Հայտնի է, թե որ ակումբն է պատրաստ պայմանագիր կնքել Լևանդովսկիի հետ, եթե նա լքի «Բարսելոնան»
Sky Sports-ի փոխանցմամբ՝ պորտուգալական «Պորտու» ակումբը հետաքրքրված է «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին ձեռք բերելու հնարավորությամբ։
Ըստ աղբյուրի՝ պորտուգալացիները սպասում են, որ 37-ամյա հարձակվողը հեռանա «Բարսելոնայից», նախքան առաջարկ անելը։ Խաղացողը դեռևս չի հայտարարել իսպանական ակումբից հեռանալու վերջնական որոշման մասին։
Ապրիլին հաղորդվել էր, որ կատալոնական ակումբը Լևանդովսկիին առաջարկել է նոր՝ մեկ տարվա պայմանագիր։ 37-ամյա Լևանդովսկիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ լրանում է հունիսին։
«Պորտուից» բացի, խաղացողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Յուվենթուսը», «Միլանը» և Ամերիկյան բարձրագույն լիգայի (MLS) և Սաուդյան Արաբիայի մի քանի ակումբներ։
Այս մրցաշրջանում Լևանդովսկին ակումբի կազմում անցկացրել է 43 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 18 գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։



