«Ժետոնները չեն ախտահանվելու, Մետրոպոլիտենի աշխատակիցներն ուշադիր են լինելու, որ մարդիկ դիմակով և ձեռնոցներով լինեն, շարժասանդուղքով իրար մոտ կանգնած չբարձրանան»
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն վերաբացվելու է մայիսի 18-ին և աշխատելու է իր գրաֆիկի համաձայն՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք վագոնների թիվն ավելանալո՞ւ է, եթե քիչ թվով մարդկանց են թույլ տալու նստել, նա պատասխանեց, որ դեռևս նախատեսված է, որ Մետրոպոլիտենը կաշխատի իր սկզբնական գրաֆիկով, և հստակ չէ՝ վագոնների թիվը կավելանա՞, թե՞ ոչ։
«Նախնական տարբերակով աշխատելու ենք նորմալ գրաֆիկով։ Աշխատակիցներն ուշադիր են լինելու, որ մարդիկ շարժասանդուղքով իրար մոտ կանգնած չբարձրանան։ Հետևելու են, որ մուտք ու ելք ունենալիս բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով լինեն, իսկ շարժասանդուղքի հերթապահը կհետևի, որպեսզի իրար շատ մոտ չկանգնեն»,- մանրամասնեց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակը։
Հարցին՝ ժետոններն ախտահանվելո՞ւ են, Տաթև Խաչատրյանն ասաց, որ չեն ախտահանվում, քանի որ մետրո մուտք գործել հնարավոր է միայն դիմակով և ձեռնոցներով։
«Այդ քանակության ժետոն չենք կարողանա ախտահանել։ Վաճառողներն էլ են դիմակներով, ձեռնոցներով լինելու, պարբերաբար իրենց ձեռքերը, սեղանիկը ախտահանելու են։ Ժետոնների մասով դեռևս ոչինչ չեմ կարող ասել»,- նշեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է ժետոնների փոխարեն քարտերից օգտվելուն՝ Մետրոպոլիտենի մամուլի խոսնակը նկատեց․ «Չեն կարող գնել, տեխնիկական խնդիրների պատճառով քարտերի տպագրությունը կասեցված է, դեռևս չգիտենք, թե երբ կսկսեն նոր քարտեր տպագրելը»։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին ժամը 23։59-ից ուժի մեջ մտնող սահմանափակումների փոփոխությամբ պարետի կողմից սահմանվել են երկաթուղային տրանսպորտում և Մետրոպոլիտենում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման նպատակով անվտանգության կանոնները։
Սպասասրահները և բոլոր վագոնները պարտադիր ապահովվում են բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով:
Սպասասրահներում բացառվում են մարդկանց խիտ կուտակումները:
Վագոններում ապահովվում է ուղևորների հնարավորինս նոսր նստեցում:
Սպասասրահներում նշանակվում են ուղևորների նստեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպում են ուղևորների նստեցումը: Մետրոպոլիտենի դեպքում մեկ երթուղու ընթացքում յուրաքանչյուր վագոնում ուղևորների առավելագույն քանակը չի կարող գերազանցել 70-ը:
Յուրաքանչյուր երթուղու ավարտին ուղևորներին իջեցնելուց հետո իրականացվում է վագոնների օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների (միջքաղաքային ավտոբուսներում՝ նաև ծալովի սեղանիկների, անվտանգության գոտիների ամրակների, անհատական կառավարման վահանակների (լուսավորության, օդափոխության, ուղեկցողին կանչելու և այլն), նստելատեղերի, անհատական տեսամոնիտորների պլաստմասե/մետաղյա/կաշվե և այլ մասերի, սանհանգույցի կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով) շփման կամ ցողման եղանակով:
Օրական առնվազն 3 անգամ իրականացվում է կայարաններում տեղակայված տերմինալների ախտահանում ախտահանիչ միջոցների լուծույթներով:
Յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվում է վագոնների, կայարանների և ընդհանուր օգտագործման տարածքների եզրափակիչ ախտահանում մասնագիտացված կազմակերպությունների միջոցով՝ պայմանագրային հիմունքներով: Եզրափակիչ ախտահանման ժամանակ օգտագործվում են՝ մեկանգամյա պաշտպանիչ զգեստ, մեկանգամյա ձեռնոց, պաշտպանիչ դիմակ, պաշտպանիչ ակնոց կամ դեմքի վահանակ, փակ կոշիկ կամ բախիլներ՝ ցայտելու բարձր ռիսկի ժամանակ կամ կենսաբանական հեղուկներով խիստ աղտոտված մակերեսների ժամանակ, անջրանցիկ պարկեր թափոնների համար:
Մաքրման համար չի օգտագործվում սեղմված օդ և/կամ ջուր ճնշման տակ, ինչպես նաև այլ մեթոդներ, որոնք կարող են առաջացնել վարակիչ նյութի ցայտում կամ տարածում աէրոզոլի տեսքով: Փոշեկուլ օգտագործվում է միայն ճիշտ իրականացված ախտահանումից հետո:
Մաքրման և ախտահանման ավարտից հետո պաշտպանիչ հագուստը, կոշիկը, անհատական պաշտպանության միջոցները, մաքրման պարագաները հավաքվում են մակնշված բաքերի կամ պարկերի մեջ դրանց ախտահանումն իրականացնելու համար: