«Սա ամենավատ բանն էր, որ Փաշինյանը կարող էր անել՝ որպես երկրի ղեկավար»․ Արթուր Համբարձումյան

«2 տարի ֆեյքերը եղել են Նիկոլ Փաշինյանի ամենամեծ ռեսուրսը՝ ընդդիմությանը ճնշելու հարցում։ Դա շատ մեծ ռեսուրս է․ անձամբ ես իմ վրա զգացել եմ, իմ ընտանիքն իր վրա զգացել է։ Դա մեծ ռեսուրս է և մեծ ազդեցություն կարող է թողնել հրապարակային գործունեությամբ զբաղվող մարդու հոգեբանական վիճակի և, առհասարակ, խոսքի վրա, եթե տվյալ գործիչը տուրք տա և թուլություն ցուցաբերի»,- 168am-ի հետ զրույցում ասաց ՇՊՀ դասախոս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր և կուսակցության նախկին անդամ Արթուր Համբարձումյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչների և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչող այն հայտարարություններին, թե իշխանությունները ենթարկվում են «հոգեբանական բռնության»։

Արթուր Համբարձումյանը նկատեց՝ 2 տարուց ավելի է՝ իշխանության ներկայացուցիչները ֆեյքերի միջոցով ամենավերջին հայհոյանքներն ու զրպարտություններն են գրել իրենց ընդդիմախոսների հասցեին։

«Երբ Ալեն Սիմոնյանը հարցազրույց էր տալիս Politik.am կայքին, և Բորիս Մուրազին հարցրեց, թե՝ ինչո՞ւ եք ձեր ընդդիմախոսներին միշտ կապում նախկին ուժերի հետ, Ալեն Սիմոնյանը շատ անկեղծ պատասխան տվեց. ասաց, որ դա արդյունավետ պաշտպանվելու միջոց է։ Եվ այդ հարցազրույցից ընդամենը մի երկու-երեք ամիս հետո Ալեն Սիմոնյանը Հրանտ Դովլաթյան անուն-ազգանունով ֆեյքի միջոցով տարածում է զրպարտություն, որ ինձ՝ Համբարձումյան Արթուրիս, բռնել են Սերժ Սարգսյանի հետ կապերի մեջ և հեռացրել կուսակցությունից։ Մարդն անկեղծանում է և երկու ամիս հետո նույն բանն անում է։ Հիմա այս երևույթն ի՞նչ է։ Եվ երբ իրենց պառլամենտում վիրավորում, ամենավերջին բառերն են ասում, նախ՝ այդ վիրավորանքն ուղղված չէ իրենց մորը, այդ վիրավորանքն ուղղված է կոնկրետ իրենց։ Այս դասերը տղան անցնում է 7-8-րդ դասարանում՝ թաղի մեջ, և ինչպես հիմա երևում է՝ սրանք ոչ միայն բանակ չեն գնացել, այլ թաղ էլ չեն իջել, որ այդ պրիմիտիվ տղայական «այբ»-ն ու «բեն»-ն իմանան։ Հիմա ասում են՝ դուք պետք է գաք ներողություն խնդրեք․ եղբայր, ձեր ծնողներից ներողություն պետք է խնդրի ոչ թե ձեզ հայհոյողը, այլ հենց դուք, որովհետև թույլ եք տվել, որ ձեր ծնողներին հայհոյեն, հասկանո՞ւմ եք»,- ընդգծեց նա։

Արթուր Համբարձումյանն ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը համարում է խայտառակություն․ «Ես տեսա 45 տարեկան սպիտակ մորուք ունեցող, բայց մանկապարտեզի տարիքին մնացած մարդու խոսք։ Սա իր ամենախայտառակ, ամենազազրելի, ամենացածր խոսքն էր։ Սա, առհասարակ, ամենավատ բանն էր, որ ինքը կարող էր անել՝ որպես երկրի ղեկավար։ Երկու տարի առաջ Էդմոն Մարուքյանի համար իրենք իրենց ճղում էին։ Ինձ նաև այդ պատճառով էին ուզում կուսակցությունից հեռացնել։ Արայիկ Հարությունյանն ասում էր՝ բա, մենք պետք է Էդմոնի հետ ճանապարհ անցնենք, Արթուր ջան, դու ո՞նց ես քեզ ու Էդմոնին նույն թիմում պատկերացնում։ Հասկանո՞ւմ եք՝ ինչեր են տեղի ունեցել։

Ես դեմ եմ եղել «Ելք»-ին, հետո առաջացան նաև որոշակի տարաձայնություններ, եղան ներքին խնդիրներ, ընտրական հանձնաժողովի տեղերի հետ կապված խնդիրներ․․․ ես թույլ չեմ տվել, որ դա տեղի ունենա, և դրա համար շատ թանկ եմ վճարել։ Իրենք ոչ թե իրենց թիմակցին գցեցին, այլև անգամ իրենց թիմակցի ճիշտ լինելու պարագայում պաշտպանեցին Էդմոն Մարուքյանին, որը սխալ էր։ Այսինքն՝ կրկնակի ստորություն են արել, և եռակի-քառակի ստորություն է այս վարքագիծը։ Սա ԱԺ չէ, սա ազգային խայտառակություն է, բայց լեգիտիմ ազգային խայտառակություն։ Այս լեգիտիմ խայտառակությանն արժանի են բավականին մեծ թվով մարդիկ»։

 

Տեսանյութեր

Լրահոս