Բաժիններ՝

Արցախում կսկսեն աջակցություն տրամադրել մայիսի կեսից. ԱՀ պարետ

«Արցախը 2020-ի առաջին եռամսյակում ՀՆԱ նվազում չի գրանցել». ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ այն կազմել է 7.9 տոկոս: Չնայած գրանցված ցուցանիշին, պարետը չի ժխտում, որ արտաքին տնտեսական ազդեցություններից խուսափել չի ստացվի:

«Ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամ է կանխատեսվում, բնական է, որ Արցախը չի կարող խուսափել արտաքին ազդեցություններից: Որոշ ազդակներ արդեն գրանցում ենք: 300-ից ավելի տնտեսվարողներ կասեցրել են իրենց գործունեությունը, շուրջ 400-ի չափով ունենք աշխատատեղերի կրճատում կամ ժամանակավոր դադարեցման դեպքեր: Սա ազդել է նաև մեր արտաքին առևտրի վրա, գրանցվել է արտահանման և ներմուծման նվազում: Այդ բոլոր հանգամանքները խոսում են այն մասին, որ չենք կարող բացառել տնտեսական աճի զսպումը կամ անկումն այս տարվա ընթացքում: Կոնկրետ թվերով դեռ խոսել չենք կարող, քանի որ հայտնի չեն ճգնաժամի տևողությունը և խորությունը»,- ասաց Մարտիրոսյանը:

Պարետը հույս է հայտնում, որ այն ոլորտների շնորհիվ, որոնք մեծամասամբ կապված չեն արտաքին ազդեցությունների հետ, հնարավոր կլինի խուսափել խոր ճգնաժամից:

«Գյուղատնտեսությունը, քաղաքաշինությունը հնարավորություն կտան մեր տնտեսությանն ամբողջությամբ չընկնել խոր ճգնաժամի մեջ: Այս ոլորտների հաշվին կփորձենք ունենալ ՀՆԱ-ի կամ ազգային եկամտի որոշակի փոխհատուցում»,- հույս հայտնեց Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է Կառավարության աջակցության ծրագրերին՝ ԱՀ պարետը նշեց, որ գործունեության որևէ տեսակ չի սահմանափակվել պարետատան կամ Կառավարության որոշմամբ:

«Ունենք ակտիվության նվազում կամ անկում առանձին ոլորտներում, դրանց ուղղված աջակցության ծրագրեր իրականացվում են՝ 6 գյուղատնտեսության և 4 սոցիալական ոլորտի աջակցության ծրագրեր ունենք: Այս պահին մեր օրակարգում է տնտեսական հետևանքների չեզոքացման երկու ծրագիր, որոնք ուղղված կլինեն հետևյալ գործունեության տեսակներին՝ հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային ծառայություններ, վարսավիրանոցներ և գեղեցկության սրահներ, մանրածախ առևտրի ծառայություններ՝ առևտրի կենտրոններում կամ առևտրի իրականացման վայրում առուվաճառքի գործունեություն, ուղևորափոխադրման գործունեություն, մասնավոր մանկապարտեզների, ստեղծագործական և զարգացման կենտրոնների գործունեություն, սպորտի բնագավառում, զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություններ: Աջակցություն կտրամադրվի աշխատավարձի ֆոնդի 1/5-ի չափով, եկամտահարկի չափին հավասար միանվագ դրամաշնորհ»,- ասաց ԱՀ պարետ Մարտիրոսյանը։

Առանձին աջակցություն կստանան հատկապես տուժած հյուրանոցային, զբոսաշրջության և տրանսպորտի ոլորտները: Աջակցությունները կսկսեն տրամադրել մայիսի 2-րդ կեսից:

«Պետբյուջեից վարակի դեմ աշխատանքների, ախտահանման, բժշկական պարագաների ձեռքբերման համար, ինչպես նաև նախահաստատված կամ հաստատվող միջոցառումների համար պահուստային ֆոնդից տրամադրվելու է 1-1.5 մլրդ դրամ: Ամեն ինչ կախված է հետագա ընթացքից»,- ասաց Մարտիրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս