Պուտինը չի շփվել միայն Փաշինյանի հետ

Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները բավարարվեցին միայն միմյանց ուղղված շնորհավորական ուղերձներով։

Բնականաբար, սա չի կարող համարվել ռազմավարական գործընկեր երկրների ղեկավարների միջև ամենալավ շփումն այս տոների շրջանակում, հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչ մեծ կարևորություն է այս տոներին տալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչ մեծ շուքով է Մայիսի 9-ը տոնվում Ռուսաստանում՝ երբեմն ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարների մասնակցությամբ, և ինչպես է համակարգվում Մոսկվայից։

Իսկ այս տարի, իհարկե, ՌԴ ղեկավարությունը ստիպված եղավ խախտել ավանդույթը կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ չկազմակերպելով մարդաշատ միջոցառումներ, նույնը հորդորելով անել գործընկեր երկրներին։ Սակայն Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի բացակայությունն այս օրերին ուշագրավ հանգամանք է և լիովին տեղավորվում է այն մթնոլորտում, որը ձևավորվել է հայ-ռուսական հարաբերություններում։

ՀՀ-ում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններից հետո փորձագիտական հանրությունը մեծ ուշադրությամբ հետևում է հայ-ռուսական բարձրաստիճան հարաբերությունների վայրիվերումներին։ Դրանք ժամանակ առ ժամանակ սրվում են որոշ իրադարձությունների ու հայտարարությունների ազդեցության ներքո, ժամանակ առ ժամանակ՝ մեղմվում։

Վերջին շրջանը հայ-ռուսական հարաբերությունների համար այնքան էլ բարենպաստ չէ։ Որոշ փորձագետների կարծիքով՝ այդ փուլը սկսվեց այն ժամանակ, երբ Հայաստանը որոշեց թարմացնել հայ-ռուսական գազային բանակցությունները Ռուսաստանի համար ոչ այնքան հարմար ժամանակ։

Մարտի վերջին հայտնի դարձավ, որ Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանից երկու երկրներ մատակարարվող գազի գնի պայմանները։ Բելառուսի կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ` Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանը նշել են, որ բնական գազի գները գերագնահատված են, ինչն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային չափանիշերին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին: Փաշինյան-Լուկաշենկո ձևաչափով նման քննարկումը ոչ այնքան բարեկամական քայլ որակվեց մի շարք ռուս վերլուծաբանների կողմից։

Զուգահեռաբար տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը։ Նամակում, մասնավորապես, ասվում էր, որ պատեհաժամ է Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումն ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը:

«Գազպրոմի» պատասխանը շատ չուշացավ. ապրիլի 15-ին հայտնի դարձավ ռուսական ընկերության պատասխանը՝ բանակցություններն այդ հարցով պետք է ընթանան կառավարությունների մակարդակով, ինչով «Գազպրոմը», ըստ էության, խնդրի քննարկումը բացառապես տնտեսականից փոխադրեց քաղաքականի։ Իսկ մինչ այդ՝ ապրիլի 6-ին, պարզ դարձավ, որ տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել է ռուսական գազի գինը և հայկական հայտը, որին հաջորդած ուղիղ եթերի ընթացքում ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ ՌԴ նախագահը կմիջամտի այդ հարցին, թեև այդ հարցը նույն եթերի ընթացքում որակեց բացառապես տնտեսական։

Ռուսական կողմի դժգոհությունները որոշակիորեն բացահայտվեցին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի աղմկարահարույց պատասխաններում։ Ապրիլի 21-ին Ա. Գորչակովի անվան հիմնադրամի տեսակապի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արձագանքել էր Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու հնարավորությանը` ի պատասխան՝ հիշատակելով ռուսական ընկերությունների դեմ Հայաստանում սկսված դատական գործընթացները:

«Կարծում եմ, որ դաշնակիցները, իհարկե, պետք է տնտեսական առավելություններ ստանան,- ասել էր Ռուսաստանի արտգործնախարարը` միաժամանակ հավելելով,- Դաշնակցային հարաբերությունները պետք է արտացոլվեն բոլոր ոլորտներում»:

Նա նշել էր, որ տնտեսական դաշտում ռուսական կողմն ակնկալում է, որ դատական գործընթացները, որոնք վերջին տարիներին սկսել են համատեղ ձեռնարկությունների, այդ թվում` Հարավկովկասյան երկաթուղու դեմ, կկարգավորվեն` «առանց փորձելու մեջտեղ բերել ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին»:

«Ես այդ մասին շատ բաց եմ խոսում, քանի որ ռուսական ընկերությունները հայտնվել են որոշ բարդ իրավիճակներում: Հուսով եմ, որ բոլոր այս հարցերը մենք կկարգավորենք փոխադարձ համաձայնությամբ»,- Ա. Գորչակովի անվան հիմնադրամի տեսակապի ժամանակ ասել էր Լավրովը:

Ավելորդ է հիշեցնել նույն այդ միջոցառման շրջանակում Լավրովի մեկնաբանությունները ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակի մասին։

Եվ հայկական կողմը, որը սովորաբար խուսափում է խոստովանել, որ կան խնդիրներ, այս անգամ չկարողացավ հերքել, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան։

Օրերս ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Ռուսաստանի հետ ունենք հարցեր, խնդիրներ, որոնք, որպես դաշնակից երկրներ՝ միմյանց հետ քննարկում ենք:

«Եթե չունենանք խնդիրներ, ուրեմն ինչ-որ խնդիր ավելի խորքային կա: Մենք, համենայն դեպս, մտադրված ենք նույն ոգով աշխատել, ինչպես վերջին երկու տարիների ընթացքում, նույն ծավալով երկկողմ օրակարգում առկա հարցերի շուրջ: Գազի հարցը չափազանց մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, և շարունակելու ենք այն քննարկել ռուսաստանցի գործընկերների հետ»,- ասել էր ՀՀ արտաքին գործերի նախարարը:

Եվ այս ամենի ֆոնին դժվար է չնկատել, որ մայիսյան հաղթանակների կապակցությամբ ՀՀ ղեկավարությունը չունեցավ որևէ հեռախոսազրույց և շփում ՌԴ ղեկավարության հետ, բացի փոխադարձ շնորհավորանք-ուղերձներից։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական կայքն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ վերջին տասնօրյակի ընթացքում ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել իր բոլոր եվրասիական և ԱՊՀ գործընկերների հետ։

Մայիսի 5-ին Պուտինը զրուցել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որը, ըստ մի շարք աղբյուրների, լարված մթնոլորտում է անցել և, ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով պաշտոնական հաղորդագրություններում տեղ չի գտել տեղեկատվություն այն մասին, որ նախագահները շնորհավորել են միմյանց հաղթանակի կապակցությամբ։

Մայիսի 7-ին ՌԴ նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ՝ ուզբեկական կողմի նախաձեռնությամբ, որի ընթացքում նախագահները միմյանց շնորհավորել էին։

Նույն օրը ղազախական կողմի նախաձեռնությամբ նույնաբովանդակ զրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի միջև, ապա մայիսի 8-ին Պուտինը խոսել էր Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, ապա՝ Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ, մայիսի 9-ին նույնպիսի զրույց ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Պուտինի և Ալիևի միջև, ինչպես նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև։ Հարկ է նաև նշել, որ հաղորդագրությունների մեծ մասի դեպքում նշված էր, թե որ կողմն է նախաձեռնել հեռախոսազանգը, և բոլոր զանգերը նախաձեռնել էին գործընկերները։ Ինչպես երևում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական կայքի լրահոսից և դրա բովանդակությունից, միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այս թեմայով որևէ հեռախոսային շփում տեղի չի ունեցել։

Տեսանյութեր

Լրահոս