Ձեզ մերժելու ենք 100 տոկոսով. Քաղաքացին՝ Հունան Պողոսյանին

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ժամանել է Կապանի ոստիկանության բակ և փորձում է ցուցարարներին համոզել դադարեցնել բողոքի ակցիան՝ հավաստիացնելով, որ քաջարանցի երիտասարդների խնդիրը գտնվում է իրավական հարթության մեջ:

«Ես այստեղ ոչ ոքի հետ համաձայն չեմ, թե քաղաքական նպատակներ կան։ Բացարձակ նման բան ես չեմ տեսնում: Իրավական հարթությունում է այս ամեն ինչը։ Հարցերի մի մասին այս պահին չեմ կարող պատասխանել։ Կարծում եմ` իրավապահները շատ հստակ կպատասխանեն, քանի որ արդեն, միջադեպի հետ կապված, ծառայողական քննություն է անցկացվում:

Որպես նախկին իրավաբան՝ ընդամենը մի բան կասեմ․ քանի որ գործը հարուցված է Երևան քաղաքում, այստեղ այն չեն կարող քննել։ Ձեր համերաշխությունը, ձեր մտահոգությունը, ամեն ինչը հասկանում եմ, կիսում եմ, բայց ինչ որ անում ենք, գործին չի օգնում: Բոլորիդ աչքերի մեջ նայելով՝ ասում եմ՝ 1 տարի, 7 ամիս աշխատում եմ որպես մարզպետ, այդ 1 տարի, 7 ամսում որևէ մեկին չեն ասել անտեղի՝ աչքիդ վերևը ունք կա։ Սա կոնկրետ դեպք է, կոնկրետ գործ է հարուցվել»,- ասաց մարզպետը՝ նշելով, որ գործի շատ հանգամանքների անգամ ինքը չի տիրապետում հասկանալի պատճառով:

Ակցիայի մասնակցիներից մեկը, արաձգանքելով Պողոսյանի խոսքին, նշեց, որ փոխարենն իրենք գիտեն, թե ինչ է եղել, դրա համար էլ եկել, հավաքվել են ոստիկանության բակում:

«10 ամիս առաջ էդ մարդը պետք է նստած լիներ, չեմ իմանում, թե ինչ պատճառներով՝ նստած չի՝ դա առաջին: Երկրորդ՝ երբ որևէ այլ մեկի գրպանում պլան են բռնում, դատում են, բայց էդ մարդն ահագին դեղով սահմանն անցել ա, բռնել ու թողել են: Տեր Հայրն էր ասում, որ դպրոցների հայաթներում պիպետկաներով է ման գալիս»,- ասաց ակցիա անող քաղաքացին՝ առաջարկելով  ստորագրությամբ գումարներ հավաքել և ձերբակալված տղաներին ազատ արձակել:

Հունան Պողոսյանը կրկնեց, որ ոտքի վրա խնդիրը լուծել չի կարելի, միևնույն ժամանակ՝ վստահեցրեց, որ մեղավորները պետք է պատժվեն:

Ի պատասխան քաղաքացին ասաց.«Դուք հիմա եկել, մեզ համոզում եք, բայց մենք էնքան մարդկանց ենք մերժել, որ Ձեզ էլ մերժելու ենք 100 տոկոսով»:

Տեսանյութեր

Լրահոս