«Չի՛ կարելի. գյուղատնտեսությունը համակարգիչ չէ, որ այսօր անջատեք, վաղը միացնեք և կիսատ թողած տեղից ձեր աշխատանքը շարունակեք». Աշոտ Հարությունյան

168TV«Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք գյուղատնտեսության  նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի հետ

– Պարոն Հարությունյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում շրջայցից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ պետք է մտածողություն փոխվի գյուղատնտեսության մեջ, հողի մշակման կուլտուրան մեր երկրում պետք է փոխվի։ «Մենք գյուղատնտեսության մեջ ունենք մի պրոբլեմ՝ գիտելիք։ Այսօրվա իմ շրջայցն էլ ավելի ամրապնդեց իմ հետևությունը։ Ուրախալի է, որ մեր շատ գյուղացիներ արդեն ընդունում են սա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Որքանո՞վ են արդարացի վարչապետի նման գնահատականները, երբ, օրինակ, ոռոգման ջուր չկա, պետության աջակցության ծրագրերից ոչ բոլորն են կարողանում օգտվել, և բազմաթիվ  այլ խնդիրներ կան գյուղոլորտում:

– Գյուղատնտեսության մեջ գիտելիքը բազմաթիվ խնդիրներից մեկն է, բայց ոչ այս օրհասական պահի ամենակարևոր խնդիրը: Գիտելիքի պակասը միշտ էլ զգացվում է, և ոչ միայն՝ գյուղատնտեսության ոլորտում, այլ՝ բոլոր բնագավառներում: Այսօր շատ գերատեսչությունների ղեկավարներ, երկրորդ-երրորդ դեմքեր՝ ոչ միայն կառավարման փորձի, այլև՝ գիտելիքի պակաս ունեն: Ասել՝ գիտելիքը գյուղատնտեսության ամենաառաջնային խնդիրն է, թույլ տվեք համաձայնել վարչապետի հետ այնքանով, որ խնդիրներից մեկը կարող է լինել: Գյուղատնտեսության մեջ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք առաջացել են շատ վաղուց, և խնդիրներ, որոնք առաջանում են ամեն պահի:

Այսօր գյուղատնտեսության մեջ ուղղությունը՝ ինտենսիվ թե էքստենսիվ, նայած՝ որ տարածաշրջանում, նայած՝ որ մշակաբույսերի հետ կապված: Անցյալի սխալներից դասեր քաղելով՝ պետք է այսօր դրանք ուղղել: Հիմա հողային ռեֆորմների հետ կապված քննարկումներ են գնում, ուզում են հասկանալ՝ ո՞նց անել, որ մշակովի հողատարածքներն ավելանան, գյուղացին հողը չի մշակում, դրանք այսօր զուտ խոսքեր են: Չկա վերլուծություն: Եկեք հասկանանք՝ ի՞նչն է պատճառը, որ հողը չի մշակվում կամ արդյունավետ չի մշակվում: Կատարենք ախտորոշում, հետո նշանակենք բուժում: Չկա թվային ճիշտ բազա: Տեսեք՝ 2016-17թթ. մշակովի վարելահողերից 445 հազար հեկտարից մշակվում էր մինչև 350 հազար հեկտար վարելահող: 2019թ. ԱՎԾ տվյալներով՝ 227 հազար 900 հեկտար:

– Որո՞նք են հիմնական պատճառները, որ մարդիկ հողը չեն մշակում:

– Գյուղատնտեսության համար առաջին խնդիրը ոռոգման խնդիրն է, խոսքը ոռոգվող հողատարածքների մասին է, հետո՝ մթերման կազմակերպման խնդիրներ, բերքի իրացում, տեխնիկական պարկի մաշվածության սարսափելի տոկոսներ, արդյունավետության խնդիր, և արդեն մյուս նյութատեխնիկականը՝ ագրոքիմիկատներ, պարարտանյութեր, թունաքիմիկատներ, սերմացուներ: Այս հիմնական խնդիրները որ դնեն թղթի վրա, բաժանվեն շրջանների, հասկանան՝ որտեղ ինչքան ներդրում, ինչ պետք է արվի, դրանից հետո արդեն մնացած խնդիրներն ինքնըստինքյան լուծվող են:

Տեսեք՝ վարչապետն այցելել էր Արարատի մարզ, բայց ոլորտից հետը մարդ չնկատեցի: Բայց հետը պետք է մարդ գնար, որը տիրապետեր իրավիճակին, նախկին խնդիրներին, ապագա մարտահրավերներին, որպեսզի տեղում հանձնարարականներ ստանար՝ այդ խնդիրը կարգավորելու: Հասկացանք՝ գիտելիքը, բայց դա այլ տեղ պետք է արվի: Պետք է քննարկման ժամանակ հրավիրվեն մեր գիտական հաստատությունները, ակադեմիաները, որպեսզի հասկանան՝ խնդիրներն ինչ են: Օր օրի վնասատուները փոխում են կենսաբանական ցիկլը, նոր վնասատուներ են Հայաստանում վնասներ տալիս, որ ոչ ոք չգիտի: Կան հիվանդությունների տեսակներ, որ բավականին մեծ վնասներ են հասցնում: Սա մեկ օրում լուծվելիք խնդիր չէ, բայց գոնե ուշացած չլինի, որ հետո ամեն ինչ չկորցնենք:

– Բայց Դուք գոնե այդ խնդիրների լուծմանն ուղղված քայլեր տեսնո՞ւմ եք պետության կողմից:

– Ո՛չ: Գյուղատնտեսության նախարարությունը լուծարվեց, միացվեց էկոնոմիկայի նախարարությանը, ինչն անտրամաբանական էր: Ցավալին այն է, որ թեկուզ Էկոնոմիկայի նախարարությանը միացված, գնացեք՝ վերցրեք հաստիքացուցակը, տեսեք՝ գյուղատնտեսությունը սպասարկող գեթ մեկ բույսերի պաշտպան մասնագետ կա՞: Այդտեղից պետք է սկսել: Ինտերնետով հիվանդություն և վնասատու չի կարելի կառավարել, այգում, դաշտում պետք է հասկանան խնդիրը, բերեն-դնեն կառավարության սեղանին և այդ խնդիրներին լուծում տան: Չեն անում: Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության բլոկն այսօր կատարում է միջոցների կառավարման բաժնի մասնագետի դեր, այսինքն՝ վերլուծում են՝ ով ինչքան վարկ է ստացել: Դե կներեք, վարկն ընդամենը գործիքակազմերից մեկն է, որ այդ ոլորտին պետք է ինչ-որ աջակցություն ցուցաբերի: Դուք խնդիրները բարձրաձայնեք, ռիսկով գնացեք՝ նստեք վարչապետի մոտ, աղաչեք-պաղատեք, որ այս ոլորտն այս վիճակում է, չի՛ կարելի: Գյուղատնտեսությունը համակարգիչ չէ, որ այսօր անջատեք, վաղը միացնեք և կիսատ թողած տեղից ձեր աշխատանքը շարունակեք: Մեկ տարվա սխալը տարիներով չենք կարողանալու հետ բերել, չի՛ կարելի:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս