«Շատ դժվար է պատկերացնել՝ էդ թղթի կտորի վրա ինչ պիտի գրի դատավորը». Լևոն Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կարծիքով՝ այսօր Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար նախկին վարչապետների  ներկայացրած անձնական երաշխավորության  միջնորդությունը վկայում է, որ մարդիկ աստիճանաբար  հասկանում են, թե ինչքան աբսուրդային է ընդհանրապես մեղադրանքը, իսկ դրանից ավելի անհեթեթ է ընտրված խափանման միջոց կալանքը:

«Ու նայում ենք, էսօր ինչ օր ա, Շուշիի ազատագրման օրն ա, մարդիկ 28 տարի առաջ ինչով էին զբաղված, ինչեր են արել, ինչ կենսագրություն ունեն, ու ականատես ենք լինում մի բանի, որ դատարանում ինչ-որ երկու հատ երիտասարդ դատախազ կանգնեն, ասեն՝ «Էս մարդը կարող ա փախնի»: Հասկանո՞ւմ եք՝ դա ինչ անհեթեթ ա, դա պարզապես չլսված անմարդկային, սեփական պատմությունը չհարգող, չիմացող մարդկանց քայլ է՝ ի դեմս երկրի ղեկավարության»,- ասաց Լևոն Քոչարյանը:

Անդրադառնալով դատարանից սպասելիքներին՝ ասաց, թե նախկինում տեղի ունեցած իրադարձությունները դիտարկելիս՝ դժվար է սպասելիքների մասին խոսել:

«Շատ դժվար է պատկերացնել՝ էդ թղթի կտորի վրա ինչ պիտի գրի դատավորը, որովհետև կարծես էլ բան չի մնացել, որից իրանք կառչեն, կախվեն, բայց տեսնենք, մի բան կանեն երևի»,- նշեց Լևոն Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանի որդին լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ նորից  հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե Սերժ Սարգսյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին: Նրա խոսքով՝ անգամ իր եղբայրը   չի կարողանում այցելել հորը, ու այդ դեպքում չի պատկերացնում, թե այլ մարդիկ ինչպես կարող էին այցելել Ռոբերտ Քոչարյանին:

Անդրադառնալով հոր առողջական վիճակին՝ Լ.Քոչարյանն ասաց, որ ամիսներ առաջ հայրը վիրահատություն է ունեցել, հետվիրահատական ստուգման կարիք է եղել, որից հետո բժիշկները որոշել են, որ պետք է տեղափոխվի և ստացիոնար բուժում ստանա: Լևոն Քոչարյանն էլ՝ որպես խնամակալ, կարողանում է այցելել Ռոբերտ Քոչարյանին ամեն օր:

Հիշեցնենք, որ այս պահին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթ վարչական շրջանի դատարանում քննվում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ կամ գրավով փոխարինելու միջնորդությունները:

 

Տեսանյութեր

Լրահոս