Բաժիններ՝

«Ինչքա՞ն ես անտուն՝ փողոցներում, ապրեմ, եկել եք, նստել եք՝ աշխատեք քաղաքացու համար». Կոնդ թաղամասի նախկին բնակիչ

Պետական գերակա շահ ճանաչված Կոնդ թաղամասի նախկին բնակիչ Ալլա Մանուկյանը երկու տարի պարբերաբար կառավարության շենքի առջև բողոքի ակցիա է իրականացնում՝ հույսով, որ նոր իշխանությունները տարիներ անց լուծում կտան իր խնդրին: Քաղաքացին պնդում է՝ գերակա շահ ճանաչված իր տարածքի փոխարեն՝ փոխհատուցում չի ստացել:

«Տունը քանդել են, բոլորին տներ տվել են, միայն ինձ են անտուն թողել: Երկու անգամ ունեզրկել են ինձ: Դիմել եմ կառավարություն, քաղաքապետարան, Ֆինանսների նախարարություն (չգիտեմ՝ ինչի՝ ինձ էնտեղ էլ էին ուղարկում), Ազգային ժողով՝ ոչ մի հարց չեն լուծում: Անցյալ տարվանից բողոքի ակցիա եմ իրականացնում Գործադիրի շենքի առջև, շատ անգամ եմ դիմել պարոն Փաշինյանին, խնդիրս ներկայացրել եմ, ուղարկել են քաղաքապետարան»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Ա. Մանուկյանը:

Նա նշեց, որ խոստացել են խնդրով զբաղվել, բայց ցայսօր որևէ արձագանք չկա. «Մի անգամ պարոն Ավինյանին տեսա, մոտեցա իրեն, ինքը զանգահարեց, ասեց, որ իր օգնականը՝ Վարագ Սիսեռյանը, կզբաղվի իմ հարցով: Կառավարությունում հանդիպեցի իր հետ, Սիսեռյանն էլ տարավ իր օգնականի մոտ. հարցս լսեցին, ասեցին՝ կզբաղվենք»:

Հերթական անգամ Կառավարություն զանգահարելուց հետո Ալլա Մանուկյանին տեղեկացրել են, որ հարցը կրկին ուղարկվել է քաղաքապետարան.

«Ուրբաթ օրը գնացել եմ քաղաքապետարան, դիմում եմ ներկայացրել, «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ է մոտեցել, խոսել ենք, ասեց՝ երկուշաբթի Ձեզ կպատասխանենք: Երեկ պատասխան չկար, այսօր գնացի քաղաքապետարան, «Իմ քայլի» այդ տղան իջավ ներքև, ասեց, որ՝ նոր Ձեր խնդրով մտել եմ պարոն Մարությանի մոտ, ինքն ասաց՝ դա քաղաքապետարանի խնդիր չէ, կառավարությունը պետք է լուծի: Եկա նորից կառավարության շենքի առջև, նորից զանգում եմ պարոն Սիսեռյանին, ոչ մի պատասխան չկա: Մոտեցել եմ էդ աշխատողներին, ասում եմ՝ տեղեկացրեք՝ պարոն Ավինյանի, պարոն Սիսեռյան հետ հանդիպում եմ պահանջում, ինչքա՞ն ես անտուն՝ փողոցներում, ապրեմ, վերջիվերջո մա՞րդ եք, եկել եք, նստել եք՝ աշխատեք քաղաքացու համար: Պարոն Փաշինյան, դու էիր ասում, որ ժողովրդից գողացածը պետք է վերադարձնեք, ինչի՞ չեք վերադարձնում: Ես իմ հայրական օջախից ո՛չ հրաժարվել եմ, ո՛չ առուծախ եմ արել, ո՛չ էլ ինչ-որ մեկին նվիրել եմ, պետություն, դու ես ինձանից իմ տարածքը խլել»:

Հարցին՝ երբևէ փորձե՞լ եք դատարանով խնդրին լուծում տալ, նա պատասխանեց . «Դե, կաշառակեր դատարան էր, փող էր ուզում, չունեի հնարավորություն՝ տայի, իսկ իմ կարգավիճակում՝ անօթևան մնացած ընտանիքները, եղել են 65 ընտանիք, որից բավարարել են 63-ին: 2008 թ. քաղաքապետարանից կանչեցին, ասեցին՝ Ձեր հարցը լուծված է, գնացեք «ՀայԷկոնոմբանկ», քարտ բաց արեք, գործակալությունից տեղեկանք բերեք, որ տարածքում Ձեզ բնակարան պետք է գնենք, բերեցի-տվեցի, դրանից հետո գնացի քաղաքապետարան, ասեցին՝ ԾԻԳ-ը մերժել է»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ դատարանի վերջին որոշում-մերժումը եղել է 2010 թվականին. «Էդ հասցեում մենակ գրանցում ունեմ մինչև հիմա: Շենք են կառուցում հիմա էնտեղ, նույնիսկ իմ փողոցի անվանումն էլ են փոխել՝ Ռուսթավելի նրբանցքը Պարոնյան են դարձրել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս