«Միգուցե գործող իշխանությունները մտածում են՝ մեր սերունդը, մեր գիտելիքներն ու կապերը պետք չեն իրենց»․ Կարինե Դանիելյան
Այս ընթացքում, երբ բնապահպանները բազմաթիվ վտանգավոր կանխատեսումներ են անում և փորձում լուծումներ գտնել, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ կովկասյան ընձառյուծին անվանակոչելու վերաբերյալ։
Բնապահպան Կարինե Դանիելյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ վերաբերմունքը կենսաբազմազանության նկատմամբ կարևոր է․ «Այստեղ և՛ բարոյական կողմը կա, և՛ էկոլոգիական կողմը կա, այնպես որ, ես դեմ չեմ այդ երևույթին։ Բայց ինձ, գիտե՞ք՝ ինչն է անհանգստացնում՝ երեկ հայտարարություն եղավ, որ մոլորակի մագնիսական դաշտը քայլ առ քայլ փոքրանում, կրճատվում է։ Ես անընդհատ խոսում եմ, որ այս վիրուսից հետո հաջորդ հարվածը պետք է գա, եթե այսպես շարունակենք մեր վերաբերմունքը մոլորակի նկատմամբ, Աստված մի արասցե, եթե այդ հարվածը եղավ, որովհետև դա նշանակում է՝ ամեն ինչ փոխվում է մոլորակի վրա։ Առաջին հերթին՝ մարդկության կապը մոլորակի հետ կխաթարվի, դա ուղղակի հիմքից կտրել է նշանակում։ Մեր ամբողջ տեխնիկան կապված է այդ դաշտի հետ։ Պատկերացնո՞ւմ եք, եթե իրոք այդ դաշտը լրջորեն սկսի փոխվել։ Իհարկե, մրցույթի մասով՝ մեկը մյուսին չի խանգարում, և՛-և՛ պետք է լինի»։
Ճշտող հարցին՝ իսկ ո՞րն է մյուս և՛-ը, ուրիշ ի՞նչ է անում Շրջակա միջավայրի նախարարությունը, բնապահպանն այսպես պատասխանեց․
«Գիտե՞ք՝ ես շատ տխրած եմ․ նոր իշխանությունները կարծես եկան հեղափոխության հիմքի վրա՝ հանրության հետ համատեղ աշխատելու, բայց հակառակը՝ բոլոր նախարարություններն իրենց կապերը կա՛մ լրիվ կտրեցին մասնագետների հետ, կա՛մ կրճատեցին։ Միգուցե մտածում են՝ մենք նախորդ սերունդն ենք, մենք էլ պետք չենք, միայն երիտասարդների հետ են աշխատում։ Նախկինում պարբերաբար քննարկումներ էին տեղի ունենում, և ոչ միայն՝ Բնապահպանության նախարարությունում, այդ քննարկումներին էի ոչ միայն ես, այլև բոլոր ՀԿ-ները, որոնք այս կամ այն կերպ կապված էին այդ երևույթների հետ։ Մենք անընդհատ քննարկումներ էինք իրականացնում, այլ խնդիր է, թե որքանով էին մեր առաջարկներն իրականացվում, բայց, համենայնդեպս, այդ կապը կար, իսկ հիմա չկա։ Միգուցե իրոք մտածում են, որ մեր սերունդը պետք չէ։ Բայց հակառակը՝ տարիների ընթացքում հավաքում ես գիտելիքներ, կապեր ես հաստատում աշխարհով մեկ, և այդ բոլորը պետք չէ»։