«Իշխանությունների ժամանակավրեպ գործողությունների արդյունքում տուժում ենք մենք, մեր գործունեությունը, ՀՀ քաղաքացին»․ Լիլիթ Հովսեփյան
«Leader Tour» տուրիստական գործակալության տնօրեն Լիլիթ Հովսեփյանը 168․am-ի հետ զրույցում ներկայացրեց այն խնդիրները, որոնց այս ընթացքում բախվել է տուրիզմի ոլորտը։
Նա նախ նշեց, որ նախորդ շաբաթ Ազգային ժողովում տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների հետ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման նպատակն էր՝ լսել հիմնական դժգոհությունները, առաջարկները և դրանք ներկայացնել կառավարության հարցուպատասխանի ժամանակ։ Անդրադառնալով բուն խնդիրներին՝ մեր զրուցակիցն իր օրինակով նշեց, որ մարտ ամսից փաստացի դադարեցրել է գործունեությունը և այս ամիսների ընթացքում ստացել միայն 40 հազար դրամից մի փոքր ավելի միանվագ աջակցություն։
«Այս ընթացքում կառավարության մեկ ծրագրից եմ օգտվել՝ ստանալով 40 քանի հազար դրամ աջակցություն, որովհետև աջակցությունների հատկացման պահին չունեինք գրանցված աշխատողներ, քանի որ մարտի սկզբից դադարեցրել էինք մեր գործունեությունը, իսկ գործակալության շրջանառությունը 24 մլն դրամից քիչ է եղել, հետևաբար՝ մյուս աջակցության ծրագրերից չէի կարող օգտվել։ Բայց հարցն այն է, որ ոչ բոլոր տուրիստական գործակալություններն ունեն 24 մլն դրամից ավելի շրջանառություն, դա ունեցողները քիչ են, հիմնականում այն խոշոր ընկերություններն են, որոնք ունեն սեփական կանոնավոր կամ չարթերային թռիչքներ, կամ խոշոր ներգնա տուր-օպերատորդները, որոնք ունեն խոշոր շրջանառություն։ Մյուսները, որոնք կազմում են շուկայի մեծ մասը, չեն հասնում այդ 24 մլն դրամ շրջանառության շեմին և մնացել են այդ օգնության շրջանակներից դուրս։ Փաստացի, գործունեությունդ անորոշ ժամանակով դադարեցվել է, ստանում ես մեկ անգամ աջակցություն, որը նույնիսկ մեկ ամսվա գրասենյակիդ վարձակալության վարձը չի կազմում»,- ասաց նա՝ ընդգծելով՝ հիմա տուրիստական գործակալությունների մի մասը դադարեցրել է գործունեությունը, մի մասը դեռ սպասում է, մյուսներն արդեն լուծարվել են։
Նա նկատեց՝ տուրիստականների մեծ մասն աշխատում է վարձակալությամբ վերցված տարածքներում, և վաղ թե ուշ պետք է կամ այդ տարածքը հանձնեն, կամ վճարեն դրա համար․ «Այդ պատճառով՝ ովքեր չէին կարող վճարել կամ ովքեր լավատես չէին, հեռանկարներ չունեին, որոշեցին լուծարվել կամ դադարեցնել գործունեությունը և հանձնել տարածքները։ Մի մասը, ովքեր դեռ փորձում են պայքարել, որոշ ժամանակ իրենց գործունեությունը պահպանել, փորձում են վերապրոֆիլավորվել։ Այսինքն՝ եթե իրենք նախկինում զբաղվել են միայն արտագնա տուրիզմով, հիմա փորձում են զբաղվել ներքինով։ Ներգնա տուրիզմն էլ առայժմ չի կարող զարգանալ, մինչև արտաքին սահմանները չբացվեն, մենք դեռ դրսից չենք կարող մարդկանց ընդունել, մնում է բավարարվել ներքին տուրիզմով։ Բայց դա էլ հարցի լուծում չէ, իհարկե, որովհետև մենք ընդամենը 3 միլիոն մարդ ենք, և եթե նույնիսկ օֆիսների մի մասը սկսի ներքին տուրիզմով զբաղվել, միևնույն է, դա բավարար շահութաբերություն չի ունենալու, և շուկայում որոշակի պահի լճացում է լինելու»։
Ըստ նրա՝ արդեն հիմա, երբ մարդիկ սկսել են երկրի ներսում ճամփորդել, բազմաթիվ խնդիրներ են առաջանում՝ դեմպինգ, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, աշխատանքի սխալ կազմակերպում, որովհետև, Լիլիթ Հովսեփյանի խոսքով՝ այդ գործակալություններից շատերը չեն զբաղվել ներքին տուրիզմով և որոշակի նրբությունների չեն տիրապետում․
«Բնականաբար, ժամանակի ընթացքում այդ խնդիրները խորանալու են, լինելու են գների իջեցումներ, անառողջ մրցակցություն, և այլն։ Ստացվում է, որ վերապրոֆիլավորվելն ու ներքին տուրիզմով զբաղվելն էլ հարցի լուծում չէ։ Այսպես թե այնպես, ովքեր դեռ ինչ-որ կերպ պայքարում են, իրենք էլ են դադարեցնելու գործունեությունը։ Ընդհանուր ոլորտը հիմա անորոշ ժամանակով կաթվածահար է եղած։ Եթե զբոսաշրջությունը գլոբալ մասշտաբով վերցնում ենք, ապա միայն էքսկուրսիոն տուրեր, միայն հյուրանոցներ չեն, չէ՞ որ դրա հաշվին աշխատում են հարակից ոլորտներ՝ հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ, մարզերի ճանապարհներին գտնվող սպասարկման կետեր, արհեստանոցներ, թանգարաններ, պատկերասրահներ, ցուցասրահներ և այլն»։
Լիլիթ Հովսեփյանի խոսքով՝ այն պահին, երբ ամբողջ աշխարհում սահմանափակումները թուլացվում են, վարակակիրները՝ նվազում, և աստիճանաբար գործարկվում է նաև տուրիզմի ոլորտը, Հայաստանում հակառակն է տեղի ունենում․ «Հայաստանում գործողությունների անհասկանալի շղթան, մեկը մյուսին հակասող գործողությունները բերեցին նրան, որ սահմանափակումները սկսվում են այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհում աստիճանաբար թուլացվում են․ որոշ երկրներ արդեն հունիսի 1-ից բացվում են արտաքին աշխարհի համար։ Այսինքն՝ իշխանությունների ժամանակավրեպ գործողությունների արդյունքում՝ տուժում ենք մենք, մեր գործունեությունը, ՀՀ քաղաքացին։ Մենք կարող էինք ժամանակին քայլեր ձեռնարկել և աշխարհին համընթաց գնալ, բայց հակառակ գործընթացն է։ Հիմա, եթե հունիսի 1-ից որոշ եվրոպական երկրներ բացում են իրենց սահմանները, սկսում են տուրիստական սեզոնը՝ հասկանալով, որ ամեն դեպքում հետո շատ դժվար կլինի տնտեսությունը վերականգնելը, մեզ մոտ հիմա են դեպքերը շատանում, փակվում ենք աշխարհի առաջ և դրանով սպանում ամռանը տուրիստական սեզոն ունենալու վերջին հույսերը»։
Միևնույն ժամանակ՝ նա մի շատ կարևոր խնդիր էլ մատնանշեց․ «Եթե նույնիսկ մոտակա ժամանակներս բացվենք աշխարհի առաջ, զբոսաշրջությունը սկսի կամաց-կամաց վերականգնվել, մենք մի նոր և ավելի լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու՝ ավիացիոն մասով․ հայտնի դեպքերից հետո, երբ Եվրոպայի ավիացիոն անվտանգության խորհրդի որոշմամբ՝ աուդիտի արդյունքներով, մեր ավիաընկերությունները զրկվեցին եվրոպական երկրներ թռիչքներ կատարելու իրավունքից, իսկ մենք ունեինք կանոնավոր թռիչքներ, օրինակ՝ «Արմենիա» ավիաընկերությունն ուներ դեպի Լիոն կանոնավոր թռիչքներ․ տոմսերը վաճառված են, թռիչքները դադարեցվեցին անորոշ ժամանակով, և եթե վերականգնվեն էլ, «Արմենիա» ավիաընկերությունը չի կարողանալու թռիչքներ իրականացնել, քանի որ վաճառված տոմսերի հարցն է առաջանում, դա երկար պրոցես է։ Բացի այդ, մեր ներքին չարթերային ընկերությունների մեծ մասն այդ եվրոպական թռիչքներն իրականացնում էր «Արմենիա» ավիաընկերության օդանավերով, ինչն էլ չեն կարող անել։ Հիմա կամ պետք է դիմեն «Վրացական ավիաուղիներին», կամ ավելի թանկ այլընտրանք գտնեն եվրոպական երկրներից։ Այսինքն՝ եթե անգամ սահմանները վերաբացվեն, մենք բախվելու ենք ավիացիոն խնդիրներին»։