Բաժիններ՝

ՊԲ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում հերթական խորտակիչ հարվածը հասցնել հակառակորդին. ՊԲ հրամանատար

Արցախի պաշտպանության բանակը, այսօր էլ շարունակաբար կատարելագործվելով, արդիականացնելով իր զինանոցը, ամրապնդելով մարտական հմտություններ, հուսալիորեն պաշտպանում է երկրի սահմանները` պատրաստ անհրաժեշտության դեպքում հերթական խորտակիչ հարվածը հասցնել հակառակորդին: Այս մասին ասված է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղերձում՝ Մեծ Հայրենականում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և ՊԲ օրվա կապակցությամբ

«Մայիսի 9-ը առանձնահատուկ տեղ է գրավում մեր պետական տոնացույցում: Մեծ հաղթանակի, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի օրը խորհրդանշում է պատմական առումով բեկումնային իրադարձություններ և հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջը համախմբված սերունդների ամուր միասնություն: 75 տարի առաջ ֆաշիստական Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիան նաև հայ զինվորի, հայի ռազմական տաղանդի, հայկական զենքի հաղթանակն էր: Պատերազմի առաջին իսկ րոպեներից խիզախորեն պայքարելով նախահարձակ գերմանական զորքերի դեմ` խորհրդային բանակի հայազգի մարտիկներն ու զորավարները Բրեստի ամրոցում և Ստալինգրադում, Օդերի ափերին և Ռայխսթագի մատույցներում պաշտպանում էին նաև իրենց փոքրիկ հայրենիքը` Հայաստանը: Իր ծավալներով աննախադեպ այդ պատերազմի ընթացքում հայ մարտիկներն աչքի են ընկել անօրինակ հերոսություններով, հայազգի զորավարները մշակել և իրականացրել են փառահեղ ռազմագործողություններ, իսկ հայ գիտական միտքը խորհրդային բանակին տվել է նոր և հզոր զինատեսակներ»,-ասել է Հարությունյանը:

Նա նկատել է՝ Մեծ հայրենականին մասնակցած հայրերի ու պապերի օրինակով դաստիարակված սերունդը նրանց դասերի կենսունակությունը կարողացավ ապացուցել արցախյան ազատամարտի ժամանակ: Ստիպված լինելով զենք վերցնել այնպիսի պայմաններում, երբ Մայր Հայաստանի հետ վերամիավորվել ցանկացող Արցախի գլխին կախվել էր ֆիզիկական բնաջնջման միանգամայն իրական վտանգը, այդ սերունդը կարճ ժամանակահատվածում մարտական գործողություններին զուգընթաց կազմավորեց հզոր, մարտունակ բանակ` հայկական զենքը փառավորելով նոր հաղթանակներով: Հարությունյանն այդ հաղթանակների վառ խորհրդանիշն է համարում Շուշիի ազատագրման ռազմագործողությունը, որով խորտակիչ հարված հասցվեց ադրբեջանական բանակի մարտական ոգուն ու բարոյական որակներին և դարձավ հետագա բոլոր հաղթանակների անկյունաքարը:

«Հրադադարի հաստատումից հետո Պաշտպանության բանակը շարունակեց զարգանալ ու կատարելագործվել, համալրվել նոր զինատեսակներով` առանց օտար ուժերի ներգրավման դառնալով տարածաշրջանային խաղաղության գլխավոր երաշխավորը: Պարտություն կրելով իր իսկ սանձազերծած պատերազմում` Ադրբեջանը ամենևին էլ չհրաժարվեց ցեղասպան ծրագրերից: Հայրենյաց պաշտպանների երիտասարդ սերունդը, 2016 թվականի ապրիլին կասեցնելով Ադրբեջանի ագրեսիան ու ջախջախելով նրա նախահարձակ ուժերն, ապացուցեց, որ Մեծ հայրենականում և արցախյան ազատամարտում հաղթող քաջերի արժանավոր հետնորդն է: Ցավոք պատերազմում անխուսափելի են զոհերը: Բազմաթիվ հայորդիներ հայրենիքի ազատությանը նվիրաբերեցին ամենից թանկը` կյանքը: Փառք և պատիվ Մեծ հայրենականում և արցախյան ազատամարտում մարտիրոսված բոլոր քաջորդիներին: Հավերժ փառք Արցախի սահմանները պաշտպանելիս նահատակված ՊԲ բոլոր զինծառայողներին: Այսօր էլ պաշտպանության բանակը, շարունակաբար կատարելագործվելով, արդիականացնելով իր զինանոցը, ամրապնդելով մարտական հմտություններ, հուսալիորեն պաշտպանում է մեր երկրի սահմանները` պատրաստ անհրաժեշտության դեպքում հերթական խորտակիչ հարվածը հասցնել հակառակորդին»,-ասել է ՊԲ հրամանատարը:

Նա ՊԲ հրամկազմի և անձամբ իր անունից շնորհավորել է Եռատոնը՝ մաղթելով հաջողություններ թե՛ անձնական կյանքում, թե՛ ծառայողական ու աշխատանքային գործունեության մեջ: «Վստահ եմ, որ մեր զավակներն ապրելու են զարգացած, հզոր ու խաղաղ երկրում»,-նշել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս