«Ծնողներն անհանգստանալու պատճառ չունեն. մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի երեխաները լինեն անվտանգ». Տիգրան Վիրաբյան
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ
– Քանի որ այսօր Ռեստորանների սեփականատերերն ու աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել, մեր զրույցը սկսենք այդ խնդրից: Բողոքի ակցիայի մասնակիցները նշում էին, որ, եթե տրանսպորտն աշխատում է, մանկապարտեզներն աշխատում են, իրենք ինչո՞ւ պետք է տանը նստեն: Արդարացի չէ՞ նրանց պահանջը:
– Մանկապարտեզներն աշխատում են, որովհետև չաշխատելու տարբերակ չունեին այլևս: Մարդիկ գնում են աշխատանքի, կան տասնյակ-հազարավոր երեխաների ծնողներ, որոնց աշխատանքը հեռավար կազմակերպել հնարավոր չէ: Ինչ վերաբերում է ռեստորաններին, երևի թե մեզանից բոլորը հայկական ավանդական հարսանիքներին, կնունք-ծնունդներին ներկա ենք եղել, և դժվար է պատկերացնել մի հայկական ընտանիք, որը քեֆ-ուրախություն է անում, և առաջին երկու բաժակից հետո սոցիալական հեռավորությունը պահել հնարավոր է: Մենք գիտենք՝ ինչ ջերմ մթնոլորտում են անցնում մեր խնջույքները: Եվ շատ դժվար կլինի հարսանիք, կնունք, ծնունդ կազմակերպող մարդկանց համար իրենց վրա վերցնել այդ ամբողջ պատասխատավությունը:
– Այսօրվանից արդեն իրենց աշխատանքը վերսկսել են Երևան քաղաքի մանկապարտեզները․ այս պահի դրությամբ տվյալներ ունե՞ք՝ մոտավորապես որքա՞ն երեխա է այցելել մանկապարտեզ, հաճախելիության ի՞նչ պատկեր ունենք։
– Այսօր առավոտից շրջայց եմ կազմակերպել Երևանի մի շարք համայնքներում, և պետք է ասեմ, որ ըստ հերթագրված և ցուցակագրված անձանց, որոնք շուրջ 11.000 են, այսինքն՝ այցելողների 30 տոկոսը, և նրանց 30 տոկոսն է հաճախել մանկապարտեզ, այսինքն՝ մոտ 3000 երեխա: Ես վստահ եմ՝ թվերը մոտ օրերին ավելանալու են, և այս սպասելի 30 տոկոսն ունենալու ենք: Մեր բոլոր մանկապարտեզներում խստագույնս պահպանվել են կանոնները, կիրառվում են մեր տված գործիքակազմերը, և այս ամենի հետ՝ սոցիալական հեռավորություն, ախտահանում, անվտանգություն:
Չեմ կարող չնշել, որ պատկերը բավականին ցավոտ էր ինձ համար այն առումով, որ երեխաները նստած են իրարից հեռու, պահում են սոցիալական հեռավորությունը՝ իրենց ընկերների հետ խաղալու, գրկախառնվելու հնարավորություն չունեն, բայց ես ավելի քան վստահ եմ, որ մենք մի քիչ մեզ նեղություն տալով՝ միասին հաղթահարելու ենք այս ամենը:
Ծնողներն անհանգստանալու պատճառ չունեն, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի երեխաները լինեն անվտանգ, որպեսզի մեր աշխատակիցները լինեն անվտանգ:
– Իսկ ստուգայցեր իրականացնող անձինք արդյո՞ք նախապես թեստավորվում են, որպեսզի պատահաբար վարակ չտարածեն: Այս հարցն առաջացել է զուտ նրա համար, որ նույն տարեցների կենտրոնը փակ գոտի էր, բայց հանկարծ պարզվեց, որ վարակ է տարածվել:
– Բոլոր այն անձինք, որոնք իրավունք ունեն մանկապարտեզներ այցելելու, ստուգելու, բնականաբար, նրանք ունեն սանիտարական գրքույկներ, որոնք պարտադիր էին մինչև համաճարակը ևս:
Ծնողները, լրագրողները, մատակարարները չեն մտնում մանկապարտեզ, սնունդը ստանում են մանկապարտեզների աշխատակիցները՝ դրսում՝ կանոնները պահելով, և այն մարդիկ, որոնք ի պաշտոնե պարտավոր են մտնել, ստուգումներ իրականացնել, նույնպես խստորեն պահպանում են անվտանգության բոլոր կանոնները: Անմիջապես նրանց մուտք ու ելքից հետո մանկապարտեզների այն տարածքները, որտեղ եղել են, ախտահանվում են:
– Հարց է առաջանում՝ եթե մանկապարտեզներում աշխատանքները վերսկսել են, և հնարավոր է իրականացնել բոլոր կանխարգելիչ միջոցառումները, ապա դպրոցներն ինչո՞ւ են փակ։
– Դպրոցների կրթությունը հնարավոր եղավ հեռավար իրականացնել, և սա ավելի անվտանգ է: Նաև պետք է հաշվի առնենք, որ դպրոցահասակ երեխաներն ինքնուրույն տանը մնալու հնարավորություն ունեն:
– Բայց փոքր երեխաներին ծնողները վախենում են միայնակ տանը թողնել:
– Այնուամենայնիվ, շատ են հարցնում՝ ինչո՞ւ մանկապարտեզները բացվեցին, եթե դրանք բացվել են, կարող է մեկ այլ ոլորտ ևս բացվել, հատկապես՝ փակ ոլորտների աշխատակիցները մատնանշում են մանկապարտեզների բաց լինելը: Սա այդ ոլորտին տրված առավելություն չէ, ուղղակի փակ պահելու անհնարինությունից է, որ մենք մանկապարտեզները բացել ենք:
– Քանի որ շատ է քննարկվում, կասե՞ք՝ Հայկ Մարությանն աշխատանքի գալի՞ս է:
– Հայկ Մարությանն աշխատանքի գալիս է, նա մեկ-մեկ գնում է աշխատանքից, կարող եմ այսպես ասել, որովհետև մինչև ուշ գիշեր մենք աշխատում ենք: Շատ դեպքերում խորհրդակցությունները և քննարկումները կարող են ծավալվել մինչև օրացուցային օրվա փոխվելը, և կարծում եմ, որ այդ ամենի լավագույն ապացույցը կատարվող աշխատանքն է:
– Բայց ասում են՝ չեն տեսնում քաղաքապետի աշխատանքի արդյունքը, միայն որոշումներ ստորագրելով հո չէ՞:
– Եթե կարիք կա ուղղակի խոսել թվերով, մենք կարող ենք խոսել թվերով: Ինչպե՞ս կարող են չտեսնել մի աշխատանք, երբ մասնավորից հազարավոր քառակուսիների տարածք է վերադարձվում համայնքին: Մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է 20 տոկոսով, սպորտի աշխատողների աշխատավարձը բարձրացել է 40-60 տոկոսով, մշակութային գործիչների աշխատավարձերը բարձրացել են որոշակի չափով:
Ես միայն խոսում եմ իմ ենթակայության 3-4 ոլորտների մասին, որտեղ տեղի է ունեցել համատարած աշխատավարձերի բարձրացումը: Բյուջեի հավաքագրումների մասով երևի անիմաստ է խոսել: Երևանում հետսովետական ժամանակաշրջանում՝ 30 տարում, ընդամենը 35 վերելակ է փոխվել, և այս տարի միայն մենք 520 վերելակ ենք նախատեսել փոխել Երևանում:
– Բայց նախատեսել եք և դեռ չեք փոխել, դրա համար էլ կան այս խոսակցությունները:
– Այնուամենայնիվ, եթե արդեն մրցույթները հայտարարված են, բյուջեն հատկացված է, բնականաբար, ավարտին հասցվելու ենք այդ աշխատանքները: Նախընտրական շրջանում քաղաքապետի խոստացած բոլոր ուղղություններով մեծածավալ աշխատանքները սկսված են:
Մի շատ կարևոր բան եմ ուզում նշել՝ մեր հասարակությունն ուզում է տեսնել աշխատանք, որն այսօր երևում է, իսկ այս քաղաքային իշխանությունը դրա խնդիրը չունի, ինքը նախատեսում է նախագծեր, որը կարող է Երևան քաղաքի կյանքն ավելի բարվոք դարձնել 10-15 տարի հետո: Մենք չենք նախաձեռնում այնպիսի նախագծեր, որ մինչև մյուս ընտրություններ պարտադիր երևան, և դրա արդյունքում ձայն հավաքենք, մենք դրա խնդիրը չունենք:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում