«Սրանից հետո էլի՞ պետք է պնդեն, որ այս գործընթացը քաղաքական չէ». Արամ Օրբելյանը՝ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի մեկնաբանությունների մասին

«Ցանկություն չկա մեկնաբանել դատախազի խորհրդականի ֆեյսբուքյան գրառումը»։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի հիման վրա ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի վերաբերյալ Դատախազության մեկնաբանությանը՝ 168.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը:

Իսկ ըստ դատախազության ներկայացուցչի գրառման՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մեկնաբանել են ՄԻԵԴ կարծիքը՝ առանց պաշտոնական թարգմանությանը (կարծիքը հրապարակվել է անգլերենով) սպասելու և միակողմանի՝ «հերթական անգամ փորձելով զոնդաժի ենթարկել հանրային կարծիքը»:

ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի հրապարակմանը զուգահեռ՝ դաշտ նետվեցին բազմաթիվ, իրարից տարբերվող մեկնաբանություններ: Դատախազության բնորոշմամբ՝ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը հաստատել է իրենց՝ ավելի վաղ արված հայտարարությունները: Պաշտպանական կողմի բնորոշմամբ՝ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքում արձանագրված է այն, ինչի մասին պաշտպաններն էին մշտապես նշում:

«Մենք նմանատիպ խնդիրներ տեսել ենք նաև ՍԴ նախորդ որոշումը կիրարկելու փուլում՝ անձեռնմխելիության հարցով, երբ սկսեցին ասել՝ «մենք էդ ենք ասում, մեր դեպքում կիրառելի չէ» և մանիպուլյատիվը ես այդ դաշտում եմ տեսնում»,- ասաց Արամ Օրբելյանը:

Փաստաբանի խոսքով՝ որպեսզի ճիշտ պատկերացնենք ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը, հասկանանք, թե ինչ է ասել ՄԻԵԴ-ը, ում ասածն է վերահաստատել, պետք է լավ հասկանալ, թե ինչ է իրենից ենթադրում 16-րդ արձանագրությամբ խորհրդատվական կարծիքը:

«ՍԴ-ն գործը քննելու ընթացքում մի շարք հարցադրումներ է առանձնացրել և ասել է, որ այդ հարցերի պատասխանը ցանկալի է տեսնել նաև ՄԻԵԴ-ի համապատասխան հոդվածների մեկնաբանության լույսի ներքո:

Շփոթմունք գնաց, որ ՄԻԵԴ-ն ասել է, թե վատթարացնող նորմը չի կարող հետադարձ ուժ ունենալ: Դա ՄԻԵԴ-ն իրականում ասել է, և Արամ Վարդևանյանն էլ դա ֆիքսեց, բայց դա չի եղել այդ որոշման հիմքը, որովհետև դա բոլորի համար արդեն որպես ճշմարտություն ընկալվում է, որ հետադարձ ուժ չի կարող ունենալ վատթարացնող նորմը,  և նոր հանցակազմով չեն կարող հին հանցագործության համար դատել:

ՍԴ հարցադրումը մի քիչ այլ դաշտում էր, վերաբերում էր հետևյալին. ոչ թե քրեադատավարական, ոչ թե կոնկրետ քրեական գործի շրջանակներում, այլ սահմանադրաիրավական կարգավորման լույսի ներքո ո՞նց ենք մենք տարանջատում մի հանցագործությունը մյուս հանցագործությունից, որպեսզի միևնույն ժամանակ  չունենանք նաև ՄԻԵԿ-ի խախտում, որովհետև մեր Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները, նույն հետադարձ ուժ չունենալու իրավունքը, կա նաև ՄԻԵԿ-ի կարգավորումներում: Հիմա հարցը հետևյալն է՝ ոնց անենք, որ, եթե մենք ունենք երկու հանցակազմ, իրար հետ համադրենք ու ասենք՝ սրանք նո՞ւյնն են, թե՞ նույնը չեն, սա դրանից վատթարացնո՞ղ է, թե՞ սրանից լավացնող:

ՄԻԵԴ-ն ասել է՝ մենք պետք է գործենք կոնկրետիզացիայի սկզբունքի հիման վրա, այստեղ դատախազությունն ասում է՝ իբր, թե «դա այն է, ինչ մենք ասել ենք», թող գործը քննվի՝ հետո: Այստեղ հենց առաջին շփոթմունքն է, որովհետև կոնկրետիզացիան ենթադրում է մեղադրանքի տեքստի վերլուծություն, այլ ոչ թե ապացույցների հետազոտում»,- ասաց Արամ Օրբելյանը:

Փաստաբանի բնորոշմամբ՝ կոնկրետիզացիայի եզրույթի համաձայն՝ պետք է հաշվի առնել ազգային պրակտիկան, ազգային մեկնաբանման կանոնները: Ըստ Օրբելյանի՝ հենց այստեղ առաջ է գալիս այն, ինչ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բազմիցս նշել են՝ այն, որ շատ կարևոր է հասկանալ, որ «կա ձևավորված ազգային պրակտիկա, որի ժամանակ նույն հանգամանքներում համարվել է, որ 300.1-ը նոր հանցակազմ է»: Արամ Օրբելյանի խոսքով՝ դատախազությունը ևս իր նախկին հայտարարություններում չի ժխտել ՔՕ 300.1 հոդվածում նոր հանցակազմի առկայությունը,  միևնույն ժամանակ ասել է՝  քանի որ տարիներ առաջ «7-ի գործ»-ի շրջանակում տրված պատճառաբանությունը լավը չի եղել, ուստի դատախազությունը չի կարողանում հասկանալ, թե նախկինում ինչու են նման կերպ մտածել, այսինքն՝ ի՞նչ հիմքով է 2009 թվականին կայացվել որոշում, որի համաձայն՝ 300.1 հոդվածը «7-ի գործ»-ում անկիրառելի է՝ հաշվի առնելով պատժի և մեղադրանքի խստացման անհնարինությունը:

«Այստեղ հակասությունն իրականում՝ մանիպուլյատիվ, դատախազության կողմից է: ՄԻԵԴ-ն ասել է, որ այդ երկու հոդվածները համադրելիս պետք է նայել նաև նախորդ պրակտիկան, պետք է նայես նաև քո մեկնաբանման կանոնները, շատ հստակ է ասել՝ սևով սպիտակի վրա՝ ազգային օրենսդրությամբ նախատեսված հանցակազմի տարրերը, որովհետև երկիր կա ՝ 4 տարր ունի, երկիր կա՝ 2, 3՝ կախված մոտեցումներից, ասել է, որ բոլոր տարրերը պետք է համընկնեն: Մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ օբյեկտը չի համընկնում»,- ասաց փաստաբանը:

Խորհրդատվական կարծիքում առկա մյուս  հարցի վերաբերյալ, որը վերաբերում է որոշակիությանը, ըստ Օրբելյանի՝ ՄԻԵԴ-ը մի քանի ստանդարտ է սահմանել, ասել է, որ ելակետային հղումներ կարող են լինել, ինչի հետ, փաստաբանի  խոսքով, իրենք երբեք չենք վիճել, որովհետև Հայաստանի ազգային պրակտիկայում ընդունված են  բլանկետային կարգավորումները:

«Բայց ՄԻԵԴ-ը մի քանի պարամետր է բերել, թե ինչ պիտի արվի, որ բլանկետային կարգավորումները լինեն իրավաչափ: Առաջին՝ հղում պարունակող նորմը և այն նորմը, ինչի վրա հղում են կատարում, պետք է լինեն բավական որոշակի, կայուն, ստանդարտ: Այսինքն և՛ Սահմանադրության նորմերը պետք է լինեն կայուն, հստակ, միատեսակ, կանխատեսելի, և՛ տվյալ դեպքում՝ Քրեական օրենսգրքի: Ասել է՝ կապ չունի, որ դա Սահմանադրություն է, ունի ավելի բարձր, ցածր իրավաբանական ուժ, անկախ դրանից՝ մի ստանդարտով պետք է նայել»,- ասաց Արամ Օրբելյանը:

Մյուս հիմնական ստանդարտը, որն առկա է կարծիքում, այն է, թե արդյոք անձը, միգուցե ստանալով իրավաբանական օգնություն, կարո՞ղ էր գնահատել՝ այդ արարքը կարո՞ղ էր լինել հանցագործություն, թե՞ ոչ:

«Ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ մարտի 1-ի հրամանագիրը պարոն Քոչարյանն իր տան պադվալում նստած չի գրել: Դա գրվել է նախագահի աշխատակազմում, իրավաբանական վարչությունը կամ աշխատակազմը, մի քանի վիզա կան դրանց վրա: Մեղադրանքում չկա մի կետ, որ ասված լինի՝ «այ, Ձեզ եկել-ասել են, որ դա ապօրինի է, Դուք ասել եք՝ «ոչինչ, ստորագրեք»»: Այսինքն՝ ակնհայտ երևում է, որ առաջադրված մեղադրանքով չկա պնդում, որ մարդը կարող էր ենթադրել, որ դա կարող է լինել հանցագործություն»,- ասաց Օրբելյանը:

Անդրադառնալով շատերի, այդ թվում՝ իշխանական պատգամավորների պնդումներին, թե ՄԻԵԴ-ն իր խորհրդակցական կարծիքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում չի արձանագրել, Օրբելյանը հիշեցրեց՝ «16-րդ արձանագրության հիման վրա խորհրդատվական կարծիք տալուց ՄԻԵԴ-ը չի կարող արձանագրել՝ կա՞ խախտում, թե՞ չկա, որովհետև 16-րդ արձանագրությունն ուղղակիորեն դա բացառում է: Այն վեճ չի լուծում, այն անհատական դիմում չէ: Այստեղ խախտում արձանագրել-չարձանագրելու հարց չի դրվել և չէր էլ կարող դրվել»:

Ինչ վերաբերում է մշտապես հնչող մեկ այլ կարծիքի, թե ՄԻԵԴ-ը չի պատասխանել առաջին երկու հարցերին, փաստաբանը մեջբերեց կարծիքի 55-րդ պարբերությունը, որտեղ նշված է, թե ՄԻԵԴ-ն այդ հարցերին կանդրադառնա և կպատասխանի 3-րդ հարցի շրջանակում, ինչը և արվել է:

ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի շուրջ մեկնաբանություններում հանդիպում ենք նաև տեսակետների, թե այս փաստաթղթով ՄԻԵԴ-ը փաստում է, որ  ՍԴ-ն անելիք չունի այս հարցով, կամ  այս հարցերը պետք է լուծվեն ներպետական դատարանում: Ըստ Օրբելյանի՝ սա մանիպուլյացիայի մեկ այլ փորձ է: Փաստաբանի խոսքով՝ նման դիտարկում առկա է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Արման Սարվարյանի հատուկ կարծիքում, որից փաստաբանը տպավորություն է ստացել, թե մեր կառավարությունը փորձել է ամեն ինչ անել, որպեսզի այդ մասին նշվի նաև բուն խորհրդատվական կարծիքի մեջ:

«ՍԴ-ն քննում է երկու գանգատ միաժամանակ, որոնք միացրել է: Մեկը Դավիթ Գրիգորյանի դիմումի հիման վրա գործն է, մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը: Դավիթ Գրիգորյանի դիմումի հիման վրա գործի շրջանակներում ՍԴ-ն դիմումի այն մասը, որտեղ հետադարձ ուժի խնդիր է բարձրացվել, չի ընդունել վարույթ, ասել է այն, ինչ ՄԻԵԴ-ը, այսինքն՝ «ինձ մի դիմիր, դա քո որոշելու հարցն է: Եթե Սահմանադրական դատարանի թեման չլիներ, ՄԻԵԴ-ն ընդհանրապես կարծիք չէր տա»,- ասաց Արամ Օրբելյանը:

ՍԴ դիմումի հիման վրա ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի վերաբերյալ մեկնաբանություններ երեկ հնչում էին նաև ԱԺ միջանցքներում: ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մեկնաբանությամբ՝ «ՄԻԵԴ որոշումից Ռոբերտ Քոչարյանը թող ակնկալիքներ չունենա»: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ արձանագրել է՝ «ՄԻԵԴ-ն էլ քաշեց: Դատարանը որևէ ուղիղ առնչություն չի գտել իրեն ուղարկված 2 հարցերի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացող քրեական հետապնդման գործընթացի միջև։ Մյուս 2 հարցի վերաբերյալ էլ դատարանը Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ»:

ԱԺ պատգամավորների դիտարկումները մեր զրուցակից փաստաբանը  մեկնաբանել չցանկացավ: Ի պատասխան՝ հնչեցրեց մեկ ծավալուն հարց:

«Ի՞նչ գործ ունի Անդրանիկ Քոչարյանը ՀՀ-ում քննվող կոնկրետ քրեական գործով՝ ինչ-որ մեկն ակնկալիք ունենա, թե չունենա: Ի՞նչ գործ ունի ԱԺ փոխխոսնակը, ի՞նչ գործ ունեն իշխանական ուժերի տարբեր ներկայացուցիչներ՝ մեկնաբանելու ՄԻԵԴ կարծիքը՝ չլինելով դատավարության մասնակիցներ: Հիմա սրանից հետո էլի՞ պետք է պնդեն, որ այս գործընթացը քաղաքական չէ:

Դրանից մի քանի օր առաջ հրապարակվել է Հայաստանի համար շատ ավելի մեծ կարևորություն ունեցող որոշումը՝ Գուրգեն Մարգարյանի գործով: Այդ գործով չտեսա Անդրանիկ Քոչարյանի մեկնաբանությունը, Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունը, ոչ մեկը չմեկնաբանեց: Կարող էին մեկնաբանել, կարող էին չմեկնաբանել:

Հիմա հարց, ինչո՞ւ են այդ բոլորը հանկարծ որոշել ՄԻԵԴ-ից ստացած խորհրդատվական կարծիքը մեկնաբանել: Ուզում եմ հասկանալ՝ այդ ո՞ր պարամետրով է այս գործը տարբերվում մնացած բոլոր գործերից՝ ԱԺ պատգամավորների ներգրավվածությունը հիմնավորելու համար, եթե ոչ՝ այս պրոցեսի քաղաքական լինելու առումով»,- շեշտեց Արամ Օրբելյանը:

Ապա եզրափակելով զրույցը՝ ասաց. «Գործընթացը բացառապես իրավական  է, ՄԻԵԴ-ը տվել է ստանդարտ, Վենետիկի հանձնաժողովը  կտա համապատասխան ստանդար։ Ակնկալիքը , կրկին իրավունքի և օրենքի շրջանակներում այն դատարաններից է, որտեղ քննվում են  գործերը: Տարբեր գործեր ունենք տարբեր դատարաններում: ՄԻԵԴ-ում ունենք 14 դիմում, ՍԴ-ում ունենք դիմում, Վճռաբեկ դատարանում վարույթ ընդունված մի քանի բողոք։ Եվ մեր ակնկալիքները՝ ամեն մեկի մանդատի շրջանակներում, տվյալ դատարանից է: Ցավում եմ, որ մեր ԱԺ պատգամավորների մի մասը իրավական գործընթացները քաղաքական լույսի ներքո կամ ակնկալիք ունենալ, չունենալու  ենթատեքստում են տեսնում»:

Տեսանյութեր

Լրահոս