«Մենք կանգնելու ենք կազուսի առաջ․ մտավախություն ունեմ, որ օրեր անց տրանսպորտը կրկին փակվելու է»․ Թեհմինա Վարդանյան
Պարետատունը որոշում է հրապարակել, թե նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մայիսի 18-ից ինչպես պետք է օգտվել հասարակական տրանսպորտից:
Ուղևորները պետք է պարտադիր կրեն դիմակներ, ձեռնոցներ, երթուղային տաքսիներում կանգնած ուղևորներ չեն կարող լինել, իսկ 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցներում կանգնած ուղևորների միջև պետք է պահպանվի առնվազն 1 մետր հեռավորություն։ Պարետատան հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ տրանսպորտային միջոցները ենթարկվում են խորքային ախտահանման օրական նվազագույնը 2 անգամ, որից մեկը՝ պարտադիր նախաուղերթային հատվածում: Յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար տարածությունների և երկարատև՝ ավելի քան 3 ժամ տևողությամբ երթուղիների ժամանակ՝ նաև ընթացքում) ուղևորներին իջեցնելուց հետո իրականացվում է սրահի օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով):
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ չի ուզում կանխակալ մոտեցում ցուցաբերել կամ նախօրոք փնովել այն աշխատանքը, որը պատրաստվում են տանել քաղաքային իշխանությունները, բայց հիշեցրեց շենքերի, վերելակների, կանգառասրահների և այլ վայրերի ախտահանման աշխատանքները, որոնցից, ըստ նրա՝ գոհ է մնացել քաղաքացիների շատ ցածր տոկոսը․
«Շատ քիչ տոկոս էին կազմել ախտահանման աշխատանքները, որոնք տևեցին մի քանի օր, իսկ դրանից հետո քաղաքի որևէ կետում չի նկատվել որևէ ախտահանիչ միջոցառման իրականացում։ Էլ չեմ խոսում այդ փնթի արված ախտահանման աշխատանքների մասին՝ օճառաջրով շփումներ վերելակում, մուտքերում, երբ քաղաքացիները նույնիսկ զզվում էին բացել դռները կամ ինչ-որ բանի դիպչել։ Եթե այդ նպատակով է արել, որ քաղաքացիները որևէ բանի չդիպչեն, դա այլ հարց է։ Ինչ վերաբերում է տրանսպորտի աշխատանքին, ես հուսով եմ, որ վերջ ի վերջո կսթափվեն, որովհետև խնդիրը շատ լուրջ է, օր օրի դեպքերն ավելի են շատանում, և քաղաքացին գոնե պետք է գիտակցի և զգա, որ ունի իշխանություն, որը հոգ է տանում իր մասին՝ գոնե չնչին տոկոսով։ Ես կասկածներ ունեմ օրը երկու անգամ տրանսպորտն ախտահանելու հետ կապված, կասկածներ ունեմ մյուս աշխատանքները հավուր պատշաճ տանելու հետ կապված։ Ես կարող եմ ինձ թույլ տալ նման կասկածներ ունենալ՝ աչքի առաջ ունենալով իշխանությունների երկու տարվա աշխատաոճը և վատ փորձը»։
Նա նկատեց՝ եթե անգամ սահմանափակումները թույլ են, մարդիկ տանը չեն նստում և ստիպված են փողոց դուրս գալ, եթե նույնիսկ մարդիկ այդքան էլ լուրջ չեն վերաբերվում սահմանափակումներին, պետությունը պարտավոր է լուրջ վերաբերվել և պատշաճ աշխատանքներ իրականացնել․
«Վերահսկողություն առհասարակ գոյություն չունի ո՛չ ոստիկանության, ո՛չ պարետատան կողմից, որովհետև մարդկանց զուտ բռնել և 100 հազար տուգանելը չի նշանակում՝ սաստել։ Ես փողոցով քայլում եմ ու տեսնում եմ, որ ոստիկաններն այդ պահին կանգնեցնում են միայն երիտասարդ կանանց և աղջիկներին, իսկ շատ ու շատ մարդիկ այդ նույն ժամանակ զբոսնելով՝ անցնում են, և դա արդեն հուշում է, որ վերահսկողություն չկա։ Կամ, որ գրված է՝ տաքսիներում վարորդի կողքի նստատեղին չի թույլատրվում նստել․ այս ամենն արդեն զավեշտի է նմանվում։ Սկզբից տեղաշարժման թերթիկն էր պարտադիր, որի նպատակն այդպես էլ չհասկացանք․ ո՞վ է հետամուտ եղել գեթ մեկ թերթիկ ունեցողի տեղաշարժին։ Ես չեմ հասկանում նաև մաքուր օդին դիմակ կրելու անհրաժեշտությունը։ Այլ բան է՝ եթե խմբերով հավաքված լինեն, այդ պահին դիմակ կրեն, այլ բան է՝ հասարակական վայրերից օգտվելիս դիմակ կրել, բայց փողոցում դիմակ կրելն ինձ մոտ թյուրըմբռնում է առաջացնում։ Ես բժշկությունից բավականին տեղյակ մարդ եմ, 7-8 տարի աշխատում եմ այդ ոլորտում, և մաքուր օդին դիմակ կրելն ինձ համար անըմբռնելի է»։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամն ընդգծեց՝ շատ շուտով տրանսպորտի հետ կապված լուրջ խնդրի առջև ենք կանգնելու․ «Այս տարի նաև կառավարության որոշմամբ, որի մասին նախորդ տարիներին բազմիցս խոսել է նաև Հայկ Մարությանը, հիմա չգիտեմ՝ ինչու է լռում, 450 միկրոավտոբուս դուրս է գալու երթուղուց՝ մաշվածության, սպառվածության պատճառով։ Մենք իսկապես կանգնելու ենք կազուսի առաջ, որովհետև Երևանում, եթե չեմ սխալվում՝ գործում է մոտ 900 տրանսպորտային միավոր, որի կեսը չի աշխատելու։ Ես կասկածներ ունեմ, որ հենց այդ պատճառով չէր կիրառվում քաղաքային տրանսպորտը, և մտավախություն ունեմ, որ օրեր անց այն կրկին փակվելու է՝ կորոնավիրուսի սահմանափակումների պատճառաբանությամբ։ Իսկ այն 100 ավտոբուսները, որոնց մրցույթն է հայտարարվել, միանշանակ այս տարի չենք հասցնելու գործածել։ Եթե նույնիսկ կառավարությունը գնա այն քայլին, որ վարկ վերցնի և ավելացնի մեր արտաքին պարտքը, 100 ավտոբուսն այստեղ էական ոչինչ չի փոխելու։ Մեզ նոր տրանսպորտային համակարգ է պետք։
Ես չեմ հասկանում նաև Հայկ Մարությանի անձնապաշտությունը և ամեն ինչ Սովետական Միություն վերադարձնելու մոլուցքը, որովհետև մոլորակն այսօր գնում է մասնավոր-պետություն համագործակցության, մենք գնում ենք ավելի հետ։ Այդ մրցույթի նախագիծը շատ վաղուց պատրաստ է, և կարելի էր ուղղակի հայտարարել մրցույթ՝ թե միջազգային, թե տեղական, բաժանել մի քանի լոտի և այդ կերպ աշխատեցնել քաղաքային տրանսպորտը։ Բայց Մարությանը վախենում է կապալառուներից, որովհետև, երևի, չի կարողանում կառավարել»։