«Ժողովուրդը չի նկատում՝ ինչ է կատարվում, երբ նկատի՝ կսկսի ռեակցիա տալ այդ ամենին». Սարգիս Գրիգորյան

Երեկ կառավարության դիմաց ռեստորանների սեփականատերերը և աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ոլորտը վերագործարկելու պահանջով: Ակցիային մասնակցում էր նաև դերասան Սարգիս Գրիգորյանը, որին և ևս մի քանի անձանց ոստիկանները բերման էին ենթարկել: Ոստիկանությունից նշել էին, թե ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ hոդվածը խախտելու պատճառով:

Հոդվածի համաձայն՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում: Այն սահմանված է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, այսինքն՝ տուգանքի չափը կազմում է 50.000 դրամ:

Դերասան Սարգիս Գրիգորյանը 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ չի հասկանում թե ինչու ոստիկաններն իրեն բերման ենթարկեցին. «Ես սոցիալական հեռավորությունը պահպանել եմ: Բայց կարո՞ղ էին, չէ՞, ասել՝ պարոն Գրիգորյան, նստեք մեքենան… ձեռքերս ծալեցին, ոնց որ խուժան լինեի, ու տարան: Լավ, մտնում եմ մեքենայի մեջ, նույն օրենքը, որը 10 վայրկյանը մեկ ասում է՝ սոցիալական հեռավորություն պահպանեք, 6 հոգուս մի մեքենայով տանում է Էրեբունու ոստիկանություն: Ինչի՞ն հավատամ, ո՞վ է դաստիարակողը, ո՞վ՝ կատարողը: Լրագրողներն այնտեղ են եղել, թող իրենք կադրերը նայեն, տեսնեն՝ ես մարդկանց մե՞ջ եմ եղել: Ամեն մեկին գետնին պառկեցնելը՝ չի նշանակում՝ դիվիդենտներ շահել: Ինձ այդպես տանելն իրենց ավելի վնաս էր, քան օգուտ: Ես չէի գնացել այնտեղ՝ կռիվ անելու»:

Ինչ վերաբերում է իրենց պահանջին, ապա Ս. Գրիգորյանը նկատեց, որ, եթե գրեթե բոլոր ռիսկային ոլորտներն աշխատում են, հարց է առաջանում, թե ինչո՞ւ են ռեստորանները փակ. «Չեմ գտնում այդ հարցի պատասխանը»:

Մեջբերեցինք Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի՝ մեր տաղավարում հնչեցրած պարզաբանումը, թե ինչու ռեստորանային ոլորտը հիմա չի կարող աշխատել:

«Դժվար է պատկերացնել մի հայկական ընտանիք, որը քեֆ-ուրախություն է անում, և առաջին երկու բաժակից հետո սոցիալական հեռավորությունը պահել հնարավոր է: Մենք գիտենք՝ ինչ ջերմ մթնոլորտում են անցնում մեր խնջույքները: Եվ շատ դժվար կլինի հարսանիք, կնունք, ծնունդ կազմակերպող մարդկանց համար իրենց վրա վերցնել այդ ամբողջ պատասխատավությունը»,- մեր եթերում ասել էր փոխքաղաքապետը:

Սարգիս Գրիգորյանը, սակայն, հակադարձեց՝ ասելով՝ ուղղակի կարելի է լավ հսկողություն կատարել ռեստորանում, ձեռնարկել համապատասխան քայլեր, ինչպես դա արվում է մյուս ոլորտներում.

«Ես ավելի ողբերգական եմ տեսնում, եթե չի բացվում այդ ոլորտը: Կարող եմ բերել հստակ օրինակներ. Նախ՝ այդ ոլորտի մեջ մտնում են 10-11 մասնագիտություններ, որոնք կենսականորեն կախված են այդ ոլորտի աշխատանքից՝ ռեստորանների սեփականատերեր, մատուցողներ, երաժիշտներ, երգիչներ, հանդիսավարներ, շոու-խմբեր, աման լվացողներ, խոհարարներ, վիդեո-ֆոտո նկարահանողներ, ձևավորողներ, ավտոսերվիսներ, հարսանյաց զգեստների սրահներ, դիմահարդարներ, վարսավիրներ: Բացվել է դրանցից մոտ 7-8-ը, բայց նրանք գումարային առումով կախում ունեն այն ոլորտից, որը չի բացվել: Նշանակում է, որ հիմա դրանք բացվել են, «տակ տված» են աշխատում»:

Դերասանն ընդգծեց՝ իր առաջարկությունն ավելի շատ օգտակար է իշխանություններին, քան՝ վնասակար. «Ուղղակի պետք է դրա մասին մտածել: Սեզոնը 4-5 ամիս է, և եթե այդ ընթացքում այդ մարդիկ չաշխատեն, իրենք բավականին լուրջ զանգված են, որոնք մինչև հաջորդ տարվա հունիս խնդիր են ունենալու: Այդ մարդկանց հետո ո՞նց ենք պահելու, ո՞նց ենք կերակրելու, դրա մասին մտածե՞լ ենք: Դրա հետևանքներն ավելի ողբերգական են»:

Դիտարկմանը՝ կառավարությունն ունի աջակցման ծրագրեր, նա հակադարձեց. «Ես էլ եմ ստացել՝ 2.5 ամսվա համար՝ 68.000 դրամ: Դա է աջակցման ծրագիրը. 3 աղջիկ ունեմ, ի՞նչ եմ անելու այդ 68 հազարով, եթե ես պետք է կոմունալները փակեմ, երեխաներիս պահեմ: Բայց մենք փող չենք ուզում, մենք աշխատանք ենք ուզում»:

Դերասանը նկատեց. «Հեղափոխության ժամանակ, որ հրապարակն այդքան մարդկանցով լցվել էր, հիմա մոտավորապես այդքան մարդ ռեստորանային ոլորտից է գումար ստանում և դեմ է լինելու այս կառավարությանը: Թողեք հանգիստ աշխատենք. կարելի է լուծումներ գտնել, ես նույնիսկ գիտեմ այդ լուծումները, օդում չեմ կրակում: Օրինակ՝ 300-400 հոգանոց դահլիճը թող 50 տոկոսով կիսեն, 12 հոգանոց սեղանին թող 5 հոգի նստեն, բոլոր հակահամաճարակային միջոցառումները լինեն: Թող ամեն պարի երաժշտությանը մի սեղանի մարդիկ պարեն: Փակելով հարց չեն լուծում: Ո՞ւմ ենք խաբում, կարանտի՞ն է. ո՞ւր է այնտեղ կարանտին, ժողովուրդ»:

Սարգիս Գրիգորյանը նշեց, որ երեկվա միջադեպից հետո հասկացել է, թե ինչու էր 2018թ. գարնանն ակտիվ մասնակցում հեղափոխությանը. «Գիտե՞ք՝ ինչու գնացինք ես ու կինս, որովհետև տեսանք, որ մարդկանց դեմքերին ժպիտ եկավ: Մարդիկ երջանիկ էին, ուրախ էին, ֆլեշմոբեր էին անում: Ինձ դա գրավեց: Ինքս լավ էի ապրում, ես խնդիր չունեի, բայց այդ թեթևությունը զգացի, որն ինձ երկրորդ հոգեվիճակ տվեց՝ գնալու: Բայց հետո մեկ էլ ունք է բարձրանում, հետո մատ է գալիս, այսինքն՝ գալիս է նույնը. վերացա՞վ այդ ժպիտը: Դրանից հետո Ֆեյսբուքում սկսեցին վիրավորանքներ, ատելություն, անեծքներ…

Տղերք, մի մոռացեք՝ սիրո և հանդուրժողականության…, ես դրա համար եմ գնացել, ես սրա համար չեմ գնացել: Ես չեմ գնացել, որ վիրավորեք իրար: Ես ուզում եմ մի բան ասել այն տղերքին, ովքեր Գյումրիից քայլելով եկել են Երևան. տղերք, խնդիրը կորոնավիրուսի մեջ չէ, լիքը խնդիրներ կարելի է վերացնել, հիմքն է շատ կարևոր: Եթե չվերանա այս սև ու սպիտակը, ձեր մեկը երկու չի դառնալու, ավելի դժբախտություն ասեմ՝ մեր մեկը երկու չի դառնալու, երբեք չի դառնալու: Դո՛ւք եք մեղավոր, որովհետև դո՛ւք եք իշխանություն, դուք կարող եք շատ հանգիստ այդ հարցը լուծել»:

Նկատառմանն ի պատասխան, թե հիմա իշխանությունն էլ է բողոքում երկրում առկա ատելության մթնոլորտից, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ իրենց հոգեբանական բռնության են ենթարկում, իշխանական կին պատգամավորներին սպառնում են բռնաբարել, ծեծել և այլն, Ս. Գրիգորյանն ասաց.

«Իրենք ունեն ԱԱԾ, Ոստիկանություն, ամեն ինչ, և այդ մանդատը ժողովուրդն իրենց տվել է, որ ստեղծեն հանդուրժողականության և սիրո մթնոլորտ: Եվ հիմա գցել ուրիշի վրա, կարծում եմ, տեղին չէ: Ես իմ ընտանիքի պատասխանատուն եմ, իմ հարևանը չէ պատասխանատու: Հերիք է ուրիշների վրա գցենք մեր պատասխանատվությունն ու պարտավորությունը: Մի շատ կարևոր բան կա՝ այս ժողովուրդը նկատելն է մոռացել, ժողովուրդը չի նկատում՝ ինչ է կատարվում, երբ նկատի՝ կսկսի ռեակցիա տալ այդ ամենին: Մեզ չեն թողնում նկատենք՝ ինչ է կատարվում, ասում են՝ սա է ճիշտը: Մարդը պետք է խոսի. եթե դու քո հարմարավետության գոտուց դուրս չգաս՝ ոչ մի հարց կյանքում չես լուծի, բոլոր հարցերը լուծվում են, երբ մարդն իր հարմարավետության գոտուց դուրս է գալիս:

Ժողովուրդ, մենք պետք է դուրս գանք մեր հարմարավետության գոտուց, և, ոնց 2018թ. ասել են, թե դուք կարող եք արտահայտվել, ձեզ լսող կա… ես ձեր ասածն եմ անում, հարգելի իշխանություն, դուք եք ասել: Ես ոչ ձեզ վիրավորել եմ, ոչ պատվեր եմ կատարել, ես ասում եմ՝ քաղաքացու բողոք, հաստատ իմ ասածի մեջ լոգիկա կա»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս