Ռուսական կողմը մշտապես շեշտել է, որ դրանք միասնական առաջարկներ են, այսինքն՝ ՌԴ-ն երբեք չի գործել Մինսկի խմբից սեպարատ․ Սկակով

«Երբ կողմերը պատրաստ լինեն փոխզիջումների, այն ժամանակ էլ հնարավոր կլինի Ղարաբաղյան հակամարտության լուծումը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ վերջին մի շարք ուշագրավ հայտարարություններին։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս տված իր ասուլիսի ընթացքում վստահեցրել էր, թե հայկական կողմը հետևողականորեն պաշտպանելու է իր դիրքորոշումը և հավատարիմ է մնում ավելի վաղ արած հայտարարությանը, որ կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար։

«Շատերն ասում են՝ հնարավոր չի այդպիսի լուծում. է, հնարավոր չի՝ հնարավոր չի, ուրեմն չի լուծվի։ Մեր խնդիրն այն է, որ փնտրենք և գտնենք այդպիսի լուծում։ Իսկ բանակցությունն այդպիսի բան է, որ կարող է քննարկում լինել։ Իսկ կարո՞ղ է այդպիսի տարբերակն ընդունելի լինի, իսկ կարո՞ղ է, այնուամենայնիվ, այնպիսի տարբերակն ընդունելի լինի, որը երկու տարի առաջ ընդունելի չէր։ Պետք չի մեզ կաշկանդել, որ հանկարծ մեկն այնպիսի տարբերակ ասի, որ մենք մեր ականջները փակենք, սենյակից փախնենք։ Չի լինելու այդպիսի բան։ Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք և մենք մեր դիրքորոշումը հետևողականորեն պաշտպանելու ենք։ Այն պահին, որ կարող է պարզվել, որ այ, կա կոմպրոմիսի հնարավորություն, որին մենք չպետք է ասենք՝ չէ, ուրեմն մենք պետք է ճկունություն ցուցաբերենք։ Որովհետև բոլորն ասում են, որ պետք է գտնվի փոխզիջումների միջոցով։ Հիմա հարց, ո՞րն է փոխզիջման այն սահմանը, որից այն կողմ անընդունելի է։ Այդպիսի գծեր կան և Ադրբեջանի համար, և Հայաստանի համար, և Ղարաբաղի համար։ Բա բանակցությունը դրա համար է»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով ՌԴ ԱԳ Նախարար Սերգեյ Լավրովի ավելի վաղ արած հայտարարությունների մասին, թե բանակցային սեղանին ռուսական առաջարկներն են, որոնք ենթադրում են հակամարտության փուլային կարգավորում, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այդ մեկնաբանություններն անելիս պետք է ուշադրություն դարձնել, որ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը հայտարարեց, որ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունն օգտակար չի համարում.

«Այդ մեկնաբանություններ անողներն այս փաստը չե՞ն տեսել: Արդեն իմ նշածը խոսում է այն մասին, որ այն ձևակերպումը, որ դրված էր հարցի մեջ, առնվազն չի համապատասխանում իրականությանը»:

Իսկ ավելի վաղ Գերմանական Մարշալի հիմնադրամի  կազմակերպած առցանց քննարկման ընթացքում ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը, ի պատասխան հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները կիսո՞ւմ է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս արած հայտարարությունը ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ, ասել էր.

«Ես չեմ մեկնաբանելու Ռուսաստանի արտգործնախարարին, ասեմ միայն, որ նա վերջերս արել է մի շարք ոչ օգտակար հայտարարություններ, այդ թվում՝ Դոնբասի իրավիճակի վերաբերյալ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո: Ասեմ միայն, որ Միացյալ Նահանգները խորը ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ընթացքն ապահովելու գործում»:

Նշենք նաև, որ նախօրեին տեղի է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տեսակոնֆերանսը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Ալեքսանդր Սկակովն ասաց, որ ներկայումս երեք ժողովուրդներին ձեռնտու կարգավորում գոյություն չունի, քանի որ այդ կարգավորման համար կողմերից պահանջվում են փոխընդունելի և ծանր զիջումներ։

Ըստ նրա՝ սխալ է ասել, որ խնդիրը փուլային և փաթեթային լուծման կամ զիջումների հավասարակշռության հստակեցման մեջ է։

Սկակովի կարծիքով՝ խնդիրը հենց այն է, որ կողմերը չեն ցանկանում որևէ զիջման համաձայնել, դրան պարզապես պատրաստ չեն։

«Այս իրավիճակում քննարկել՝ փուլային կարգավորում թե փաթեթային՝ անիմաստ եմ համարում, երբ կողմերը պատրաստ լինեն այդ զիջումներին, հասարակությունները ևս պատրաստ լինեն դրանց, այս հարցերը կմղվեն երկրորդ պլան, քանի որ գլխավոր հարցերը համաձայնեցված կլինեն, դրանք նաև ձեռնտու կլինեն բոլոր կողմերին։  Կողմերն այդ պարագայում կվստահեն գործընթացին, միմյանց և հակամարտությունը կլուծեն՝ անդրադառնալով բոլոր խնդիրներին հերթականությամբ, քանի որ բոլոր հարցերը միանգամից չեն կարող լուծվել։ Ես չեմ կարծում, որ կարգավորման նոր բանաձև պետք է հորինվի, պարզապես պետք է առկա լինի կամք՝ կարգավորելու հակամարտությունը, իսկ թե ինչ փաթեթով և օրակարգով, դա խնդիր չի լինի»,- ասաց Սկակովը։

Ըստ նրա՝ ռուսական կողմը ոչ մի նորություն չի բացահայտել, բանակցությունների ընթացքում միշտ ինչ-որ հարցեր, առաջարկներ և փաստաթղթեր են քննարկվել։  Ավելին, Սկակովի խոսքով՝ ռուսական կողմը մշտապես շեշտել է, որ դրանք միասնական առաջարկներ են, այսինքն՝ ռուսական կողմը երբեք չի գործել սեպարատ։

«Եթե չեն քննարկվել, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հեշտությամբ դա կարող էին հերքել։ Իսկ ամերիկյան կողմի մեկնաբանությունը ես չէի մեկնաբանի, դրանք ուղղված էին Դոնբասի խնդրին ընդհանուր առմամբ, իսկ Մինսկի խմբի շրջանակում ամերիկյան աշխատանքի մասին հիշատակումը նշանակում է, որ աշխատանք ընթանում է թե կողմերի, և թե համանախագահների միջև։ Կարծում եմ՝ եթե համանախագահների միջև լինեն տարաձայնություններ, դրանք տեսանելի կլինեն, կարտահայտվեն։ Մեզ հայտնի է, որ համանախագահները գործում են կոնսենսուսով։ Եղել են ամերիկյան համանախագահներ, որոնք նախկինում խոսել են ինչ-ինչ առաջարկների մասին և նույնիսկ չեն կարևորել հանգամանքը, թե որ երկիրն  է այն պատրաստել։ Կամփոփեմ՝ միայն նշելով, որ դրական եմ համարում, որ կան կողմերի միջև շփումներ, բայց դիսկուրսը կրկին ոչ թե՝ գլխավոր, այլ՝ երկրորդական հարցերի շուրջ է նշածս գլխավոր պատճառով»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս