Բաժիններ՝

«Մարդկանց մեջ առաջանում է էքզիստենցիալ՝ գոյաբանական տագնապ՝ ոնց ենք ապրելու ես, իմ ընտանիքը…». Հոգեբանը՝ ինքնամեկուսացման հետևանքների ու դրանք հաղթահարելու մասին

Covid 19-ի սոցիալ-տնտեսական հետևանքներն արդեն ակնհայտ են, բայց աշխարհն ահազանգում է կորոնավիրուսի մեկ այլ՝ հոգեբանական հետևանքի մասին:

«Ինքնամեկուսացման փաստն անպայման մարդու հոգեկան աշխարհի համար ունի իր բացասական ազդեցությունը»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Հոգեբանը պայմանական փուլերի բաժանեց ինքնամեկուսացման շրջանը. «Սկզբնական օրերին մարդիկ նույնիսկ հաճույք էին ստանում տանը մնալուց, որովհետև աշխատանքով ծանրաբեռնված մարդը ցանկություն ունի ավելի երկար տանը մնալ, ավելի երկար շփվել հարազատների հետ, մի քիչ ավելի երկար քնել առավոտյան. առաջին օրերն արձակուրդային երանգներ ունեցան:

Հետո՝ գնալով արդեն անտանելի է դառնում և առաջանում է մի երևույթ (իհարկե, ոչ լիարժեք ձևով, բայց դրան շատ մոտիկ մի երևույթ), որ հոգեբանության մեջ կոչվում է «բանտային սինդրոմ»: Փակ տարածության մեջ եթե մարդիկ երկար են մնում, իրար նկատմամբ դառնում են ագրեսիվ, ավելի գրգռված, սկսում են իրար նյարդերի վրա ազդել, ֆիքսվում են դիմացինի թերի կողմերի, սխալների վրա, և մթնոլորտը սկսում է վատթարանալ»:

Ըստ նրա՝ փակված մնալն անգամ արտացոլվում է կայացած ընտանիքներում՝ ստեղծելով սթրեսոգեն վիճակ:

Կ. Նալչաջյանը մատնանշեց տագնապածին այլ գործոններ ևս.

«Հիվանդանալու վախը մարդու հիմնական վախերից մեկն է. այստեղ թշնամին՝ վիրուսը, անտեսանելի է, ինչը տագնապի զգացում է առաջացնում: Եթե թշնամին տեսանելի է, կարող է առողջ պաշտպանական վախ առաջանալ, իսկ այստեղ անտեսանելի չէ թշնամին և պարուրված է խորհրդավոր այլ բաներով (սա նաև իր մեջ աշխարհաքաղաքական տարր էլ ունի), անորոշությունը շատ է, դրա համար մարդու մեջ բուն է դնում տագնապը:

Սրա կողքին մեկ ուրիշ լուրջ տագնապ կա՝ ինչո՞վ ենք մենք ապրելու: Մարդիկ իրենց խնայողությունները՝ ով ինչքան ուներ, ծախսում է: Շատերն էլ ծախսելու բան չունեն և արդեն նայում են պետության երեսին՝ մարդիկ տեսնում են, որ պետությունն ինչ-որ ջանքեր կարծես թե գործադրում է, բայց միշտ չէ, որ դա տեղ է հասնում (ինքը կարիքավոր է, բայց չի ընդգրկված այս կամ այն ծրագրերում, և թեկուզ ընդգրկվի՝ ասենք թե՝ լավ, պետությունն ինձ օգնեց այս ամիս էլ կոմունալները տալ, իսկ հետո՞, կյանքն այս մի ամսով չի վերջանում, չէ՞:

Մարդկանց մեջ առաջանում է էքզիստենցիալ՝ գոյաբանական տագնապ՝ ոնց ենք ապրելու ես, իմ ընտանիքը»:

Մեր զրուցակիցը տագնապի աղբյուր համարեց նաև վարակակիրների ու մահերի թվի աճի մասին հաղորդումները:

Հարցին, թե ինչպե՞ս կարող են հաղթահարել այդ տագնապները, հոգեբանը պատասխանեց. «Ամենակարևորը՝ պետք է հիշել, որ սա ժամանակավոր է:

Մարդկային հարաբերությունները շատ ավելի թանկ են, և հանուն դրա կարելի է մի քիչ զուսպ լինել, երեխաների նկատմամբ շատ պահանջկոտ չլինել, երեխաներն էլ, ըստ էության, փակված են ու զրկված շփումներից:

Ուղղակի պետք է մտածել, որ սա ժամանակավոր է, մերձավորը սիրելի է, և հանուն ոչնչի չարժի նրա հետ հարաբերությունները փչացնել: Սա ինչ-որ չափով կարող է զսպող հանգամանք լինել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս