Բաժիններ՝

Շուշիի ազատագրումը թույլ է տվել Արցախի բնակչությանը փրկել անխուսափելի ֆիզիկական ոչնչացումից. ԱԳՆ մեկնաբանություն

Շուշիի ազատագրումը թույլ է տվել Արցախի բնակչությանը փրկել անխուսափելի ֆիզիկական ոչնչացումից:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի, Շուշիի ազատագրման 28-ամյակի և Բանակի օրվա կապակցությամբ:

«Մայիսի 9-ը ամենանշանակալից ամսաթվերից մեկն է արցախցիների համար: Այսօր մենք անսահման երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր, Հայրենական մեծ պատերազմի տարիներին անցնելով անմարդկային փորձությունների միջով, անմահ սխրանք են գործել ֆաշիզմի դեմ պայքարում` հանուն խաղաղության և ապագա սերունդների ազատության: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Արցախի բնակչության մեկ երրորդը զորակոչվել է բանակ կամ ինքնակամ մեկնել ռազմաճակատ: Նրանց կեսն այդպես էլ չի վերադարձել: Մենք անհատուցելի պարտք ունենք բոլոր նրանց առջև, ովքեր իրենց զոհաբերելով, ավելի են մոտեցրել հաղթանակն ու բաղձալի խաղաղությունը: Նրանց սխրանքն ու անձնուրաց ջանքերը, քաջությունն ու տոկունությունը մեզ համար հայրենիքին ծառայելու լավագույն օրինակ են։

Տասնամյակներ անց Արցախի ժողովուրդը կրկին ստիպված եղավ անցնել դժվարագույն փորձությունների միջով՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված տոտալ բնաջնջողական պատերազմի ընթացքում: Արցախի ժողովրդի ինքնակազմակերպման շնորհիվ, որը ստեղծեց կենսունակ պետություն՝ բոլոր անհրաժեշտ ինստիտուտներով՝ ներառյալ մարտունակ բանակը, ինչպես նաև ողջ աշխարհի հայերի աջակցությամբ հնարավոր եղավ ետ մղել Ադրբեջանի զինված ագրեսիան: 1992 թ. մայիսի 9-ը ևս մեկ փառահեղ էջ դարձավ Արցախի պատմության մեջ: Այդ օրը Շուշին ազատագրվեց ադրբեջանական զինված կազմավորումներից: Հայկական մշակույթի կենտրոններից մեկը հանդիսացող քաղաքն Ադրբեջանը վերածել էր ռազմական հենադաշտի, իսկ քաղաքի եկեղեցիները՝ զինամթերքի պահեստների:

Շուշիից և ադրբեջանական այլ կրակակետերից մշտական հրետակոծությունները հանգեցնում էին բազմաթիվ զոհերի հայ խաղաղ բնակչության շրջանում: Հատկապես ծանր պայմաններում էր հայտնվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, որտեղ մինչ այդ կենտրոնացած էր մինչև 70 հազար մարդ: Ինտենսիվ գնդակոծության արդյունքում ոչնչացվել էին բնակչության կենսագործունեության օբյեկտները: Շրջափակման մեջ գտնվող Արցախի քաղաքացիներին, ովքեր բազմաթիվ ամիսներ շարունակ պաշարման մեջ էին գտնվում, ամսական տրվում էր ընդամենը մինչև 400 գրամ ալյուր: 1991-1992 թթ. խստաշունչ ձմռանը Ստեփանակերտի բնակիչները ստիպված էին թաքնվել նկուղներում՝ առանց էլեկտրականության, ջրի, ջեռուցման և նվազագույն կենսապայմանների։ Նորածինների և տարեցների շրջանում գրանցվել են ցրտահարության և հիպոթերմիայից ու սովից մահվան բազմաթիվ դեպքեր։

Շուշիի ազատագրումը ոչ միայն կարևոր հոգեբանական նշանակություն է ունեցել, այլ նաև՝ ռազմական և ռազմավարական, քանի որ թույլ է տվել դադարեցնել Ստեփանակերտի մշտական հրետակոծությունները, կանխել վերահաս մարդասիրական աղետը և Արցախի բնակչությանը փրկել անխուսափելի ֆիզիկական ոչնչացումից: Շուշիի ազատագրմանը հաջորդել է Արցախը Հայաստանին կապող «Կյանքի ճանապարհի» բացումը: Այսօր մենք խոնարհվում ենք նահատակված մարտիկների լուսավոր հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքի գնով կատարել են այս սխրանքը և, առանց որևէ չափազանցության, փոխել պատմության ընթացքը:

Խորապես խորհրդանշական է, որ Շուշիի ազատագրման օրը նշվում է արցախցիների անվտանգության և խաղաղ զարգացման գրավականը հանդիսացող Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա հետ մեկտեղ: Մարտունակ բանակի ստեղծումը Արցախի անկախ պետականության կերտման գործընթացում ամենալուրջ նվաճումն է։ Պատերազմի թեժ շրջանում ստեղծված պաշտպանության բանակի շնորհիվ հնարավոր դարձավ պաշտպանել Արցախի ժողովրդի կյանքի, ազատության և արժանապատվության իրավունքը:

Շուշիի ազատագրումը դարձել է դարակազմիկ իրադարձություն, որը օրինական հպարտության զգացում է առաջացնում ողջ հայ ժողովրդի մոտ. այն որպես հիշեցում և նախազգուշացում է ծառայում նրանց համար, ովքեր սպառնում են նոր պատերազմ սկսել՝ նպատակ ունենալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծել ուժային ճանապարհով:

Շուշիի ազատագրումը նաև նախադրյալներ է ստեղծել Արցախի պատմական մայրաքաղաքի հարուստ մշակութային ժառանգության վերածննդի գործընթացը սկսելու համար, որը ադրբեջանական իշխանությունները հետևողականերոն ոչնչացրել են 1920 թվականից ի վեր` փորձելով մեկընդմիշտ ջնջել քաղաքի հայկական ծագման հետքերը»,- ասված է մեկնաբանության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս