Իշխանությունը ճարպկորեն փորձում է 44-օրյայի զոհերի թեման տեղափոխել տեխնիկական խնդիրների տիրույթ. Տիգրան Աբրահամյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Իշխանությունը ճարպկորեն փորձում է 44-օրյայի զոհերի թեման տեղափոխել տեխնիկական խնդիրների տիրույթ, երբ բանավեճը նրա տարբեր ներկայացուցիչների հնչեցրած թվերի տիրույթում է:
Թիվ մեկ խնդիրն այն է, որ նահատակների, անհետ կորածների, գերեվարվածների ծնողների, ու հավաքական առումով` հասարակության հարցադրումները պատերազմի տարբեր հանգամանքների և դրա պատասխանատուների վերաբերյալ, շարունակում են անպատասխան մնալ:
Իշխանությունն ընտրովի մեղավորներ է նշանակել, որոնք, բնականաբար, իր և իր առաջնորդից տիրույթից դուրս են, քննիչ հանձնաժողովի զեկույցը բարեհաջող թաղվեց, իսկ իրական պատասխանատուները բացի փողոցում հայտնվելուց ամեն ինչով զբաղվում են` քաղբանտարկյալների ցուցակն ընդլայնելով, պետական շահը սակարկման առարկա դարձնելով և երկրի կենսունակությունն ապահովող ինստիտուտները քանդելով»:

