Բաժիններ՝

«Կորոնավիրուսի հետևանքներն առաջին հերթին և առավելապես կրել է զբոսաշրջության ոլորտը, որն ամբողջությամբ կանգ է առել». Մեխակ Ապրեսյան

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, բացի հանրային առողջության հետ կապված խնդիրներից, առաջնահերթ են նաև տնտեսական խնդիրները:

«Այս ամենի հետևանքով,  ըստ էության, տնտեսությունն ամբողջ աշխարհում կանգ առավ՝ որոշ ոլորտներում՝ մասամբ, որոշներում՝ հիմնականում: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում Կառավարությունը ձեռնամուխ եղավ միջոցառումներ մշակելու և իրականացնելու՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու համար: Մոտեցումների առումով դրանք ողջունելի են, քանի որ եկամուտներից զրկվելու դեպքում բիզնեսին այսօր առաջին հերթին գումար է հարկավոր: Այս առումով մեր ֆեդերացիայի կողմից տվյալ մոտեցումներն ընդունելի են»,- այսօր խորհրդարանում ԱԺ-ում փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ հանդիպման ժամանակ ասաց Մեխակ Ապրեսյանը:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցում էին մի շարք տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ:

Ըստ Մեխակ Ապրեսյանի, զբոսաշրջության ոլորտն ունի առանձնահատկություններ, ուստի, եթե ցանկանում են, որ Կառավարության ներկայացրած միջոցառումներն այս ոլորտում լինեն նպատակային և հասցեական, անպայման պետք է հաշվի առնեն այդ առանձնահատկությունները:

Հաշվի առնելով այդ ամենը, Տուրիզմի հայկական ֆեդերացան վերլուծել է մի շարք խնդիրներ և, Ապրեսյանի խոսքով՝ Կառավարությանն է  ներկայացրել   բազմաթիվ առաջարկներ:

«Ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետևանքներն առաջին հերթին և առավելապես՝  կրել է զբոսաշրջության ոլորտը, որն ըստ էության ամբողջությամբ կանգ է առել: Ոլորտի տնտեսվարողները 100  տոկոսով զրկված են եկամուտներից, բայց դրան զուգահեռ՝ ունեն հարկային և վարկային պարտավորություններ, ունեն նաև իրենց բիզնեսն ու աշխատատեղերը պահպանելու հրամայական: Հիմա, եթե դիտարկում ենք Կառավարության կողմից եղած միջոցառումները, ապա առաջին միջոցառումը, որը, թվում էր, թե ոլորտի համար կարող էր օգտակար լինել՝ ստացվում է, որ նախատեսված չէ: Մենք բոլորս էլ գիտենք, որ նույնիսկ լավագույն սցենարի դեպքում՝ մեր եկամուտները հիմնականում կվերականգնվեն հաջորդ տարվա ապրիլից: Այս ամռան վերջից կարող են վերականգնվել այցելությունները, բայց դա չի ապահովելու հիմնական եկամուտները: Հետևաբար, եթե մենք օգտվենք այս վարկային միջոցներից, ակնհայտորեն մենք չեն կարողանալու այն մարել, որովհետև չենք կարողանալու ստանալ նման եկամուտ: Այսինքն՝ զբոսաշրջային ոլորտի համար շատ կարևոր է, որ արտոնյալ վարկային միջոցները տրամադրվեն ոչ թե՝ 24, այլ՝ 36  ամսով, առնվազն 12 ամիս արտոնյալ ժամանակահատվածով»,- հավելեց Մ. Ապրեսյանը:

Ինչ վերաբերում է Կառավարության ներկայացրած 3-րդ միջոցառմանը, որը հիմնականում փոքր և միջին ձեռնարկատերերի համար է, որտեղ, ըստ էության, ներկայացված է նաև զբոսաշրջության ոլորտը: Միջոցառումը կրկին նպատակային ու հասցեական չէ, այդպիսին կլիներ, եթե Կառավարությունը հաշվի առներ ոլորտի առանձնահատկությունները:

Ըստ Մեխակ Ապրեսյանի, զբոսաշրջության ոլորտը պետք է ունենար առանձին միջոցառում. «Տարեկան 24-500  մլն շրջանառություն ունեցողները միայն կարող են դիմել աջակցությունից օգտվելու համար, բայց արդյո՞ք մինչև 24 մլն շրջանառություն ունեցողը կարևոր  և նույնիսկ ողնաշարային նշանակություն չունի մեր զբոսաշրջության ոլորտում: Կան խոստումնալից նորաստեղծ ընկերություններ, որոնք չեն հասցրել ունենալ այդքան շրջանառություն, բայց ունեն վարկեր, քանի որ ոլորտը ծաղկում էր ապրում, և բանկերի համար  երանելի վարկառու էր: Վարկ են տվել, մարդիկ ներդրում են արել, ինչը խրախուսվում էր պետական մակարդակով, բայց մեզ համար անցանկալի պատճառներով կանգնել ենք փաստի առջև, ուստի այսօր կարիք ունեն ֆինանսական աջակցության»,- հավելեց Մեխակ Ապրեսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս