«Գյուղացին մինչև այն պայմաններում չաշխատի, որ կոկիկ հագնվի՝ գնա իր այգին մշակելու, այդ հարցը չի լուծվելու»․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում շրջայցից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ հանդիպումների ժամանակ հիմնականում բարձրացվում էր ոռոգման ջրի հարցը․ «Հանդիպումից հանդիպում ինչ էի մտածում՝ հարցեր կան, որոնցով կզբաղվենք իհարկե, բայց ես մտածում էի, որ, եթե այդ հարցերը լուծվեն, դա հարց չի լուծելու, որովհետև մի տարի բերքը ավելի շատ է լինելու, քան պետք է, դրա արդյունքում բերքի գինն այնքան է ընկնելու, որ գյուղացին եկամուտ չի ունենալու։ Մի տարի կարկուտ է լինելու, մի տարի անձրևը շատ է լինելու, մի տարի քիչ է լինելու։ Հարցն այն է՝ ո՞րն է այս հարցի լուծումը։ Իմ ընկալումն այն է, որ պետք է մտածողություն փոխվի գյուղատնտեսության մեջ։ Որովհետև այսօր այն ջուրը, որն օգտագործվում է այս դաշտերում, կարելի է տասն անգամ շատ հող մշակել և տասն անգամ շատ բերք ստանալ»։
Վարչապետը նկատեց՝ հողի մշակման կուլտուրան մեր երկրում պետք է փոխվի․ «Այս կուլտուրայով հնարավոր չէ այնպես անել, որ դա գյուղացին հարստացնի։ Մտածողության փոփոխություն է պետք։ Այսօր շրջում, ծառերին էի նայում, այդ ծառերի տեսքն արդեն ասում է՝ եկամուտ չի բերելու այդ ծառը։ Ժամանակակից աշխարհը սա վաղուց հաղթահարել է, ամեն տարի ժամանակակից ֆերմերը ոչ թե մտածում է՝ այս տարի ինչքան բերք կլինի, այլ պլանավորում է՝ իրեն ինչքան բերք է պետք։ Բերքի ծավալը կառավարվող է։ Ինչքան պետք է բերք, այդքան էլ ստանում են»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ ժամանակակից աշխարհում բերքը կախված չէ եղանակից, այլ գործոններից, կախված է պլանավորումից․«Ինչքան պետք է բերք, այդքան էլ ստանում են։ Շատ տխուր հետևության եմ գալիս, բայց իմ հետևությունն այս է՝ ոռոգման ջրի խնդիր կա, եթե այդ հարցերը լուծվեն, պարզ է՝ կլուծվեն, մեկ է՝ գլխավոր հարցը չի լուծվելու, գյուղացին դրանից բարեկեցիկ չի դառնալու։ Գյուղացին մինչև այն պայմաններում չաշխատի, որ կոկիկ հագնվի՝ գնա իր այգին մշակելու, այդ հարցը չի լուծվելու։
Պետք է անցնել գյուղատնտեսության ժամանակակից տեխնոլոգիաներին՝ ինտենսիվ գյուղատնտեսություն, բիզնես մոդելի վրա հիմնված գյուղատնտեսություն, հողատարածքների խոշորացման վրա հիմնված գյուղատնտեսություն, և սա պետք է լինի մեր ռազմավարությունը։ Խնդիրը ոռոգման ջրի մեջ չէ, խնդիրը մտածողության, աշխատանքը կազմակերպելու կուլտուրայի մեջ է։ Մենք գյուղատնտեսության մեջ ունենք մի պրոբլեմ՝ գիտելիք։ Այսօրվա իմ շրջայցը էլ ավելի ամրապնդեց իմ հետևությունը։ Ուրախալի է, որ մեր շատ գյուղացիներ արդեն ընդունում են սա»։