Նիկոլի խեղճ հակառուսականությունը
Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր եղած ժամանակ հայտարարել էր, թե ինքը հակառուս է, անգամ օրենսդրական պահանջ էր դրել Հայաստանը ԵԱՏՄ-ից հանելու մասին։
Իշխանության գալուց հետո նա ավելի իրատես դարձավ ու հայտարարեց, թե ինքը դեմ է ամեն տեսակի իզմ-երին, այսինքն՝ ոչ հակառուս է, ոչ էլ հակաարևմտյան։
Իրականում Նիկոլը ձեռնարկեց մի շարք քայլեր, որպեսզի ցույց տար, թե Հայաստանը կարող է հակառուսական մոտեցումներ ցույց տալ։ Այս շարքը սկսեց գեներալ- գնդապետ Յուրի Խաչատուրովին անիմաստ ետկանչից (Խաչատուրովի հանդեպ առ այսօր որևէ քննչական գործողություն չեն կատարել), մինչև Լուկաշենկոյին հակապուտինյան ալյանս առաջարկելը (արդյունքում Բելառուսը սկսեց ամերիկյան նավթ ստանալ, իսկ Հայաստանը՝ ռուսական кукыш)։ Այնուհետև սկսեցին նույնքան անիմաստ ռևերանսները Ռուսաստանի հանդեպ՝ սկսած հայկական զորքը Սիրիա ուղարկելուց, մինչև ռուսներին խոստանալով մուտք ապահովել ամերիկյան բիոլաբորատորիաներ (ինչը հետո մերժեց՝ ավելի վատացնելուվ Մոսկվայի հետ հարաբերությունները)։
Այս բոլոր վայրիվերումների ընթացքում Նիկոլ Փաշինյանը ընդունում է, որ իր ռեժիմի անվտանգությունը Ռուսաստանի ձեռքում է, և Ռուսաստանի դրդմամբ զրոյացնում է հարաբերությունները բոլոր մյուս արտաքին քաղաքական գործընկերների հետ։ Հիմա հայ-ամերիկյան հարաբերություններն այն մակարդակում են, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հանդիպում ստանալ ամերիկյան որևէ լուրջ պաշտոնյայի հետ, և մերժումների ֆորմալ, բայց նաև իրական պատճառն այն է, որ նրա հետ խոսելու բան չունեն, նա ոչնչացրել է հայ-ամերիկյան օրակարգը։
ԵՄ հետ հարաբերություններում Հայաստանը հաջողությամբ կանգնեցրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության CEPA համաձայնագիրը, որը Հայաստանին տալիս էր Եվրոպայի հետ ինտեգրվելու հրաշալի հնարավորություններ, ընդհուպ մինչև՝ վիզաների ազատականացման ռեժիմ։ Անգամ կորոնավիրուսի ճգնաժամի դեպքում ենք ականատես լինում, որ ԵՄ-ն լրջագույն օժանդակություններ է ցուցաբերում իր անդամներին և իր հետ աշխատող երկրներին, սակայն Հայաստանին գլոբալ հարցերում հաջողությամբ շրջանցում է։
Արտաքին հարաբերությունների նման բացակայությունը հանգեցնում է նրան, որ հիմա Հայաստանը իր բոլոր զարգացումներում ստիպված է հույսն ամբողջապես դնել Ռուսաստանի վրա։ Սիրի Նիկոլ Փաշինյանը Պուտինին, թե չսիրի, նա ստեղծել է մի վիճակ, որ ՆԱՏՕ-ի հետ ամենևին էլ ոչ սաղմնային վիճակում գտնվող համագործակցությունը իրականում կանգնել է, և Երևանի միակ անվտանգային գործընկերը մնացել է Մոսկվան։
Այս ընթացքում խորացել է նաև տնտեսական կախվածությունը Ռուսաստանից՝ նրան տալով Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու լրացուցիչ լծակներ, իսկ Եվրոպայի հետ կնքված GSP+ը այդպես էլ մնում է թղթի վրա։
Չնայած անկախական կամ հակառուսական ճոռոմախոսությանը, հիմա Հայաստանն ավելի մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, քան երբևէ։ Միաժամանակ, այդ կախվածությունը սքողելու համար պրոիշխանական շրջանականերից այժմ տարածվում է ինտենսիվ հակառուսականության քարոզ, որը մի կողմից իշխանությունների ապիկարությունը փորձ է անում թաքցնել «անկախականության» շղարշի տակ, մյուս կողմից այն դառնում է յուրահատուկ պատասխան Մոսկվայի կողմից հնչեցրած բացահայտումներին ղարաբաղյան բանակցություններում իշխանությունների պարտվողական կեցվածքի մասին, մաքսանենգ ինքնաթիռների մասին, և այլն։ Իշխանություները փորձում են տպավորություն ստեղծել, որ Ռուսաստանը սատարում է իրենց ընդդիմախոսներին, մինչդեռ իրենք ուզում են «անկախ» քաղաքականություն վարել։
Էհ, ուզո՞ւմ եք՝ վարեք, բոլորը միայն ուրախ կլինեն։ Բոլորը ուրախ կլինեն, որ Հայաստանի անվտանգությունը կախված լինի ոչ թե Մոսկվայից, այլ այն մտնի բազմակողմանի անվտանգության համակարգի մեջ։ Բոլորը ուրախ կլինեն, որ Հայաստանը լինի ԵՄ և ԱՄՆ հետ ազատ վիզայական ռեժիմով, ազատ տնտեսական հարաբերություններ ունեցող, գոնե մի 15-20 միլիարդանոց բյուջեով երկիր: 2 տարի ժամկետ կար, գոնե մի քայլ անեիք․ սա քրգործ թխել չի, սա քաղաքականություն է, слабо? Չի՞ ստացվում։ Դրա փոխարեն Հայաստանը ռուսական ֆորպոստից սարքեցիք ֆորպոստի մի հրակնատ։
Առավել տխուրն այն է, որ հակառուսականությունը դառնում է սավսալակների ու տականքների ապաստարանը, այն bon tone-ը, երբ փորձ է արվում ցանկացած հանցագործություն և տխմարություն արդարացնել հակառուսականությամբ։
ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ