«Կասկաներով չենք գնա նիստերին, բայց պատրաստ կլինենք, որ այլակարծության համար կարող ենք նորից ապտակի արժանանալ». Արմեն Եղիազարյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իշխանությանը ժամանակ էր տվել մայիսի 8-ին Ազգային ժողովում կատարված դեպքերին իրավական ու քաղաքական գնահատական տալու համար, սակայն վարչապետի կողմից հնչեց նման վարքագիծը խրախուսող ելույթ, իսկ Հատուկ քննչական ծառայությունն էլ հայտնեց, որ կատարվածում հանցակազմ չի տեսնում, ուստի մենք որոշեցինք վերադառնալ և այսուհետև մասնակցել նիստերին։

Այսօր 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը՝ նշելով, որ իրենց ֆիզիկական անվտանգությունից ելնելով, թեև նիստերին մասնակցելու ժամանակ հատուկ պաշտպանության միջոցներ չեն կիրառի, բայց կլինեն շատ ուշադիր։

«Կասկաներով չենք գնա նիստերին, սակայն ուշադիր կլինենք, թե մեր թիկունքում ովքեր կան, որովհետև, եթե մարդկանց մոտ ընդունված է թիկունքից հարվածելը, ապա դա մշտապես անընդունելի է։ Արդեն ամեն օր պատրաստ կլինենք, որ ամբիոնում կամ այլ տեղ մեր այլակարծության համար կարող ենք նորից ապտակի արժանանալ։ Ուղղակի ուշադիր պետք է լինենք»,- ասաց Եղիազարյանը։

Պատգամավորի մեկնաբանությամբ՝ այն, որ ՀՔԾ-ն կատարվածում հանցակազմ չի տեսել քրեական գործ հարուցելու համար, փաստում է, որ իշխանական պաշտոնյաների և ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ իրավապահ կառույցներում կա տրամագծորեն հակառակ մոտեցում։

«Օրինակ՝ իշխանական պատգամավորի նկատմամբ վրաերթի փորձ կատարելու համար կարելի է քրգործ հարուցել, իսկ ընդդիմադիր պատգամավորին հարվածելու համար՝ ոչ։ Կարելի է փաստել, որ Ազգային ժողովում տեղի ունեցածի գործը կոծկվեց զուտ քաղաքական և կողմնակալ մոտեցումների պատճառով»,- ասաց պատգամավորը։

Արմեն Եղիազարյանը նշեց, որ օրենսդիր աշխատանքին վերադառնալը պայմանավորված է նաև նրանով, որ չեն ցանկանում իշխանությանը տալ իրեն ձեռնտու նախագծերը խորհրդարանում հանգիստ ընդունելու հնարավորություն։

«Իշխանությունը նույնիսկ ուրախ կլիներ, որ մենք այլևս նիստերին չմասնակցեինք, ջան կասեին, ջան կլսեին, մեզանից էլ քննադատություն չէին լսի, բայց մենք պետք է մեր առաքելությունն իրականացնենք, ուղղակի բոյկոտելն անիմաստ է»,- ասաց Եղիազարյանը՝ դժգոհություն հայտնելով իշխանության գործելաոճից։

Հարցին՝ եթե իշխանությունից շարունակում են դժգոհել, դժգոհում են նաև երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական դժվարին իրավիճակից՝ դրա համար մեղադրելով գործող կառավարությանը, դժգոհում են ընդդիմադիրներին ճնշելու իշխանության քայլերից, արդյո՞ք այդ դժգոհությունները կարող են արտահայտվել նոր կառավարության ձևավորման պահանջով, Արմեն Եղիազարյանը պատասխանեց.

«Մեր օրակարգում նոր կառավարություն ձևավորելու խնդիր չկա։ Հայաստանին այս պահին ցնցումներ պետք չեն, մեկ անգամ ևս խորհրդարանի ցրումը ցնցում կլինի։ Կարծում ենք՝ կառավարությունն ունի հնարավորություն իր անելիքները շտկելու, որովհետև կորոնավիրուսի հետ կապված սթրես-թեստի ենթարկվեց։ Կարծում եմ՝ Կառավարությունը կվերանայի իր մոտեցումները, իսկ երբ մենք ասում ենք, որ լինելու ենք հաջորդ իշխանությունը, ապա նկատի ունենք, որ հաջորդ իշխանությունը լինելու ենք միայն ընտրությունների միջոցով։ Կրկնում եմ, մեզ ցնցումներ պետք չեն, նոր կառավարման ձևավորման անհրաժեշտություն չենք տեսնում, սակայն կաշկանդված չենք՝ իշխանությանը քննադատել»,- ասաց նա։

Անդրադառնալով Սյունիքի մարզում երեկ տեղի ունեցած դեպքերին՝ պատգամավորը ռեգրես համարեց ձերբակալված անձանց խոշտանգման հանգամանքը՝ 2017 թվականից ի վեր առաջին անգամ։

«Ունենք փաստ, որ վերջին երեք տարում առաջին անգամ է, որ ոստիկանական բաժանմունքում քաղաքացուն խոշտանգման են ենթարկում»,- նշեց Եղիազարյանը։

Ինչ վերաբերում է կատարված դեպքերի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի գրառմանը, ըստ որի, կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու, լինելու է չոր, օրինական, ու ըստ անհրաժեշտության՝ նաև կոշտ հակազդեցություն, Արմեն Եղիազարյանն ասաց.

«Վարչապետը, երբ ամբիոնից մեզ ուղղված իր ելույթում ասաց, որ պադյեզդներում ասֆալտներին կփռեն, դրանով նա մեր նկատմամբ բռնության կոչ արեց, հետևապես՝ վարչապետի այդ գրառումը նաև այդ կոնտեքստում եմ հասկանում»։

Սոցիալական ցանցերում գրառումներ տարածվեցին, թե իշխանությունը փորձ է անում իրեն հնազանդեցնել Սյունիքի մարզում որոշ համայնքապետերի. ընդդիմադիր պատգամավոր Եղիազարյանը նախ ասաց, որ մարդանց ենթարկեցնելու որևէ գործընթաց անընդունելի է, ապա շարունակեց.

«Մենք անընդհատ նշում ենք, որ մարզպետարաններից պետք է ազատվենք, որովհետև մարզպետները ենթարկեցնում են համայնքապետերին։ Մենք տեսնում ենք, որ Կառավարությունը մարզպետարանների միջոցով համայնքապետարաններին փորձում է ճնշել իր լծակների միջոցով, թեև նրանք ընտրված անկախ պաշտոնյաներ են։ Մարզպետների կողմից համայնքապետերին ենթարկեցնելու գործընթացը շատ լուրջ խնդիր է, և այս խնդիրն առկա է ոչ միայն Սյունիքի մարզում»։

Դիտարկմանը, որ ոստիկանական գործողություններն արդարացրել են «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնությունը՝ նշելով, որ նպատակ էր դրված հակահեղափոխությունը սկսկել Սյունիքի մարզից ու հետո տարածել այլ մարզերում, արդյո՞ք դրանից կարելի է ենթադրել, որ կատարվածն իրավականից զատ՝ ունի նաև քաղաքական ենթատեքստ, Եղիազարյանն ասաց. «Գտնում եմ, որ վարչապետն ու Կառավարությունը չպետք է օգտվեն անօրինական նման խմբավորումների ծառայություններից, իսկ եթե չեն դատապարտում, այսինքն՝ օգտվում են»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս