ կորոնավիրուսային ժամանակաշրջանում պետք է վերագնահատել վերաբերմունքը կարգապահության և առհասարակ քաղաքացիական պարտականությունների նկատմամբ:
«Այս առումով պետական բյուջեն ունի առանձնահատուկ նշանակություն: Մենք ունեինք բյուջեի հին ընկալում, հիմա պետք է ձևավորենք նոր ընկալում: Հին ընկալումը հետևյալն է՝ բյուջեն ընդունում են իշխողները, որպեսզի քաղաքացիների աշխատած փողի մի մասը տանեն, թալանեն, իսկ նոր ընկալումը պետք է լինի հետևյալը՝ պետական բյուջեն մեր ընդհանուր դրամապանակն է, որը մենք ձևավորում ենք միասին՝ մեր ընդհանուր կարիքները հոգալու համար: Որքան էլ 2019 թվականը բյուջեի առումով գնահատեմ պատմական՝ կոնկրետ հիմնված թվային ցուցանիշների վրա, բոլորս նաև պետք է արձանագրենք, որ այնուամենայնիվ 2019 թվականին չենք հավաքագրել այն ամբողջ պոտենցիալը, որը տեսականորեն և իրականում գոյություն ունի»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը: