«Որևէ պրոդուկտ արտադրող 100%-անոց երաշխիք չի տալիս». համաճարակաբանը՝ պաշտպանիչ դիմակների արդյունավետության մասին
Համացանցում օրեր շարունակ պաշտպանիչ դիմակների տուփի լուսանկար էր տարածվում, որի վրա նշված էր, որ այն չի պաշտպանում Covid-19-ից: Արտադրող ընկերության անունը չի երևում: Պարզելու համար, թե արտադրողն ինչպե՞ս կարող է վստահ լինել՝ իր դիմակը պաշտպանո՞ւմ է, թե՞ չի պաշտպանում կորոնավիրուսից, 168.am-ը զրուցեց համաճարակաբան Արման Բադալյանի հետ:
«Նման արտահայտություններ մենք կարող ենք տարբեր արտադրանքների վրա տեսնել, նույն պահպանակների վրա էլ գրված է, որ այն պաշտպանում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից, կամ չպլանավորված հղիությունից, բայց 100%-անոց երաշխիք չի տալիս: Որևէ պրոդուկտ արտադրող երբեք չի կարող երաշխավորել, որ տվյալ դեղորայքը, անգամ պատվաստանյութը, կանխարգելիչ միջոցը 100%-ով կապահովի: Կա նաև իրավաբանական կողմ, որովհետև, եթե մի օր ինչ-որ մեկը որոշի դիմել դատարան ու ասի, որ՝ դու գրել էիր, որ քո արտադրանքը կպաշտպանի, բայց չպաշտպանեց, տվյալ հայցորդը կհաղթի: Այդպիսի գրությունն ապահովագրող բնույթ ունի, դրա համար նշվում է: Սա ընդհանուր մոտեցումն է, իսկ դիմակի տեսանկյունից բազմիցս քննարկվել է՝ կա հավանականություն, որ անգամ այն կրելու դեպքում, կախված կոնտակտի տեսակից, վարակը կտարածվի: Նորմալ է, որ իրենք նման բան են գրել, բայց դա չի նշանակում, որ դիմակ չպետք է կրենք, պետք է ճիշտ և նուրբ հասկանանք գրվածի կոնտեքստը, դրանից դրոշ չսարքենք և փորձենք խուսափել կանխարգելիչ միջոցառումներից»,- ասաց Բադալյանը:
Համաճարակաբանը վստահեցնում է՝ դիմակի արդյունավետությունը մի շարք գործոններով է պայմանավորված՝ սկսած դրանք կրողների առողջական վիճակից, նրանց միջև հեռավորությունից և շփման տեսակից:
«Դիմակը 0-ից սկսած, մինչև 80-90 տոկոս կարող է պաշտպանել: Նշում եմ՝ 0-ից, որովհետև մի քանի օր առաջ հեռուստացույցով ցույց էին տալիս, որ Իտալիայում հարսանյաց արարողություն էր, եկեղեցուց դուրս գալուց նորապսակները դիմակներով սկսեցին համբուրվել: Բնական է, որ այդտեղ դիմակի արդյունավետությունը 0 է, դա ընդամենը բուտաֆորիկ, ֆորմալ բնույթ է կրում: Տոկոսները բարձրանում են՝ կախված մի շարք գործոններից՝ հիվանդը դիմակով է, առողջը՝ ոչ, առողջն է դիմակով, հիվանդը՝ ոչ, երկուսն են դիմակով, երկուսն էլ առանց դիմակի են: Այս 4 սցենարներին գումարեք շփման տևողությունը, մեկը փռշտաց, հազաց, ինչքան էին այդ ընթացքում իրարից հեռու, աէրոդինամիկայի գործոնը, քամի փչո՞ւմ էր, թե՞ ոչ: Այսօր տարբեր հետազոտություններ կան. եթե մարդը փռշտաց, ինչքան հեռու կգնա այդ մասնիկը, որը վիրուս է կրում, ինչքան հեռու կգնա, եթե քամի կա: 100-ավոր, եթե ոչ՝ 1000-ավոր սցենարներ կան: Թե ինչ իրավիճակում կհայտնվի տվյալ տուփի դիմակը կրող անձը, դա ոչ ոք չի կարող կանխատեսել: Այսպես ասած, բժշկաֆիզիկաքիմիական տեսանկյունից դիմակն այս կամ այն իրավիճակում պաշտպանելու է: Այն համարվում է ռեսպիրատոր վարակներից պաշտպանվելու միջոց»,- պարզաբանեց Բադալյանը:
Մեկ այլ հարց է, թե ինչպե՞ս են մարդիկ կիրառում դիմակը, հաճախակի փոխո՞ւմ են այն, թե՞ ոչ, ի՞նչ որակի դիմակ են կրում: Համաճարակաբանն այստեղ խնդիրներ տեսնում է:
«Այստեղ խնդիրը բարդանում է, արդեն խարդախություններ, խուսափումներ են լինելու: Դա կլինի վարորդ, բժիշկ, ով ուզում է՝ լինի, ոնց ուզում է՝ լինի, պահի տակ բոլորն էլ կարող են այս կամ այն չափի խախտում անել, թե ինչքա՞ն ռիսկային կլինի, դա էլ այլ հարց է: Պետք է իրազեկել, ով ինչպես կարող է, որ կրելուց ճիշտ կրենք»,- ասաց համաճարակաբանը:
Ի վերջո, պե՞տք է կրել դիմակ, թե՞ ոչ: Արման Բադալյանն այս հարցին միանշանակ պատասխան ունի:
«Եթե հիմնավորում ենք, որ պետք է կրել, բայց ճիշտ չեն կրելու, ապա հիմա ի՞նչ անենք, ասենք՝ պետք չի՞ կրել: Ես կարծում եմ, որ, եթե մենք ասենք՝ չենք կրում, ինչ ուզում եք՝ արեք, մասնագետներին ու պետությանը կմեղադրեն, կասեն՝ «ա՜յ, տեսե՛ք, եթե ասեին՝ կրեք, վարակն այդքան չէր տարածվի», ասում ենք՝ կրեք, առաջ է գալիս լոգիստիկ խնդիր: Ես՝ որպես համաճարակաբան, ասում եմ, եթե կա անգամ որոշակի տոկոս, որ կարող ենք դիմակը կրելով՝ ինչ-որ իրավիճակում փրկել մարդուն վարակվելուց, ես կողմնակից եմ, որ կրենք»,- ասաց Բադալյանը: