Կա պլան՝ ենթարկեցնել Հայ Առաքելական եկեղեցին օտարերկրյա կրոնական կազմակերպություններին, այդ խմբերն ազդեցություն ունեն Թրամփի շրջապատում. Խաչիկյան

«Արևմուտքն Ուկրաինային թույլ չի տալիս անգամ մեկ սանտիմետր նահանջել, իսկ Հայաստանին ստիպեց հանձնել ամեն ինչ»,- 168TV«Դիպլոմատ» հաղորդման ընթացքում նման պնդում արեց  ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պլանին, հարավկովկասյան ռեգիոնում Եվրոպայի քաղաքականությանն ու իրավիճակին:

Նրա խոսքով՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ԱՄՆ նոր առաջարկները միտված չեն խաղաղության հաստատմանը, դրանք ժամանակավոր հրադադարին ու նոր պատերազմին՝ ռևանշին ուղղված առաջարկներ են:

Արթուր Խաչիկյանի դիտարկմամբ՝ հասկանալիորեն բարդ է Ուկրաինայի համար համաձայնել այնպիսի կետերի, տարածքային զիջումների հետ, որոնք ամրագրված են այդ առաջարկներում, դրանք բավականին ցավոտ զիջումներ են:

«Մյուս կողմից՝ եվրոֆանատների ակումբի միջամտությունից հետո (գիտեք՝ ովքեր են այն ղեկավարում, այն նույն մարդիկ, որոնք Հայաստանին խոստանում էին պաշտպանություն և աջակցություն, որ մեզ ամոթալի կերպով խաբեցին ու հանձնեցին) Ուկրաինայում պահանջում են չնահանջել ոչ մի սանտիմետր:

Կարդացեք նաև

Այս առաջարկները փաստացի տորպեդահարում են խաղաղ գործընթացը, քանի որ նրանք հրաժարվում են դիտարկել խորքային պատճառները, նրանք չեն ցանկանում տեսնել այս հակամարտության խորքային պատճառները: Այնտեղ ներառված են կետեր, որ Ուկրաինան չեզոք պետություն լինելու պարտավորություն չի ստանձնում, ՆԱՏՕ անդամակցության հնարավորությունը պահպանվում է, կամ, եթե Ուկրաինան նույնիսկ ֆորմալ առումով դրանից հրաժարվում է, այնտեղ ԱՄՆ-ի կողմից կետ կա անվտանգային երաշխիքների մասին: Ի՞նչ է դա նշանակում, սա մոտավորապես նույն բանն է, ինչ ՆԱՏՕ-ին անդամակցությունը, այսինքն՝ երբ Ուկրաինան դա պահանջի, կամ լինի Ուկրաինայի անվտանգության սպառնալիք, ապա ԱՄՆ-ը ստիպված է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային:

Սա կարելի է համեմատել ՆԱՏՕ-ից ստացված անվտանգային երաշխիքների հետ: Ռազմական տեսանկյունից ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ն է: Այսինքն՝ Ռուսաստանի գլխավոր պայմանն անտեսվեց»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայում օտարերկրյա զորքերի տեղակայման հարցը բաց է, այնտեղ կարող են լինել նաև ՆԱՏՕ-ի զորքեր, ԱՄՆ-ը կարող է հետագայում ներքաշվել, եթե ընդունվեն այս պայմանները:

«Այնտեղ կա տարածքային զիջումների հատվածը, Ուկրաինային բարդ է այդ ամենն ընդունել, մյուս կողմից՝ 4 տարի արյունահեղությունից հետո Ռուսաստանը ևս չի կարող պարզապես նահանջել այդ տարածքներից: Չորս տարի առաջ խաղաղ համաձայնագիր կնքելու հնարավորություն կար, ցավոք սրտի, լիբերալ դեմոկրատ ուժերի միջամտությունից հետո այս գործընթացը տորպեդահարվեց: Չորս տարի արյունահեղությունից հետո եվրոպական ղեկավարները չեն կարողանում ետ կանգնել իրենց ֆանատիզմից»,- ասաց նա:

Արթուր Խաչիկյանի համոզմամբ, խնդրի արմատն այն է, որ, եթե Եվրոպայում հրաժարվում են ընդունել առաջատար տերություններից մեկի մտահոգությունը, հաշվի առնել բոլոր տերությունների շահերը, հրաժարվում են հաշվի առնել հավաքական անվտանգության շահերը, ապա խաղաղություն չի լինի երբեք:

«Այսինքն՝ եթե նույնիսկ որևէ համաձայնագիր կնքվի, ապա կսկսվի Ուկրաինայի անհապաղ վերազինում և Ուկրաինայի վերածում Եվրոպայում ՆԱՏՕ-ի հսկայական ռազմաբազայի, այսինքն՝ այն, ինչ կար Գերմանիայում, Լեհաստանում, Ռումինիայում, արդեն կլինի Ուկրաինայում: Ես կցանկանայի իմանալ, թե որտե՞ղ են կրթություն ստացել անձինք, որոնք ղեկավարում են եվրոպական երկրները, և ինչպիսի՞ գնահատականներ են ունեցել:

Եվրոպական պատմության վերջին 400 տարվա ընթացքում խաղաղության բաղադրատոմսը չի փոխվել, դեռևս 300-400 տարի առաջ հասկանում էին, որ պետք է ձևավորել հավաքական եվրոպական անվտանգություն:

Միջազգային հարաբերությունների բոլոր տեսաբանները հստակ ասել են, որ՝ եթե ցանկանում եք խաղաղություն, պետք է ձևավորել հավասարակշռություն, կանոններ՝ հաշվի առնելով բոլոր տերությունների շահերը: Պատմության մեջ չկա օրինակ, երբ առաջատար տերություններից մեկի շահերի անտեսումը հանգեցրել է այլ արդյունքի»,- ասաց Խաչիկյանը՝ ընդգծելով, որ հակամարտություն թույլ չտալու միակ տարբերակը մյուսների շահերը հաշվի առնելն է, հանգելը փոխընդունելի իրավիճակի ու ինչ-որ կանոններ հաստատելը:

Նրա գնահատմամբ, աշխարհն արդեն իսկ գտնվում է միջազգային խոշոր հակամարտության թեժ փուլում, արդեն իսկ ամեն բան շատ մոտ է համաշխարհային պատերազմին:

Ըստ Խաչիկյանի, մնում է, որ այս ամենին միանա Չինաստանը, և այդ դեպքում կարող ենք ասել, որ հաստատ ընթանում է համաշխարհային պրոքսի պատերազմ:

«Այս ամենի հետ մեկտեղ՝ տեսնում ենք անպատասխանատու քայլեր, տեսնում ենք միջուկային փորձարկումներ, որին եղավ արձագանք Չինաստանից»,- նկատեց նա:

Խաչիկյանը նշեց, որ եթե թշնամական որևէ երկիր ցանկանար բազաներ տեղակայել ԱՄՆ սահմաններին, ԱՄՆ-ը դա երբեք չէր հանդուրժի, ԱՄՆ-ի կողմից անհապաղ, կտրուկ պատասխան կլիներ, ինչպես եղավ Կուբայում ԽՍՀՄ բազա տեղակայելուց հետո:

«Չկա ոչինչ՝ միջազգային իրավունք, կանոն, միջազգային կազմակերպություններ, ոչ էլ տարրական տրամաբանություն: Մենք գնում ենք դեպի հսկայական պատերազմ, քանի դեռ այս մարդիկ Եվրոպայում իշխանության են»,- ասաց նա:

Արթուր Խաչիկյանի կարծիքով՝ Թրամփի պլանի շուրջ բանակցությունները շարունակվում են, քանի որ ռուսական և ուկրաինական կողմերը պարզապես փորձում են համագործակցել Թրամփի հետ, ցույց չտալ, որ մերժում են խաղաղությունը, մյուս կողմից՝ տեսանելի է, որ եվրոպական կողմից տորպեդահարվում են այս ջանքերը:

«Մենք տեսնում ենք, որ երկու կողմից էլ մահանում են տասնյակ-հազարավոր երիտասարդներ, դժվար է ասել, թե ներկայացվող ո՞ր թվերին է պետք հավատալ, դա կարևոր քաղաքական հարց է, սակայն հասկանալի է, որ Ուկրաինան ծանր իրավիճակում է, այնտեղ հսկայական ավերածություններ են: Սա հանցագործություն է, հանցագործություն էր թույլ տալը, որպեսզի ամեն բան հասնի այս իրավիճակին: 30 տարի, 35 տարի մշտական զգուշացումներ էին արվում, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումն, ի վերջո, հանգեցնելու է նրան, որ կարմիր գիծն անցնի:

Եվրոպացի ղեկավարներն իրենք այս բոլորը գիտեին, ինչպես Մերկելը, Սարկոզին: Ինչո՞ւ եվրոպացի ղեկավարները չեն հասկանում, որ միակ տարբերակը միասնական հավաքական անվտանգության համակարգի ձևավորումն է, որտեղ հաշվի են առնված բոլոր տերությունների շահերը»,- ասաց նա:

Խաչիկյանի խոսքով, Թրամփի նկատմամբ ևս ճնշում կա, Մակրոնի ու Սթարմերի համար սա դարձել է անձնական խաչակրաց արշավանք, նրանց համար սա քաղաքական օպերացիա է, նրանց հեղինակության հարցն է, և նրանք չեն ցանկանում ընդունել, որ սխալվել են:

«Տեսեք, որ մեր դեպքում որևէ երաշխիք չեն քննարկում, իսկ Ուկրաինայի հարցով Արևմուտքը չի նահանջում, նրանք ցանկանում են երաշխիքներ տրամադրել՝ իմանալով, որ իրենց երաշխիքը ոչինչ չի նշանակում, ու պետք է այս հարցում ներքաշել ԱՄՆ-ին: Մեզ ոչ մի խոստում, ոչ մի երաշխիք չտվեցին, մեզ ստիպեցին ամեն ինչ հանձնել, Արևմուտքը պահանջեց, և Հայաստանը զիջեց ամեն ինչ»,- ասաց Արթուր Խաչիկյանը:

Նա հիշեցրեց, որ Մակրոնը նստած էր, երբ «մեր ղեկավարը, տեղապահը հանձնեց Ղարաբաղը»: «Այսինքն՝ մեզ ստիպում են հանձնել ամեն ինչ, ենթարկվել, իսկ Ուկրաինային զինում են և պաշտպանում ատամներով: Ինչո՞ւ, որովհետև շահերն են այդպիսին, Արևմուտքի գլխավոր ռազմավարությունը Ռուսաստանի շուրջ օղակի սեղմումն է, դուրսմղումը: Սա ֆանատիզմի հասնող ռուսաֆոբիա է, որը նրանք չեն կարողանում հաղթահարել:

Իսկ Հայաստանը նրանց պետք է՝ որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի նախկին ազդեցության բազա, Հայաստանը պետք է մաքսիմալ թուլանա, ենթարկվի Թուրքիային ու Ադրբեջանին, որպեսզի Ռուսաստանը դուրս մղվի Կովկասից, որպեսզի Ռուսաստանը չկարողանա վերադառնալ Հարավային Կովկաս: Ռեգիոնում պետք է ձևավորվի «Սուպեր Թուրքիա» երեք ծովերի վրա՝ հսկայածավալ ռազմական, տնտեսական ու էներգետիկ ռեսուրսներով:

Թուրքիայի հետ լավ հարաբերությունները հիանալի է, բայց 5 տարի առաջ թուրքերն էին ղեկավարում ռազմական գործողությունը, պետք է հիշեցնել, որ Մեծ Թուրանի ձևավորման ծրագրերը կարող են վատ ավարտ ունենալ, քանի որ պատմականորեն տեսնում ենք, որ, ցավոք սրտի, թուրք իշխանությունների քաղաքականությունը 150 տարվա ընթացքում հայկական էթնոսի հետզհետե ոչնչացումն է»,- ասաց Խաչիկյանը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս