Բաժիններ՝

«Ռիսկի խմբում է 6 քաղաքացուց միայն մեկը». Արցախի պարետ

«Արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել». Արցախում արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու որոշումն այսպես հիմնավորեց ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Արտակարգ դրությունը հայկական երկրորդ հանրապետությունում կտևի մինչև հունիսի 11-ը ժամը 22:00-ն: Այս ընթացքում կպահպանվեն նաև մուտքի և ելքի սահմանափակումները: Մարտիրոսյանի խոսքով՝ հակահամաճարակային միջոցառումներն արդյունավետ են, հետևաբար՝ արդարացված է նաև արտակարգ դրությունը երկարաձգելու որոշումը:

«Ունենք արձանագրված 14 դեպք, 8 առողջացած, բուժվող անձանց թիվն այս պահին 6 է: Մեր բոլոր օջախները՝ Քաշաթաղի շրջանի, Քարվաճառ քաղաքի, Մարտակերտի, Ստեփանակերտի, կարող ենք համարել մարված: Այժմ առկա 6 դեպքը մեկ օջախից են, Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն և Նոր Բրաջուր համայնքներից: Չորս հոգին Նոր Վերինշենից են, մի ընտանիքի անդամներ են, ևս երկու՝ հոգի Նոր Բրաջրից՝ տարբեր ընտանիքներից»,- ասաց Մարտիրոսյանը:

ԱՀ պարետի խոսքով՝ այդ երկու համայնքներում ելքն ու մուտքը 14 օրով սահմանափակվել է, եթե նոր դեպքեր չգրանցվեն, սահմանափակումը կվերացվի: Այս երկու շաբաթվա ընթացքում Կառավարությունն առաջին անհրաժեշտության ապրանքներով կապահովի համայնքներին: Կոնտակտավորների շրջանակը շարունակում են ճշտել: Ըստ պաշտոնական տվյալների՝ 14 հաստատված դեպքի պարագայում Արցախում կա 15 մեկուսացված: 168.am-ի հարցին, թե արդյոք այսքա՞նն է նրանց շփման շրջանակը, Մարտիրոսյանը պատասխանեց.

«Այդքան չէ կոնտակտավորների թիվը: Մեր հայտարարած թիվը վերաբերում է միայն հյուրանոցներում կամ բուժհաստատություններում մեկուսացվածներին, կան նաև ինքնամեկուսացվածներ: Նրանք ևս շփման շրջանակներից են: Քանի որ անձանց շրջանակը կարող է բավականին լայն լինել, միայն մեկուսացումը չէ, որ կիրառում ենք: Եթե հնարավոր է լինում սահմանափակել ամբողջ համայնքը, սա կարող է ավելի արդյունավետ լինել: Խոսքն այժմ 6 վարակակրի շփման շրջանակների հայտնաբերման մասին է»:

Մարտիրոսյանի խոսքով՝ այս ընթացքում թեստավորվել է 360 անձ, մի քանի տասնյակ նմուշառում էլ այսօր են արել, վաղը կունենան թեստերի պատասխանները: ԱՀ պարետի պնդմամբ՝ հիվանդների մեծամասնության մոտ բարդություններ չեն առաջացել:

«Այս պահին բուժվողներից 5-ը Շուշիի բուժհաստատությունում են, մեկը՝ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում: Ռիսկի խմբում է քաղաքացիներից միայն մեկը, որը բարձր տարիքային խմբում է, ունի ուղեկցող հիվանդություն, մյուսներն ավելի երիտասարդ են: Բոլորի առողջական վիճակը լավ է, այս պահի դրությամբ անհանգստանալու առիթ չկա: Բուժված 8-ից միայն երկուսի մոտ է կորոնավիրուսն արտահայտված եղել, մյուսներն ասիմպտոմ դեպքեր են եղել: Մեկուսացման պայմաններում գտնվել են հսկողության տակ, հետո թեստը բացասական է եղել, արձանագրվել է առողջացում»,- ասաց Մարտիրոսյանը:

Կրկնակի հիվանդացության դեպքեր Արցախը չունի: ԱՀ պարետի խոսքով՝ արդեն հիվանդացած և բուժվածները շարունակում են մնալ հսկողության տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս