ԱԱԾ պատասխանը՝ Միքայել Մինասյանի հայտարարությանը

Երբ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, 12-ժամյա թռիչք կատարելով դեպի Քննչական կոմիտե` տեղակալի պաշտոնով, նշանակվեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետի առաջին տեղակալ, խոսակցություններ շրջանառվեցին, որ ԱԱԾ-ից կադրերի արտահոսք է սկսվել, ինչը ԱԱԾ-ն հերքում է մինչ այժմ, չնայած այն հանգամանքին, որ արդեն իսկ հայտնի է գոնե թե մեկ բարձրաստիճան սպայի` ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար, փորձառու քննիչ Արթուր Աղաջանյանի հրաժարականի մասին:
Ապա լուրեր շրջանառվեցին, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտնի ուղիղ հեռարձակումից հետո կրկին աշխատակիցներ են լքել ԱԱԾ-ն:

168.am-ը մայիսի 13-ին գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ` ցանկանալով ստանալ հետևյալ հարցերի պատասխանները`

1. Մայիսի 12-ին Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարեց, որ ԱԱԾ-ից 20 հոգի աշխատանքից ազատվելու դիմում է գրել, աշխատակիցներ են ազատվել, և ըստ ամենայնի` այդ գործընթացը նախաձեռնվել է մաքսանենգ ծխախոտի գործը մաքրելու համար:
Խնդրում ենք պատասխանել` ԱԱԾ քանի՞ աշխատակից է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել անցած երկու շաբաթների ընթացքում, այսինքն՝ մաքսանենգ ծխախոտի տեղափոխման գործը հրապարակայնացվելուց հետո:

2. Քանի՞ աշխատակից է աշխատանքից ազատվել նշված ժամանակահատվածում ոչ սեփական դիմումի համաձայն:

3. Տվյալ ժամանակահատվածում արդյո՞ք ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներ են աշխատանքից ազատվելու դիմումներ գրել կամ հեռացվել իրենց պաշտոններից:

ԱԱԾ-ից, ի պատասխան մեր հարցերի, տեղեկացրել են, որ ՀՀ ԱԱԾ-ից վերջին շրջանում 2 տասնյակ ծառայողների կողմից աշխատանքից ազատվելու դիմումներ ներկայացնելու վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

«Ազգային անվտանգության մարմիններից տարբեր աշխատակիցների ծառայության անցնելը կամ ծառայությունից արձակվելը բնական գործընթաց է և կրում է շարունական բնույթ»,-նշված էր ԱԱԾ պատասխանի մեջ:

Մինչ ԱԱԾ-ն ջանասիրաբար փորձում է հերքել կադրերի արտահոսքի վերաբերյալ լուրերը, հիշեցնենք, որ մենք կոնկրետ հարցեր էին տվել, իսկ գոնե թե այս ժամանակահատվածում, ինչ այդ կառույցում պատասխանում էին մեր գրությանը, մեկ բարձրաստիճան պաշտոնյայի հրաժարականի լուրը հաստատվեց:

Ի դեպ, աշխատանքից ազատվելու դիմում ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար Արթուր Աղաջանյանը գրել էր դեռևս մայիսի 5-ին:

Տեսանյութեր

Լրահոս