Բաժիններ՝

«Այն մարդիկ, որոնք կունենան բացահայտ ախտանիշներ՝ հարբուխ, հազ, բարձր ջերմություն, չեն սպասարկվելու». փոխնախարար

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում հայտարարեց՝ մայիսի 18-ից կաշխատի հանրային տրանսպորտը, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը, հանրային բաց և փակ վայրերում մայիսի 25-ից պարտադիր կլինի դիմակների կրումը․ կանոնը խախտողները կտուգանվեն ոստիկանության կողմից:

Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այս և այլ որոշումների վերաբերյալ մի քանի մանրամասներ ներկայացրեց:

«Գործունեության դեռ սահմանափակված տեսակները, որոնք հնարավոր է իրականացնել առցանց-հեռավար կամ առաքման միջոցով, կշարունակեն իրենց գործունեությունն այդ ձևաչափով»,- նշեց Վ. Սիմոնյանը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը ներկայացրեց դեռ սահմանափակված մնացող որոշ գործունեության տեսակներ, որոնցից են հյուրանոցային և համանման բնակատեղերի տրամադրման ծառայությունները.

«Բացառություն կլինեն այն հյուրանոցային ծառայությունները, որոնք կիրականացնեն հյուրերի հաշվառման ռեգիստր: Դա վարելու նախապայմանով վերջիններիս գործունեությունը սահմանափակված չի լինի»:

Մայիսի 18-ից թույլատրված գործունեության տեսակների վերաբերյալ էլ բանախոսը հիշեցրեց պարետի որոշմամբ սահմանված հատուկ կանոնների մասին.

«Բացվում են այն հանրային սննդի օբյեկտները, ռեստորանները, բարերը, որոնց գործունեության վերաբերյալ այս շաբաթվա ընթացքում թույլտվություն կար միայն բացօթյա տարածքում իրականացնել:

Այսինքն՝ հանրային սննդի ոլորտում այդ սահմանափակումը՝ միայն բացօթյա տարածքներում գործելու, հանվում է:

Հանվում են հանրային տրանսպորտի գործունեության, մարզասրահների աշխատանքի արգելքները, մշակութային-ստեղծագործական խմբերի գործունեության սահմանափակումները նույնպես հանվում են:

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ այն սահմանափակումները, որոնք հանվում են, միևնույն ժամանակ, դրանց զուգահեռ՝ գործելու են կանոնները, որոնք հստակ, պարզ ներկայացված են պարետի որոշման հավելվածում»:

Որպես օրինակ՝ Վ. Սիմոնյանը նշեց մարզասրահներին առաջադրված պահանջները. «Մարզասրահների վերաբերյալ ունենք հատուկ առանձնացված կանոններ: Թե մարզասրահի պատասխանատուները, տնտեսական գործունեություն իրականացնողներն ինչպիսի պայմաններ պետք է ապահովեն մարզասրահի ախտահանման, աշխատակիցների և այցելուների համար»:

Ապա հավելեց, որ նմանատիպ պահանջներ գործելու են թե՛ հանրային տրանսպորտի, թե՛ հանրային սննդի վայրերում՝ ախտահանում, անհատական պաշտպանիչ դիմակների պարտադիր կրում, հանրային սննդի տարածք մուտք գործելիս՝ ջերմաչափում.

«Այն մարդիկ, որոնք կունենան բացահայտ ախտանիշներ՝ հարբուխ, հազ, բարձր ջերմություն, չեն սպասարկվելու:

Միևնույն ժամանակ՝ վերջիններիս վերաբերյալ տեղեկատվությունն անհրաժեշտ է հաղորդել Առողջապահության նախարարության թեժ գծերին»:

«Բոլոր չարգելված գործունեության տեսակները թույլատրվելու է իրականացնել միայն այն պարագայում, եթե լիովին կատարեն սահմանված միջոցառումները»,- հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալը՝ հորդորելով  քաղաքացիներին և ձեռնարկատերերին՝ խստորեն պահպանել կանոնները:

Ի դեպ, պարետի վերջին որոշումների մասին քաղաքացիները կարող են տեղեկանալ կառավարության կայքէջի՝ «Պարետի որոշումներ» բաժնից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս