«Սա քաղաքական հետապնդման ձև է, ազատ խոսքը լռեցնելու միջոց». Քաղաքագետը և ավագանու նախկին անդամը՝ Հրաչյա Հակոբյանի ներկայացրած դատական հայցի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայացրել քաղաքագետ Գագիկ Համբարյանի, «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանի և «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի դեմ:

Իշխանական պատգամավորն իր հայցով պահանջում է հրապարակային հերքել պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող ու զրպարտող արտահայտությունները և դրանց համար ներողություն խնդրել:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է ՌԴ արտահանած մաքսանենգ ծխախոտի հետ կապված՝ վերը նշված անձանց գրառումներին, քանի որ, ըստ տարբեր հրապարակումների՝ արտահանած մաքսանենգ ծխախոտի հետևում կանգնած է վարչապետի աներորդին՝ Հրաչյա Հակոբյանը:

168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց, որ ծանուցումն արդեն ստացել է՝ այն ստացել է հենց Հրաչյա Հակոբյանից:

«Իշխանական պատգամավորը բոլոր անձանց հայցերը միացրել է մեկ հայցի մեջ և չորս հոգու հայցը միանգամից ուղարկել է ինձ: Լավ կլինի, որ պարոն Հակոբյանը  ճշտի, թե ինչպես պետք է ես հերքեմ մի բան, որի վերաբերյալ տեղեկությունը հղումով տեղադրել եմ իմ ֆեյսբուքյան էջին: Պարոն Հակոբյանը կա՛մ այս ամենը միտումնավոր է անում, կա՛մ չի հասկանում, որ ինքս գրառում անելուց հղում եմ արել լրատվամիջոցներին: Եթե նա խնդիր ունի այն լրատվամիջոցների հետ, որոնք համապատասխան նյութն են հրապարակել, նախ թող առաջինը հերքում պահանջի այդ լրատվամիջոցներից, դրանք երկու տասնակից ավելի կայքեր են: Հիմա իշխանական պատգամավորն այս ամենը թողած՝ փորձում է ինձ մեղադրել, մեղսագրել մի բան, որի հետ որևէ առնչություն չունեմ: Հրաչյա Հակոբյանը գոնե իրավաբանությունից մինիմում գիտելիքներ պետք է ունենա, ի վերջո, նա ԱԺ պատգամավոր է և պետք է հասկանա, որ չի կարելի մեկից պահանջել հերքել մի բան, որի հեղինակն ինքը չէ»,- ասաց քաղաքագետը:

Ըստ նրա՝ մաքսանենգ ծխախոտի հետ կապված տեղեկությունը հարյուրավոր մարդիկ են իրենց էջերում տարածել, հիմա ի՞նչ՝ նա բոլորին պետք է դատի՞ տա:

Գագիկ Համբարյանն այս ամենից եկել է այն եզրակացության, որ սա իր հանդեպ քաղաքական հետապնդման մի ձև է, որով ցանկանում են իրեն լռեցնել, որպեսզի իշխանությունների համար ոչ ցանկալի վերլուծություններ չանի և չհրապարակի:

«Այլ կերպ ես չեմ կարող մեկնաբանել Հրաչյա Հակոբյանի՝ իմ դեմ ներկարացրած հայցը»,- եզրափակեց քաղաքագետը:

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առհասարակ չի ցանկանում մեկնաբանել իր դեմ ներկայացրած հայցը:

Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը նույնպես կարծում է, որ իր դեմ ներկայացրած հայցը քաղաքական հետապնդում է՝ իրեն լռեցնելու համար:

«Այն, որ Հակոբյանն ինձ դատի է տվել, զարմանալի չէ, քանի որ դա իրենց ընտանիքին բնորոշ հատկանիշ է: Իրենք այլ ձևով չեն կարողանում կատարածի տակից դուրս գալ, ուստի դատի են տալիս, որպեսզի ճշմարտությունը բարձրաձայնող մարդկանց լռեցնեն: Սա  իշխանության հերթական հարձակումն է ազատ խոսքի վրա, ինչը վկայում է այն մասին, որ այս մարդիկ ոտնձգություն են ցուցաբերում ճշմարտության նկատմամբ և ամեն կերպ փորձում են լռեցնել իրենց ընդդիմախոսներին:

Արդեն ասել եմ, որ բոլոր այն տեղեկությունները, որոնք կատարում եմ՝ օդում կախված լուրերի համաձայն են: Հիմա, եթե ինձ դատի է տալիս, հետո՞: Իր հայցադիմումի մեջ Հրաչյա Հակոբյանը կոնկրետ իմ խոսքում շեշտադրում է կատարել այն հանգամանքի վրա, որ ես իմ հրապարակման մեջ գրել եմ՝ «Նիկոլի աներձագ»: Այսինքն՝ ես սրանից հասկացել եմ, որ նրա համար «աներձագ» կամ «Նիկոլի աներձագ» արտահայտությունները զրպարտություն է կամ վիրավորանք: Տեսնենք, թե դատարանում նա ինչպես կապացուցի, որ դա վիրավորանք է կամ զրպարտություն»,- ասաց Մ. Խաչատրյանը:

Head of ‘Healthy Community’ NGO Marina Khachatryan gives a press conference in front of the RA Ministry of Health

Ըստ նրա՝  վերջին երկու օրերի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինիայի հեռախոսահամարներից սպառնալիքներով լի հեռախոսազանգեր է ստանում, սակայն չի դիմում ոստիկանությանը: Չդիմելու պատճառ ունի. Նա նշում է, որ այս դեպքից առաջ դիմել է ոստիկանություն և հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, սակայն մինչև օրս որևէ արձագանք չի ստացել:

«Վստահ եմ, որ, եթե իմ փոխարեն դիմեր Հրաչյա Հակոբյանը, ապա ժամերի ընթացքում գործողություններ կիրականացնեին: Հավանաբար նրանց հրահանգված է իմ դեպքում ոչինչ չանել, բայց ոչինչ, մենք մեզ պաշտպանելու բոլոր միջոցները գիտենք: Ինձ դատի են տվել մի բանի համար, որի մասին բոլորն են խոսում:

Վերջերս էլ Վատիկանում ՀՀ նախկին դեսպանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց դրա մասին և ըստ էության ներկայացրեց մեխանիզմը, թե ինչպես է տեղի ունեցել ծխախոտի արտահանումը»,- հավելեց նա՝ վստահեցնելով, որ իրեն «դատի տալով՝ չեն կարող լռեցնել կամ վախեցնել»:

Տեսանյութեր

Լրահոս